Պուտինի ուղիղ ակնարկն արցախցիներին ու Ալիևին

Արցախի իշխանությունները թույլ տվեցին Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ

Ռուսաստանյան Կարմիր Խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարն անցել է Աղդամի շրջանով և ուղևորվում է Ստեփանակերտ, այսօր առավոտյան հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները։ Հրապարակվեց նաև տեսանյութ, որում, ըստ Բաքվի, հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան հատում է անցակետը:
ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց. - «Ինչպես նախապես հայտարարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ»:

Անցած շաբաթվա վերջին Արցախի իշխանությունները որոշեցին թույլ տալ Աղդամով ռուսական բեռների մուտքը Արցախ։ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից: Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

Այսպես, այսօրվա դրությամբ, Բաքուն համաձայնել է Լաչինի և Աղդամի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջնորդությամբ: Ադրբեջանը համաձայնել է Լաչինի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ի պատասխան տեղական լրատվամիջոցների հարցերի։ «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.] ճանապարհին զուգահեռ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանի Կարմիր Խաչի ընկերության կողմից Ադրբեջանի հետ համակարգմամբ բեռների տեղափոխումը Աղդամ-Խանքենդի ճանապարհով մենք համարում ենք դրական քայլ և կարևոր առաջընթաց այդ ճանապարհը բացելու ուղղությամբ», նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պուտինը հուսով է՝ Բաքուն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի

Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում էթնիկ զտումներ չի իրականացնի։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ալիևի վարչակազմն իրենց հավաստիացրել է՝ կողմ են «փափուկ գործընթացների»։ Թե խոսքը հատկապես որ գործընթացների մասին է, Ռուսաստանի առաջնորդը չմանրամասնեց։ «Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես միշտ է մեզ ասել և մինչև հիմա էլ ասում է, հետաքրքրված չէ ինչ-որ էթնիկ զտումներով։ Ավելին՝ ընդհակառակը, հետաքրքրված է, որպեսզի այդ գործընթացը փափուկ ընթանա», - հայտարարեց Պուտինը։

Կրեմլի ղեկավարն այս մասին խոսեց Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում՝ արձագանքելով Երևանից Մոսկվայի հասցեին ամենաբարձր մակարդակով հնչող մեղադրանքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով։ Հակամարտության կարգավորման երկարամյա միջնորդը հիշեցրեց՝ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են խնդիրը լուծել տարածքային զիջումների ճանապարհով, պնդելով, թե կպայքարեն. - «Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ կարելի է խոսել։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, մենք առաջարկեցինք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, մնան փաստացի Հայաստանի վերահսկողության տակ, նաև՝ Ղարաբաղը, սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց դրան, թեև մենք մեկ տասնամյակ փորձել ենք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Երբ հարցնում էինք՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ կռվելու ենք։ Լավ։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է»։

Այնուհետև Պուտինը հիշեցրեց վերջին շրջանում իր ենթակաների կողմից հնչող պնդումը, թե Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ՝ այդպիսով փակելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Եվ Պրահայի հայտարարությունը սա ֆիքսեց թղթի վրա։ Մենք գիտենք այս մասին։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս դրված չէ սեղանին, այն լուծված է»։ Եվ դա հրապարակավ հայտարարեց Հայաստանի ղեկավարությունը։ Սա մեր որոշումը չէ, այլ՝ Հայաստանի ղեկավարության», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը։

Կրեմլի ղեկավարի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան այստեղ արդեն անելիք չունի։ «Եթե այդպես է, ասում են մեզ, ապա բոլոր հարցերը, եթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է մեզ հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Դե, ի՞նչ կարող ենք ասել այստեղ։ Այստեղ ասելու բան չկա, եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա մենք ի՞նչ պետք է անենք», - նշեց Պուտինը։

Սրա հետ մեկտեղ, ինչպես հիշեցրեց Վլադիմիր Պուտինը, հայկական կողմն ընդունում է, որ չլուծված են մնում մյուս հարցերը՝ այդ թվում Ղարաբաղի հայերի անվտանգության խնդիրը, ինչպես նաև ռուս խաղաղապահների մանդատը։ «Իհարկե այստեղ այլ հարցեր են ծագում՝ կապված հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ։ Մանդատը դեռ ուժի մեջ է», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ «Բայց հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել, և ես լիովին համաձայն եմ դրան», - հայտարարել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն Արցախում չի դիմի էթնիկ զտումների, ինչի մասին հավաստիացրել է ռուսական կողմին։

