Ալիևն Իրանին ուղիղ ահաբեկչության մեջ մեղադրեց. Թեհրան-Բաքու առճակատումը Մոսկվան է փորձում հարթել

Իրանա-ադրբեջանական «ճակատամարտը» շարունակվում է

Ադրբեջանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես հայտարարեցին, որ զինված հարձակման ետևում ամենայն հավանականությամբ Իրանն է կանգնած։ Սա կոնկրետ մեղադրանք է, դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքներով...
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին նախօրերին արձագանքել է իր ադրբեջանցի գործընկերոջ կողմից իսլամական հանրապետությանն ուղղված նոր մեղադրանքներին:

Քանանին Twitter-ում արված գրառմամբ խորհուրդ է տվել «Ադրբեջանում մահմեդական եղբայրներին» տեղեկանալ սիոնիստ թշնամու իրական մտադրությունների մասին։ Նա հիշեցրել է, որ խնդրել էին Ադրբեջանի կառավարությանը բացատրել Իսրայելի արտգործնախարարի խոսքերն Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության մասին։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել և նոր մեղադրանքներ է ներկայացրել Իրանի հասցեին։ Բաքվի լռությունը արդյոք չի՞ նշանակում, որ երկիրը հաստատում, անուղղակի հավանություն է տալիս իր ռազմավարական գործընկերոջ խոսքերին»,- ըստ «Ազատության»` հարց է ուղղել Իրանի ԱԳՆ խոսնակը:

Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար, նաև պնդել, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով իրանցի պաշտոնակցի հայտարարություններին, ասել էր, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են։ Նա հավելել էր, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը ևս տանում են դեպի Իրան։

Թեհրանը Բաքվից պահանջում է պարզաբանել «սիոնիստական ռեժիմի հետ հակաիրանական համագործակցությունը»

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին օրերս, մեկնաբանելով Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հայտարարությունները, պաշտոնական Բաքվից պարզաբանում է պահանջել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ։ Իրանցի պաշտոնյան պնդել է, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանի Հանրապետության տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար: «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է տապալել չարակամների ջանքերը երկու հարևան երկրների միջև սեպ խրելու ուղղությամբ և ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունն էլ կխուսափի երկու երկրների թշնամիների տեղադրած թակարդից», - նշել է Իրանի դիվանագիտական գերատեսչությանը խոսնակը: Քանանին պնդել է, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:

Իրանցի գեներալը մեղադրել է Ադրբեջանին

Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան, իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ դիմելով Բաքվին՝ հայտարարել է իսլամական հանրապետության ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին։ Նա նշել է, որ Կովկասում առկա զգայուն հարցերից մեկն այդ երկրի սահմաններին սիոնիստական ռեժիմի տարրերի, մյուսը՝ սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Իրանցի գեներալը նաև շեշտել է, որ Թեհրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Բաքվից կրկին մեղադրանքներ են տեղացել, թե իրանական կողմը մշտապես աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ պատերազմից առաջ։

Բաքուն մեղադրանքները զրպարտություն որակեց

Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զրպարտություն է որակել իրանական բանակի հրամանատարի հայտարարությունը՝ պնդելով, թե «Ադրբեջանի տարածքում օտար տարրեր չկան», և Բաքվի հասցեին Թեհրանի բոլոր մեղադրանքները «անհիմն և անընդունելի են»։ «Եվ այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիան և Իրանը Հայաստանի հիմնական դաշնակիցներն են աշխարհում»,- ընդգծել են նախարարությունից։

Բաքուն հայտարարում է, թե չի վախենում Իրանից

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, արձագանքելով իրանցի պաշտոնակցի այսօր հնչեցրած հայտարարություններին, պնդել է, թե Իրանի կողմից Ադրբեջանի հասցեին սպառնալիքներն ու սադրանքները շատացել են, բայց դրանք Բաքվին չեն վախեցնում։ Իրանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նասսեր Քանանին, նկատենք, որ ավելի վաղ հայտարարել էր, թե Իսրայելը փորձում է Ադրբեջանի տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:

«Ընդհակառակը՝ Իրանի տարածքից են Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչում, ու սադրանքներ իրականացվում։ Օրինակ՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով մեկ անցկացվող զորավարժությունները, սահմանին ռազմական թռիչքները, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները»,- ըստ «Ազատության», թվարկել է ադրբեջանցի պաշտոնյան և հավելել, որ անցած օրերին Բաքվում ադրբեջանցի պատգամավորի դեմ «ահաբեկչության» հետաքննության նախնական հետքերը ևս տանում են դեպի Իրան։ «Իրանական կողմից այս սպառնալիքները երբեք չեն կարող վախեցնել Ադրբեջանին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։

Մահափորձ ադրբեջանցի պատգամավորի դեմ

Օրերս ուշագրավ տեղեկություն ստացեց Ադրբեջանից: Զինված հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։ Ադրբեջանցի քաղաքական գործչի դեմ մահափորձը տեղի է ունեցել ուշ երեկոյան, ժամեր անց Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է՝ տեղի ունեցածը ահաբեկչություն է։

Նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, իրավապահներին հանձնարարել է անհապաղ բացահայտել Մուստաֆայի դեմ ահաբեկչությանն առնչություն ունեցած անձանց և պատասխանատվության ենթարկել նրանց։

