ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարություն

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզերի Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է․

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․

Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին», խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը քրեորեն պատժելի արարք է։ Պետական սահմանի փոփոխություն կարող է իրականացվել միայն հանրաքվեով։


Պատասխան - Հանձնաժողովների միջև ստորագրված Արձանագրությամբ և իրականացվող գործընթացով որևէ պարագայում խոսք անգամ չի կարող գնալ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մաս այլ պետությանը հանձնելու մասին: Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով իրականացնելու պարտադիր պահանջի վերաբերյալ կարող ենք նշել, որ այո՝ Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Կարևոր է, սակայն, ընդգծել, որ ՀՀ դե յուրե տարածքը ձևավորվել է ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով և Մինսկի համաձայնագրի ամրագրված սկզբունքների հիման վրա: Իրականացվող գործընթացը ոչ թե տարածքի փոփոխության, այլ պետական սահմանի վերարտադրությանը և տեղորոշմանն է առնչվում, իսկ «Պետական սահմանի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով, որտեղ խոսք չկա Պետական սահմանը հանրաքվեի միջոցով որոշելու մասին և տվյալ դեպքում որպես ՀՀ պետական սահմանի որոշման հիմք հանդիսացող միջազգային պայմանագրեր են հանդիսանում 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրը և Մինսկի համաձայնագիրը։ Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա և այդ քարտեզների համաձայն Խորհդային Հայաստանին, և հետևաբար, Հայաստանի Հանրապետությանը պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։

Թեզ 2. Այն 4 գյուղերը, որի տարածքում իրականացվում է սահմանազատում, պատկանում են ՀՀ-ին, քանի դեռ սահմանազատման գործընթացում հակառակը չի ապացուցվել։

Պատասխան - ԽՍՀՄ գոյության ժամանակահատվածում առկա իրավական ուժ ունեցող քարտեզներով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում հանձնաժողովների համաձայնեցրած քարտեզներով քննարկվող 4 գյուղերը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին։ Բացի այդ, ՀՀ տարածքում առկա վարչատարածքային միավորների՝ մարզերի ու համայնքների, այդ թվում՝ ՀՀ Տավուշի մարզում ընդգրված համայնքների տարածքները և բնակավայրերի ցանկը սահմանված են 07.11.1995թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որտեղ խնդրո առարկա 4 գյուղերը ներառված չեն:

Հետևաբար նշված գյուղերի՝ ՀՀ-ին պատկանելության իրավական հիմքերի առկայության մասին խոսք լինել չի կարող։

Թեզ 3. Խախտվում են «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, Տարածքի փոփոխության վերաբերյալ համաձայնության հնարավոր է հասնել միայն միջազգային պայմանագրերի միջոցով, ՀՀ պետական սահմանը սահմանազատվում է առանց համապատասխան միջազգային պայմանագրի կնքման և ԱԺ կողմից վավերացման, իսկ Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը իրավունք չունի ՀՀ սահմանի փոփոխության հարց որոշել

Պատասխան - ՀՀ տարածքի կամ սահմանի փոփոխության գործընթաց չի իրականացվում: Ներկայումս իրականցվող գործընթացը պետական սահմանի վերարտադրության և տեղորոշման գործընթաց է արդեն իսկ ընդունված համապատասխան միջազգային պայմանագրերի՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի և Մինսկի համաձայնագրի և դրանցով որոշված ու միջազգայնորեն ճանաչված ՀՀ պետական սահմանի հիման վրա։

Հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի համաձայնեցմանը, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելուն՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանային անվտանգության հարցերով զբաղվելու մանդատը:

Հարկ է նկատել նաև, որ Հանձնաժողովների հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրությամբ մատնանշված է, որ 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Իսկ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը հաստատող փաստաթուղթ պետք է արդեն հանդիսանա Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող Պետական սահմանի մասին միջազգային պայմանագիրը, որը վավերացման ենթակա կլինի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Հետևաբար իրականացվող գործընթացը ամբողջությամբ իրավաչափ է և ներկայումս առկա չէ միջազգային պայմանագրի կնքման և վավերացման պարտադիր պահանջ:

Թեզ 4. Առանց քարտեզի վրա սահմանազատում իրականացնելու, ներկայումս իրականացվում է դեմարկացիա տեղանքում՝ սահմանային սյուներ տեղադրելու միջոցով, ինչը Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության խախտում է

Պատասխան - Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից, որը ձևավորվել է հենց նկարագրության նախագծի կազմման նպատակով, և այն հատվածներում, որտեղ տեղադրվում են սյուներ, առկա չէ որևէ տարաձայնություն երկու երկրների աշխատանքային խմբերի միջև: Տեղադրվող սյուները ծառայելու են որպես կողմնորոշիչ՝ Արձանագրություն-նկարագրությունը կազմելու և հանձնաժողովների հաստատմանը առաջիկայում ներկայացնելու համար: Սյուների տեղադրման գործընթացը որևէ կերպ չի հակադրվում հետագայում՝ միչև մայիսի 15-ը Արձանագրություն-նկարագրությունը հանձնաժողովների կողմից հաստատելուն:

Թեզ 5. Սահմանազատման ՀՀ հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, նրա գործունեության վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ և հանձնաժողովն իրավունք չունի որևէ որոշում կայացնելու

Պատասխան - Հարկ է նկատել, որ ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը ձևավորվել է ՀՀ Վարչապետի 23.05.2022թ. N 570-Ա որոշմամբ, իսկ հետագայում՝ արդեն Կառավարության 14.12.2023թ. թիվ 2154-Ա որոշմամբ հաստատվել է երկու երկրների հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Միաժամանակ, համաձայն հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ սահմանազատման գործընթացում իրենք առաջնորդվելու են Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով և սահմանագծի առանձին հատվածների համաձայնեցումը ենթադրելու է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցմանն ուղղված գործընթաց, այսինքն՝ հանձնաժողովների գործունեությունը հիմնված է արդեն իսկ երկու երկրների կողմից ընդունված և պատշաճ ներպետական ընթացակարգեր անցած միջազգային պայմանագրերի վրա:

Նշված երկու որոշումների բովանդակությունից և անգամ ՀՀ հանձնաժողովի անվանումից ուղղակիորեն բխում է՝ հանձնաժողովի՝ ՀՀ Կառավարության և Վարչապետի կողմից ստացած մանդատը երկու երկրների պետական սահմանի սահմանազատման և ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու և այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու: Ընդ որում՝ աշխատակարգի 2.1-ին և 2.2-րդ կետերի համաձայն՝ նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներով կազմվում է գրավոր արձանագրություն, որը ստորագրվում է երկու Հանձնաժողովների նախագահների կողմից:

Վերոհիշյալ աշխատակարգով սահմանված կարգի պահպանմամբ Հանձնաժողովների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև մայիսի 15-ը սահմանագծի որոշակի հատվածի նախնական համաձայնեցման, ինչպես նաև այդ տարածքում սահմանապահ զորքերի միաժամանակյա տեղակայման նպատակով Կառավարությանը դիմելու վերաբերյալ:

Փորձագետներին և գործընթացով հետաքրքրված այլ անձանց հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորեցնող և կեղծ տեղեկություններ տարածելուց»:

դիտվել է 373 անգամ
Լրահոս
Շատ վատ վիճակ է Տավուշում․ Նարինե Կիրակոսյան Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս. Արման Թաթոյան Թող Փաշինյանն էլ գա այստեղ, մեզ հետ մեռնի․ կիրանցեցին՝ ԱԱԾ-ականին (video) Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Երեկ Օպերայում քննարկման ժամանակ Փաշինյանը մի խայտառակ մտքի թռիչք է ունեցել․ հոգեբան (video) Դու՛րս եկեք, անտարբեր մի՛ եղեք․ սրանցից պիտի փրկենք մեր երկիրը․ քաղաքացիները՝ կառավարության մոտ (video) Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, դե թող փորձվի՝ ինձ այդպիսի բան առաջարկել (video) Արա՛, հանգստացի ասում եմ․ Կիրանցում լարված զրույց գնդապետ Մախսուդյանի ու մյուսների միջև (video) Ռուբեն Բաբայանը թշնամուն ծառայող «թրքահոտ է»․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց վիրավորել լրագրող Անի Գևորգյանին (video) Լարված իրավիճակ․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը գոռում է, պահանջում դադարացնել նկարահանումը Կիրանցում (video) Պատկերացրեք հարսանիքի միսը լավը չլինի․ Նիկոլի խոսքը՝ Կիրանցում հանձնվող տների ֆոնին (video) Քաղաքային իշխանության պերճանքն ու թշվառությունը Լարված իրավիճակ է Կիրանցում․ այս «կենդանիները» անցել են վերջին սարսափելի քայլերին․ Գագիկ Համբարյան (video) Ճանապարհը մենք չենք փակել, վարչապետն է փակել, մարզպետը թող էստեղ գա, գյուղի շնչառությունը փակում են (video) Թե մարզպետը լավ տղա ա, ռիսկով ա, թող գա ժողովրդի մեջ, ինքը խաբել ա մեզ․ Կիրանցում ճամփա են փակել (video) Կիրանցում լարված է․ գյուղում կարդում են սահմանազատման մասին տեղեկատվությունը (video) Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են (video) Կամո՛ Շահինյան, ես էլ քեզ եմ ասում՝ ինչ անես․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի գյուղապետին (video) Վահե Ղազարյա՛ն, «կենդանիներիդ, սրիկաներիդ» հավաքիր․ Արդարադատության գեներալ-մայոր (video) ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը ՇՏԱՊ․ Բագրատ Սրբազանի ուղերձը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների և հետագա անելիքների մասին (video) Չփորձվե՛ք գալ, ինձանից անուններ պահանջել․ ձեր կեղտոտ քայլերի մասին ես խոսելու եմ․ Արամ Թալալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am