Ռուս-չինական պատ. Կամ աշխարհն այն կամրացնի, կամ` բոլորն ամեն ինչ կկորցնեն

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որին ողջ աշխարհն ուշի-ուշով էր հետևում: Չինաստանի ղեկավարն առաջին արտասահմանցի առաջնորդը դարձավ, ով ժամանեց Ռուսաստան և հանդիպեց ՌԴ նախագահին այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց:

Պուտինը վստահեցնում է` ՌԴ-ն ռազմական դաշինք չի ստեղծում Չինաստանի հետ

Ռուսաստանն ու Չինաստանը զարգացնում են համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, բայց «սա ռազմական դաշինք չէ», «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան զարգացնում է նաև ռազմական համագործակցությունը Պեկինի հետ, այդ թվում՝ համատեղ վարժանքների անցկացման միջոցով։ «Ի դեպ, ոչ միայն Չինաստանի, այլ նաև այլ երկրների հետ: Մենք դեռ շարունակում ենք, չնայած Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում տեղի ունեցած իրադարձություններին: Մենք շարունակում ենք ամեն ինչ, ամեն ինչ թափանցիկ է, բայց սա ռազմական դաշինք չէ»,- նկատել է նա։
Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում վստահեցրել է, որ երկու երկրների հարաբերություններում ամեն ինչ թափանցիկ է։ Միաժամանակ նախագահը կարծում է, որ արևմտյան երկրները փորձում են ստեղծել «գլոբալ ՆԱՏՕ»՝ աշխարհի նոր տարածաշրջանների մասնակցությամբ, ըստ News.am-ի գրել է «Коммерсант»-ը։ «Մենք Չինաստանի հետ որևէ ռազմական դաշինք չենք ստեղծում։ Այո, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում էլ ունենք համագործակցություն, դա չենք թաքցնում, բայց դա թափանցիկ է, այնտեղ գաղտնի ոչինչ չկա», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանն ու Չինաստանը զարգացնում են ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ համատեղ վարժանքների անցկացումը։ «Ի դեպ, ոչ միայն Չինաստանի, այլև այլ երկրների հետ։ Մենք դեռ շարունակում ենք, չնայած Դոնբասի իրադարձություններին՝ Զապորոժիեում և Խերսոնում։ Մենք շարունակում ենք ամեն ինչ, ամեն ինչ թափանցիկ է, սակայն սա ռազմական դաշինք չէ», - հավելել է նա։ Նրա խոսքով՝ «Արևմուտքը նոր առանցքներ է կառուցում։ Նա հայտարարել է, որ այդ «առանցքը» «նման է նրան, որը ստեղծվել է դեռևս 30-ականներին Գերմանիայի և Իտալիայի ֆաշիստական ռեժիմների և ռազմատենչ Ճապոնիայի կողմից»։

Այս համատեքստում նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի զարգացման նոր ռազմավարական հայեցակարգը, որը համաձայնեցվել է 2022 թվականին․ «Այնտեղ ուղղակիորեն գրված է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է զարգացնել հարաբերությունները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Եվ թվարկված են հետևյալ երկրները՝ Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավային Կորեան։ Եվ ասում են, որ ստեղծելու են գլոբալ ՆԱՏՕ։ Լավ, ի՞նչ է դա»։

Չինաստանի ղեկավար Սի Ծինպինի եռօրյա այցից առաջ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Պեկինը հավատարիմ է ուկրաինական պատերազմին «օբյեկտիվ և արդար» դիրքորոշմանը, ինչպես նաև պատրաստ է կառուցողական դեր ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև՝ խաղաղ բանակցությունների հաստատման գործում:

Ուշագրավ էր, որ Ռուս-ուկրաինական պատերազմի տարելիցին՝ փետրվարի 24-ին, Չինաստանը ներկայացրել էր Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման վերաբերյալ իր ծրագիրը։ Իսկ ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ողջունում է Պեկինի՝ հակամարտության խաղաղ լուծում առաջարկելու փորձը, սակայն կարծում է, որ ուկրաինական կողմն անհնար է դարձնում քննարկումը և, այսպես կոչված, հատուկ գործողությունը պետք է շարունակվի։

Ուկրաինայի դաշնակից Միացյալ Նահանգները նույնպես համարում է, որ Ուկրաինայում զինադադարի մասին կոչերը, որոնք կարող են հնչել Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, անընդունելի են։ Սպիտակ տան ազգային անվտանգության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, Fox News-ին տված հարցազրույցում, ասել էր, թե հրադադարը պարզապես ժամանակ կտա Մոսկվային ուժերը համալրելու համար։

