Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին քննիչների կողմից պատշաճ չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է աղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ Հովհաննես Խուդոյանը։
«Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ, դատարանը հնարավորություն է տվել իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչին մասնակցել դռնփակ դատական նիստի։
Որպես Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ մասնակցել եմ դատական նիստին, որի բովանդակության վերաբերյալ պարտավորվել եմ պահպանել գաղտնիությունը։
Սակայն նիստի ընթացքում ստացված տեղեկատվության, այնուհետև փաստաբանների հետ առանձնազրույցների ընթացքում ստացել եմ օբյեկտիվ փաստեր, որ գործով ներգրավված քննիչները, տեղեկացված լինելով խոշտանգման դեպքի մասին, գրեթե երկու օր չեն արձագանքել, թեև պարտավոր են եղել անհապաղ վարույթ նախաձեռնել դեպքի վերաբերյալ։
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրել է Խուդոյանը։