Պուտինն անուղղակի մեղադրանքի սլաք է ուղղում դեպի Ալիևը, որ արցախցիները պետք է ապրեն իրենց բնակավայրերում, ոչ մի տեղ չպետք է հեռանան և Բաքուն պետք է ապահովի նրանց անվտանգությունը:

Ինչո՞ւ Պուտինը սա ասաց: Որպեսզի մոտ ապագայում ո՛չ Երևանից, ո՛չ առավելևս Բաքվից հայտարարություններ չհնչեն ռուս խաղաղապահների ներկայության անիմաստ լինելու վերաբերյալ:

Մոսկվան ու Երևանը վստահեցնում են՝ լուրջ խնդիրներ չունեն

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատելի լարվածության ֆոնին և՛ Հայաստանից, և՛ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն։

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե վարչապետ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունի։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսել է իր հետ, քանի որ Հայաստանի վարչապետը սահմանային լարվածության հետ կապված մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել այլ երկրների ղեկավարների հետ, Վլադիմիր Պուտինն ասաց, թե Փաշինյանն իրեն ընդարձակ նամակ է ուղարկել։ «Մենք նրա հետ շփումների մեջ ենք, որևէ խնդիր մենք Հայաստանի և վարչապետ Փաշինյանի հետ չունենք, մենք մշտապես կապի մեջ ենք», - նշեց Պուտինը:

«Առաջին զանգերը հենց Ռուսաստանի նախագահին են եղել», - երեկ էլ իր հերթին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա էլ վստահեցրեց, թե մշտապես առաջին զանգերը ինքն անում է Վլադիմիր Պուտինին, իսկ անցած շաբաթ զանգահարել է այն երկրների ղեկավարներին, որոնք տեղեկացված չեն «որոշ նրբությունների» մասին։ «Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել, որպեսզի նոր խոսակցության անհրաժեշտություն լիներ Ռուսաստանի նախագահի հետ, ըստ անհրաժեշտության, իհարկե, հեռախոսազրույցները կարող են տեղի ունենալ», - նշեց Փաշինյանը:

Երեկ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Երևանը որևէ քայլ Ռուսաստանի դեմ չի անում, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ամենևին էլ կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, որ իր կնոջ այցը Կիևը և հումանիտար օգնության տրամադրումը քաղաքական ենթատեքստ չունի և որ հայ- ամերիկյան զորավարժությունները առաջին անգամ չեն Հայաստանում անցկացվում։ Փաշինյանն ասում էր, թե հայկական կողմն ակտիվ աշխատում է, որ Ռուսաստանում ճիշտ ընկալումներ ձևավորվեն. - «Նաև ռուսական մամուլում երբեմն կապվում է Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, բայց Հռոմի ստատուտը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի. Ինչո՞ւ ենք վավերացնում, որովհետև ուզում ենք, որ մասնավորապես 2022թ. սեպտեմբերի դեպքերը, 2021թ. դեպքերը Միջազգային քրեական դատարանում քննության առարկա դառնան:

Սա ևս մեկ գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանի մեծացմանն այն պայմաններում, երբ ՀԱՊԿ-ը չի կատարել և չի կատարում, ցավոք սրտի, Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները: Մենք չենք կարող սա չնկատել և ուղղակի ոչինչ չանել»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11122 անգամ
Լրահոս
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական Շարժումը մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են. «Տավուշը հանուն հայրենիքի» Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ «Քուրդ ահաբեկիչների» դեմ պայքարն ու «զարգացման ճանապարհը». Էրդողանի ռազմավարական ծրագրերը ԱՄՆ-ն առաջին անգամ կրոնական ազատության չափորոշիչով հարձակվել է Ադրբեջանի վրա Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Բագրատ Սրբազանին․ Իրաքի հայկական կազմակերպություններ ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am