Չինաստանի «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» պլանը

Այսպես փետրվար 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելու մեկամյա տարելիցի կապակցությամբ Պեկինը հրապարակեց Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու 12 կետից բաղկացած իր դիրքորոշումը։ Արտգործնախարարության հրապարակած փաստաթուղթը կոնկրետ առաջարկներից չի ներկայացնում, ինչը սպասվում էր Մյունխենում Չինաստանի ներկայացուցչի ելույթից հետո, ավելի շուտ շարադրված են Չինաստանի մոտեցումներն ու կոչերը։

Առաջին կետում նշված է, որ պետք է խստորեն պահպանել համընդհանուր ճանաչված միջազգային սկզբունքները, ներառյալ ցանկացած երկի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության երաշխավորումը։ Երկրորդ կետը, ըստ էության, ռուսական հռետորաբանության արտացոլումն է, թե իբր Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով սպառնում են իրեն։

«Երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի ուրիշների անվտանգության հաշվին։ Տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ուժեղացմամբ, առավել ևս ընդլայնմամբ»,- նշված է երկրորդ կետում։

Մնացած կետերով Չինաստանը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, չբորբոքել կրակը և օգնել Ռուսաստանին և Ուկրաինային որքան հնարավոր է շուտ վերականգնել երկխոսությունը։ Անթույլատրելի են համարվում միակողմանի պատժամիջոցները, միջուկային զենք կիրառելու սպառնալիքները։ Կոչեր են արվում հաղթահարել հումանիտար ճգնաժամը, պաշտպանել շարքային քաղաքացիների իրավունքները, չկրակել ատոմակայանների վրա, պահպանել հացահատիկի արտահանման երթուղիները, օգնել վերականգնելու հակամարտության հետևանքները։

Չնայած Պեկինը հայտարարում է իր չեզոքության մասին, արևմտյան մամուլը գրում է, որ Չինաստանը պատրաստվում է ռազմական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։ Մասնավորապես գերմանական Spiegel-ը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համաձայնեցնում են չինական հարվածային ԱԹՍ-ն մատակարարելու հարցը։ Ըստ հրապարակման՝ արդեն գալիք ապրիլին Չինաստանը պատրաստվում է 100 կամիկաձե դրոններ տրամադրել Ռուսաստանին։ Նախօրեին ամերիկյան մամուլը գրել էր, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է հետախուզական տվյալների հրապարակման նպատակահարմարությունը, ըստ որի Պեկինը ծանրութեթև է անում Ռուսաստանին զենք մատակարարելու կողմ և դեմ փաստարկները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես ասել է, որ նման տվյալներ կան նաև ՆԱՏՕ-ի տրամադրության տակ։

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել էր, որ նման հրապարակումներից տեղյակ չէ։ «Այն, ինչ գիտեմ, վերջին շրջանում մեծ ծավալի ապատեղեկատվություն է տարածվել այդ հարցի շուրջ, և մենք պետք է զգոն լինենք դրա ետևում ընկած մտադրությունների հանդեպ։ Չինաստանը միշտ խոհեմ ու պատասխանատու է վերաբերվել զենքի արտահանմանը և որևէ զենքի վաճառք չի իրականացնում հակամարտ տարածաշրջաններում կամ պատերազմող կողմերին։ Այն ամենը, ինչ արել է Չինաստանը, կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ խթանել խաղաղությունը և երկխոսությունը»,- ասել է Վան Վենբինը։ Նա պնդել էր, որ Չինաստանը շարունակելու է աշխատել միջազգային հանրության հետ կառուցողական դեր խաղալու Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար՝ հիմնված Չինաստանի հրապարակած դիրքորոշման վրա։

Վլադիմիր Պուտին-Սի Ծինպին հանդիպումը

Մարտ 20-ին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ժամանեց Մոսկվա: Առաջին իսկ օրը երկու առաջնորդները և խիստ սահմանափակ թվով մի խումբ պաշտոնյաներ սկսեցին քննարկումները, օրակարգում էին արդիական ամենահրատապ հարցերը, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտությունը:

Հանդիպման մամուլի համար հասանելի հատվածում երկու երկրների ղեկավարները ողջույններ են փոխանակել, Պուտինն ասել է, որ Ռուսաստանում ուշադրությամբ վերլուծել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Պեկինի առաջարկները: «Մենք միշտ բաց ենք բանակցությունների համար, կքննարկենք նաև ձեր առաջարկները, դրանց մեծ հարգանքով ենք վերաբերվում», - ասաց Ռուսաստանի նախագահը:

Սի Ծինպինն, իր հերթին ասել էր, թե մեծ ուրախություն է այցը Ռուսաստան, նշելով, որ այն տեղի է ունենում անմիջապես նախագահ վերընտրվելուց հետո: Չինաստանի ղեկավարն ասել է, թե Պեկինը մեծ կարևորություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մենք ռազմավարական գործընկերներ ենք, ասել է Սի Ծինպինը: Նա նշել էր նաև, թե հաջորդ տարի Ռուսաստանում ընտրություններ են, և ինքը համոզված է, որ ժողովուրդը կսատարի Պուտինին:

Բնական է, որ Չինաստանի ղեկավարի այցը մեծ նշանակություն ունի Պուտինի համար՝ ուկրաինական զարգացումների առումով: Պեկինը փետրվարի 24-ին՝ պատերազմի առաջին տարվա օրը, ներկայացրեց կարգավորման ծրագիրը: Չինաստանը հորդորում է հարգել ՄԱԿ-ի Կանոնադրությունը և երաշխավորել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ըստ Պեկինի, հարկ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և կանխել առճակատումները, դադարեցնել կրակը, սկսել բանակցություններ և վերացնել մարդասիրական ճգնաժամը:

12 կետ պարունակող այդ ծրագիրն Արևմուտքում ու Կիևում անվանեցին «դատարկ խոստումների և բարի ցանկությունների հռչակագիր» ու «խաղաղության պայմանագրի նախագիծ, որը միայն Չինաստանին է պետք»: Կիևն այն չի մերժել, բայց պնդել է, որ ծրագիրը պետք է ենթադրի ռուսական բանակի հեռացում գրավված տարածքներից:
«Այսպես թե այնպես չինական առաջարկը կքննարկվի, իհարկե, օրակարգում կլինի Ուկրաինան, և Ռուսաստանի նախագահը կներկայացնի պարզաբանումներ, այնպես որ նախագահ Սին առաջին ձեռքից տեղեկություն կստանա իրավիճակի վերաբերյալ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Չինաստանի ղեկավարի այցը չափազանց մեծ նշանակություն ունի Պուտինի համար հենց ուկրաինական զարգացումների առումով: Պեկինը պաշտոնապես չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բազմիցս հայտարարել է, որ Արևմուտքը պարտավոր է հաշվի առնել անվտանգության ասպարեզում Ռուսաստանի շահերը, հրաժարվել Ռուսաստանի դեմ ուղղված սպառնալից կեցվածքից, վիճակն էլ ավելի չսրել պատժամիջոցներով, քննադատել է զենքի տրամադրումը Կիևին, հայտարարել է բազմաբևեռ աշխարհի գաղափարը սատարելու մասին, և այդ ամենն ուրախությամբ են ընդունել Մոսկվայում:

Բայց, մյուս կողմից, Պեկինը սկզբունքորեն չի ճանաչել ոչ 2014-ին Ղրիմի և ոչ էլ վերջին պատերազմի ընթացքում ուկրաինական չորս մյուս շրջանների բռնակցումը և հայտարարել է, որ չի կարելի խախտել տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նորմերը: Ավելին, երբ միջազգային ասպարեզում սկսել են քննարկել Ուկրաինայում փոքր հզորության մարտական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, Պեկինը հստակ և առանց վերապահումների հայտարարել է, որ այդ զենքի կիրառումն անընդունելի է: Այդ սթափեցնող ուղերձը նախևառաջ հասցեագրված էր Կրեմլին: Ուկրաինան ողջունում է այն հանգամանքը, որ գերտերություն Չինաստանը ցանկանում է նպաստել այս պատերազմի դադարեցմանը, բայց ավելի հստակ ծրագիր է ակնկալում:

Ուշագրավ էր, որ Պուտին- Ծինպին հանդիպման նախաշեմին երկու երկրների ղեկավարները ծավալուն հոդվածներ են հրապարակեցին: «Ռուսաստան և Չինաստան, ապագային նայող գործընկերություն» վերնագրով Պուտինի հեղինակած հոդվածը լույս էր տեսել «Ժենմին Ժիբաո» օրաթերթում, որն ամենախոշոր տպաքանակն ունի Չինաստանում: Պուտինն այս հոդվածում գրել է, թե մեծ ակնկալիքներ ունի ընկեր Սի Ծինպինի այցից: «Դա նաև հրաշալի առիթ է հանդիպելու իմ վաղեմի բարեկամին, մեզ համար իսկական ընկերը հարազատ եղբոր նման է»,- գրել է Պուտինը:

Ընկեր Սին, իր հերթին, «Ռոսիյսկայա գազետա» թերթում է հրապարակել հոդված, որում նույնպես կան հաճոյախոսություններ: Նա մասնավորապես, գրել է, թե անցած 10-ը տարում արդեն 8 անգամ այցելել է Մոսկվա: «Այդ այցերի շնորհիվ մենք նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարողացել ենք նոր էջ բացել ռուս-չինական հարաբերություններում: Մենք շարժվում ենք առաջ, դեպի բարեկամության, համագործակցության և զարգացման հեռանկարներ», - գրել է Սին Ծինպինը:

Մինչդեռ, քիչ առաջ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մարու իրավունքների 2022 թվականի զեկույցը հրապարակելուց առաջ հատուկ անդրադարձել է Ռուսաստան Չինաստանի ղեկավարի այցին: Նա ասել է, թե Պեկինի ցանկացած առաջարկ, որը սոսկ հրադադար կենթադրի Ուկրաինայում՝ անընդունելի է: «Դա Պուտինին կտա վերազինվելու, վերապատրաստվելու և ընտրված պահին նոր հարձակում սկսելու ժամանակ», - ասել է Բլինքենը:

Չինաստանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, մշակույթի և այլ ոլորտներում

Մարտ 21-ին Կրեմլի Գեորգևյան սրահում կայացավ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի պաշտոնական հանդիպման արարողակարգը: Կայացավ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Կողմերը ստորագրել էին երկու փաստաթուղթ՝ առաջինը համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման մասին է, երկրորդը՝ մինչև 2030-ը ռուս-չինական համագործակցության առանցքային ուղղությունների զարգացման ծրագիրն է:

Այդ երկու հայեցակարգային փաստաթղթերից բացի կողմերը կնքել են նաև տարբեր ոլորտներում մոտ տասնյակ առանձին համաձայնություններ: Էներգետիկա, ռազմատեխնիկական համագործակցություն և առևտուր: Միջազգային զարգացումներից բացի այդ թեմաներն են ռուս և չինացի պաշտոնյաների հանդիպումների օրակարգում:
Ըստ «Ազատության», ռուս-չինական փոխադարձ առևտրի տարեկան ծավալը 185 միլիարդ դոլար է և հետզհետե ավելանում է: Պուտինն այսօր ասել է, որ արդեն այս տարի այն կհասնի և կհատի 200 միլիարդ դոլարի սահմանը: Սի Ծինպինն, իր հերթին, գովեստով նշել է, որ Չինաստանը և Ռուսաստանը մտադիր են զարգացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի, ներդրումների, մշակույթի և այլ ասպարեզներում:

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, «Ռոսկոսմոսի» տնօրեն Յուրի Բորիսովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Պուտինը գովեստով խոսեց խաղաղության չինական ծրագրի մասին

Փաստաթղթերի ստորագրումից հետո երկու ղեկավարները հանդես եկան հայտարարություններ, ապա Կրեմլում տրվել է պաշտոնական ճաշ ի պատիվ Չինաստանի ղեկավարի: Պուտինն ասել է, որ Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրի շատ դրույթներ կարող են դրվել կարգավորման հիմքում, «երբ դրան պատրաստ կլինեն Արևմուտքում և Կիևում, ինչը դեռ չի նկատվում»:

Ծինպինի հետ բանակցություններից հետո Պուտինն ասաց, որ Չինաստան ՀԲԳ-ի մատակարարումները կընդլայնվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Չինաստան ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները կընդլայնվեն, գրում է «Коммерсантъ»-ը։ «Էներգետիկ համագործակցությունն ընդլայնվում է։ Ռուսաստանը ՉԺՀ-ին նավթի, բնական գազի, ներառյալ ՀԲԳ-ի ռազմավարական մատակարարն է, և համագործակցությունը կավելանա: Ատոմային էներգիայի օբյեկտների շինարարությունն իրականացվում է ըստ ժամանակացույցի»,- ասել է Պուտինը Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության փաստաթղթերի ստորագրման ժամանակ։

Ռուսաստանը և Չինաստանը հայտարարեցին միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին

Ռուսաստանն ու Չինաստանը մեկ այլ խիստ ուշագրավ հայտարարություն արեցին: Երկու երկրների ղեկավարները հայտարարեցին միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին, որում հաղթողներ չեն կարող լինել, կոչ են արել բոլոր միջուկային տերություններին զենք չտեղակայել իրենց տարածքներից դուրս և դուրս բերել այն արտասահմանից, փոխանցեց «Ինտերֆաքսը»։

