Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը․ Արմեն Աշոտյան

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թե խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ և զազրելի ստերի, «կռուտիտների», «մուտիտների», «ֆռթոնների» և որևէ ղեկավարի պատիվ չբերող այլ պրիմիտիվ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիվը հայի և Հայրենիքի դեմ:

Օրինակների պակաս Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկա:

Իր հեռանալու առաջարկին արձագանքելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից հետո Հայաստանում երբեք նորմալ ընտրություն չի եղել: Հերիք չէ, որ թե՛ 2018թ. դեկտեմբերի, թե՛ 2021թ. հունիսի ընտրությունները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցավի ընտրություններ էին: Նիկոլի օրոք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրություն չի կատարել, այլ հայտնվել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցությունն ընտրություններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարության գրված և չգրված օրենքներին:

Իր բորբոքված ուղեղում հորինելով պետություն-հայրենիք տգետ հակադրությունը՝ նա խրտնում է «կորսված Հայրենիք» ձևակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» և «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» հիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երեկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հենց ի՛ր պատճառով: Պետությունը հայրենիքի փոխարեն սիրելու իր նոր ցնորքի մեջ նա խուսափում է հիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ուներ երկու պետություն, որից մեկը կործանվեց հենց իր պատճառով, իսկ մյուսը նա շարունակում է հանձնել մանիակալ սևեռվածությամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», հաջորդ օրն էլ դա կորցնելուց հետո կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետությունն այն է, ինչ կմնա Հայաստանից նրա մոլագարությունից հետո:

Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակավ խաղալ, դիվերսիֆիկացիան է արտաքին և անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիվերսիֆիկացիայի անվան տակ, ֆիասկո է, որի արդյունքում Հայաստանը վերածվել է գեոպոլիտիկ բոմժի (без определенного места жительства՝ համաձայնեք, իսկը մեր այսօրվա վիճակի մասին է): Դիվերսիֆիկացիան իրականում լավ բան է, և մեր իշխանությունը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եվրոպական միության հետ CEPA-ն: Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը (դիվանագիտական bla-bla-bla-ն հաշիվ չի):

Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինյանի ցնդաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բավական է ընդամենը բացել նույն Transparency International կազմակերպության վերջին զեկույցը և գրեթե բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագույն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պետք է լինի առնվազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եվրոպայի Խորհրդի երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մեկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նույն հեղինակների, ավելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):

Մի առանձին ախոռ է Արցախյան բանակցությունների մասին Փաշինյանի «զինանոցը»: Մյունխենում «նախկիններն են մեղավոր» զառանցանքը հիմնավորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի վրա, մի քիչ էլ՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և 2016-ից հետո տեղի ունեցած բանակցությունների վրա: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չհիշեցրեց 2020թ. հունվարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգության» ընթերցումը:

2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները, 2011 թվականի Կազանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եռաթուղթ փաթեթը և այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների և պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով:

Առիթից պիտի օգտվեմ և բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսյա՛ն, այսօրվա իրականության համար (թե՛ ներքին, թե՛ արտաքին) Դուք չափից ավելի բարոյական եք: Խնդրում եմ, գտեք ձևը հրապարակելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Արցախյան կարգավորման մասին:

Մեկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Մյունխենում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգության խնդիրները Հայաստանի գլխին կախված վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տված հարցազրույցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել, որ, օրինակ, միջուկային հնարավոր պատերազմի մասին տեսական խոսակցությունները Ռուսաստան-Արևմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկա լարվածության, հանձնված գերակա դիրքերի, օկուպացված ինքնիշխան տարածքների և չդադարող զոհերի հետ… Հա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցվող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգությունից ելնելով:

Երևի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտության մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կա. Կլինի՞ մեր Հայրենիքի, մեր զավակների, մեր կյանքերի և մեր արժեքների հաշվին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շոշափելիորեն ավելի սովորած են, ունակ և խելամիտ:

Մի խոսքով, Մյունխենում հայերի հետ Նիկոլի հանդիպման թե՛ բովանդակությունը, թե՛ ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հավատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացվելը՝ տոքսիկ է:

Կասկած չունեմ, որ հենց «մավրն» ավարտեց իր սև գործը, նրան դեռևս գուրգուրող Արևմուտքն անգամ արագ կազատվի նման թունավոր ակտիվից:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

22.02.2024 թիվ

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Նիկոլի հեծանիվն ու «Բաբա եգայի ցախավելը»․ Բագրատ Սրբազանը ծաղրեց (video) ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում հետապնդում են լրագրողներին (video) Սասու՛ն, թերհաս մտքիդ արգասիքը չե՛մ ներելու․ Լարիսա Ալավերդյան (video) Սրբազանն անդրադարձավ Վեդիի մանկապարտեզի սարսափելի դեպքին․․․ (video) Սասուն Միքայելյա՛ն, էնքան մեծահոգի կլինենք, որ Ստեփանակերտի փողոցները քեզ մաքրել կտանք․ մանկավարժ (video) Տեսե՛ք, հատուկ ծառայության աշխատակից է, զբաղված են մարդկանց հետապնդելով , նկարելով․ Գառնիկ Դանիելյան (video) Թափոննե՛ր, դուք դեռ երազում եք այստեղ Բաքվի դեսպանատուն բացե՞լ․․․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Ներվերս չի հերիքում․ դրանց հարցրեք՝ նավթը դեպի Ադրբեջան որտեղի՞ց է գնում․ քաղաքացի (video) Նիկոլը գնացել է ճաղավանդակներից տեսնելու՝ իրեն ինչ է սպասվում․ Բագրատ Սրբազան (video) Ալիևը վաղն էլ կասի՝ պիտի մերկ, չորեքթաթ դիմացս պտտվեք, ՔՊ-ականները գիտեն՝ ոնց կանեն․ Ավետիսյան (video) Ի՞նչ կլինի, եթե սրանք հանձնեն Տիգրանաշենը․ Բագրատ Սրբազանի լայվը Վայոց Ձորից (video) Կիրակի օրը մարդկության պատմության մեջ ամենաշոգ օրն է եղել Քաշվանք... Փաշինյանը` Նորապատի ճանապարհի մասին (video) Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երևանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Յասիի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց եզրափակչում Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am