Սա Ադրբեջանում վերջին 27 տարվա ընթացքում առաջին զինված հարձակումն է պատգամավորի դեմ։ Ըստ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների՝ Մուստաֆայի տան մոտ անհայտ անձը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակոցներ է արձակել մեքենայում գտնվող պատգամավորի ուղղությամբ, որը պատրաստվում էր մտնել ավտոտնակ։ Կրակոցների հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել աջ ուսի, ինչպես նաև աջ ազդրի ստորին հատվածում։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն՝ քաղաքական գործիչն այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում, նրա վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում։ 57-ամյա Մուստաֆան Ադրբեջանում հայտնի և ժողովրդականություն վայելող պատգամավորներից է, նա համարվում էր երկրի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր դաշնակիցներից և Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդներից։

Ալիևների ընտանիքի կառավարման առաջին տարիներին քաղաքական գործիչը հանդես էր գալիս ընդդիմության կոշտ դիրքերից, ապա ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են նշում, 2005-ից անցել է «կառուցողականների ճամբար» և սկսել պատգամավորական իր գործունեությունը։ 2008 թվականին մասնակցել է նաև նախագահական ընտրություններին և Ալիևի հետ մրցապայքարում ստացել ձայների 2,43 տոկոս քվե։

Մուստաֆան վերջին տարիներին աչքի է ընկել հարևան Իրանի դեմ քննադատությամբ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նրան ներկայացնում են շիա մահմեդականության աճող ազդեցության դեմ պայքարի առաջամարտիկ, հաճախ հեգնական հայտարարություններ էր անում այաթոլաների ռեժիմի հասցեին։ «Առանց որևէ չափազանցության Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնասյուներից մեկը»,- ըստ «Ազատության», գրել էր ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից «Հաքին» պարբերականը, որն առաջիններից էր պնդել՝ Մուստաֆայի դեմ մահափորձը Իրանի ձեռքի գործն է։

Ադրբեջանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Առուստուն Օրուջլուի կարծիքով՝ զինված միջադեպը որևէ առնչություն չունի Մուստաֆայի հետ։ Օրուջլուի խոսքերով՝ քաղաքական գործիչների վրա հարձակումները մեկ նպատակ ունեն՝ ապակայունացնել իրավիճակը։ Իսկ թե որ երկիրն է կանգնած հանցագործության ետևում, փորձագետը դժվարացել է ասել. «Ես որևէ փաստ, ապացույց չունեմ։ Բայց կարող եմ ասել, որ եթե հարձակում է իրականացվում քաղաքական գործչի, խորհրդարանի անդամի վրա, այդկերպ հասարակությանը հասկացնում են, որ որևէ մեկն այդ երկրում պաշտպանված չէ։ Սա թե քաղաքական, թե հանրային ուղերձ է»։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի։ Քաղաքական գործիչը, այդուհանդերձ, փակագծեր չի բացել։ Ավելի ուշ «Թուրան» գործակալության հետ զրույցում նա պատահական չի համարել, որ զինված միջադեպը տեղի է ունեցել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման նախաշեմին։

Հիշեցնենք, որ Բաքուն ահաբեկչություն էր որակել նաև ուղիղ երկու ամիս առաջ Իրանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը, որի հետևանքով մեկ մարդ սպանվել, երկուսը վիրավորվել էին։ Հարձակվողը ձերբակալվել է, հետաքննությունը շարունակվում է, Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ դժգոհում են իրանցի իրավապահների դանդաղկոտությունից։ Միջադեպի հաջորդ օրերին Ադրբեջանի կառավարությունը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին, և մինչ օրս երկու երկրների հարաբերություններում լարվածությունը չի մարում։ Դեսպանատան զինված միջադեպը, ինչպես Իրանի դեսպանին Ադրբեջանի արտգործնախարարությունում են ասել, «էլ ավելի է սրել առանց այդ էլ բարդ փոխհարաբերությունները»։

Ադրբեջանը վաղուց է Իրանին մեղադրում ղարաբաղյան հակամարտության հարցում հայամետ դիրքորոշման համար։ Թեհրանն, իր հերթին, ընդդիմանում է Հայաստանից միջանցք ստանալու Ադրբեջանի պահանջին, որի հետևանքով կարող է փոփոխվել հայ-իրանական սահմանը։

Իրանը մտահոգված է նաև իր հակառակորդ Իսրայելի հետ Ադրբեջանի ամուր և զարգացող կապերով։ Օրեր առաջ, ի դեպ, երբ Ադրբեջանի արտգործնախարարը մասնակցում էր Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպանատան բացման արարողությանը, Մոսկվայում Իրանի դիվանագիտության ղեկավարի հետ հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս հայտնեց, թե իրանա-ադրբեջանական տարաձայնությունները շուտով կհարթվեն։ «Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա հակասությունները ժամանակավոր բնույթ են կրում, և դրանք հնարավորինս արագ կհաղթահարվեն», - ասել է նա։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2118 անգամ
Լրահոս
Փաշինյա՛ն, մի հարց ունեմ քեզ՝ ի՞նչ դեղեր ես օգտագործում․ քաղաքացի (video) Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն Բաքվում բացվել է «Արևմտյան Ադրբեջան հեռուստատեսության» շենքը․ Monument Watch-ը ահազանգում է Եկեղեցին հայկական ինքնության անբաժան մասն է. Թաթոյան Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Հրդեհ՝ Երևանում. հայտարարվել է վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան. հայտնաբերվել է կնոջ մարմին Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Սա գիտատեխնիկական մտքի հարստագույն պաշարի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանություն է. կառավարության հերթական հակահայ որոշումը Ագրարային համալսարանն ունի 340 միլիոն դրամի պարտավորություն գույքահարկի գծով Սրբազանին սիրում են բոլորը, զզվում են ՔՊ-ականները «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am