Կառավարությունը 900.000 դոլարով հերթական միջոցառումը կկազմակերպի. 168.am
168.am-ը գրում է. Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը շարունակում է բյուջեից հսկայական միջոցներ հատկացնել այս կամ այն համաժողովը կազմակերպելու համար, որոնց օգտակար գործողության գործակիցն ու Հայաստանի տնտեսությանը տված օգուտը մնում են օդից կախված, քանզի Հայաստանի տնտեսությունն առանց այդ համաժողովների էլ շարունակում է կախված մնալ Ռուստաստանից Հայաստան վերաարտահանումների, զբոսաշրջիկների և ռելոկանտների գեներացրած միջոցներից։
Նշենք, որ Փաշինյանի Կառավարությունը միլիոններ է հատկացնում ոչ միայն համաժողովների կազմակերպման համար, որոնցից մեկի՝ SMM-ն անելու համար, օրինակ, ՔՊ-ամերձ պատմաբան Վահրամ Թոքմաջյանին բյուջեից տրվել է 64 հազար ԱՄՆ դոլար, այլ նաև վճարում է 6 միլիոն դոլար Հայաստանում Սնուփ Դոգի՝ դեռևս տեղի չունեցած համերգի համար, որը, ի դեպ, պարզ չէ, թե երբ տեղի կունենա կամ ընդհանրապես տեղի կունենա՞, թե՞ ոչ։
Եվ այսպես, հերթական համաժողովը Երևանում կազմակերպելու համար այս անգամ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 543 միլիոն դրամ կամ 900 հազար ԱՄՆ դոլար։
Գումարը տրվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։
Այդ գումարից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին կհատկացվի 13.0 մլն դրամ Հայ-Հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեության ապահովման համար:
Ըստ Կառավարությանը ներկայացված նախագծի հիմնավորման՝ «Հայ-Հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի գործունեությունն ապահովելու, ՏՏ դասընթացներ կազմակերպելու համար նախատեսվող Համաժողովի նպատակներն են.
1) Մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, միջազգային շուկայում մրցունակ տեղական ԲՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացում,
2) Հայկական ԲՏ ոլորտի մի շարք կարևոր ուղղությունների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ բարձրորակ մասնագետների տեղում և առցանց եղանակով պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծում,
3) Որակյալ աշխատուժի աճի պահպանում և առավել զարգացում:
Համաժողովի շրջանակում ոլորտի շուրջ 550 մասնակիցներով տեղում և հեռավար եղանակով տարբեր փուլերի ու մակարդակների առնվազն 60 կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ և սեմինարներ են անցկացվելու Երևանում և մարզերում։