«(...) Կողմերը կրկին հայտարարում են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»,- ասված է Մոսկվայում կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ «բոլոր միջուկային տերությունները չպետք է միջուկային զենք տեղակայեն իրենց ազգային տարածքներից դուրս և պետք է հեռացնեն արտերկրում տեղակայված բոլոր միջուկային զենքերը»: Բացի այդ, փաստաթղթում կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին և խոստանում են «շարունակել համակարգել ջանքերը»՝ այս պայմանագիրը պահպանելու և ամրապնդելու նպատակով։

«Ձեզ լավ պահեք թանկագին ընկեր». Այս խոսքերով ավարտվեց Չինաստանի ղեկավարն այցը

Այն բանից հետո, երբ ավարտվեց Չինաստանի նախագահ Սի Ծինպինի պետական եռօրյա այցը Ռուսաստան, հայտնի դարձավ, որ Պուտինի և Սի Ծինպինի ոչ պաշտոնական ու պաշտոնական շփումները, բանակցությունները միասին վերցրած ավելի քան 10 ժամ են տևել։

Պուտինը Սի Ծինպինին ճանապարհել է մինչև Կրեմլի դարպասները։ «Հիմա փոփոխություններ են ընթանում, որոնց նմանը վերջին ավելի քան 100 տարվա մեջ չեն եղել, և մենք շարժում ենք այդ փոփոխությունները։ Ձեզ լավ պահեք թանկագին ընկեր»,- ասել է Սի Ծինպինը՝ հրաժեշտ տալով Վլադիմիր Պուտինին։

Չինաստանի ղեկավարի այցի արդյունքների մասին հրապարակավ հայտարարությունները ցույց են տալիս, որ Պեկինը ձեռնպահ է մնում ուղիղ աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մամուլի համատեղ ասուլիսում Սի Ծինպինը հիշեցրեց, որ անցած ամսին Պեկինը փաստաթուղթ էր հրապարակել, որը կոչվում է Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցում և կրկնել է, որ Չինաստանը անկողմնակալ դիրքորոշում ունի։ «Ցանկանում եմ ընդգծել, որ ուկրաինական ճգնաժամի հարցում Չինաստանը միշտ պաշտպանել է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, օբյեկտիվ ու անկողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել, ակտիվորեն խրախուսել է խաղաղ բանակցությունները», - Մոսկվայում ասաց Ծինպինը։
Ի դեպ, Սպիտակ տան անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին հայտարարել է, որ Չինաստանի դիրքորոշումը անկողմնակալ չէ: «Եթե Չինաստանը ցանկանում է կառուցողական դեր խաղալ այդ հակամարտությունում, նա պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի ինքնիշխան տարածքից։ Նրանք պետք է կոչ անեն նախագահ Պուտինին դադարեցնել քաղաքների, հիվանդանոցների ու դպրոցների ռմբակոծությունները։ Դադարեցնել ռազմական հանցագործությունները և վերջ տալ պատերազմին այսօր»,- Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում ասել էր Քըրբին։

Նկատենք, որ Մոսկվայում մամուլի համատեղ ասուլիսում Վլադիմիր Պուտինն ասել է, որ Պեկինի խաղաղության առաջարկներին, որոնք կարող են Ուկրաինայի խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ, բայց Արևմուտքն ու Կիևը դեռ պատրաստ չեն։ Չինաստանի հետ առևտուրը ու տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի նախագահն առաջնահերթություն է համարել։ Նա նաև հայտնել է Ռուսաստանի ամուր աջակցությունը Չինաստանի օրինական շահերին՝ Թայվանի, Հոնկոնգի և Սինցզյանի հարցերում։

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդները համատեղ հայտարարություն էլ ստորագրեցին։ «Ռոյթերս»-ի նյութերից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Չինաստանի ստացած և շարունակվող տնտեսական ահռելի օգուտների մասին է։ Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանը նավն ու քարածուխը էժան գներով վաճառում է Չինաստանին։ Այդ գործարքներից Պեկինը ոչ միայն միլիարդավոր դոլարներ է տնտեսում, այլև օգուտներ է ստանում առևտուր անելով ավելցուկային մատակարարումների հաշվին։

Չնայած քովիդի սահմանափակումների պատճառով Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերը դանդաղել են, ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են, սակայն Ռուսաստանից հում նավթի ներմուծումը 2022-ին 8 տոկոսով աճել է։ «Ռոյթերս»-ի հաշվարկներով՝ 2022-ի ապրիլից մինչև այս տարվա հունվարը չինական նավթամշակման ընկերությունները մոտավորապես 5,5 միլիարդ դոլար են տնտեսել։
Ավելացել է նաև Ռուսաստանից էժան գնով քարածխի ներմուծումը։ 2022-ին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 20 տոկոս։ Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալները աճել են 40 տոկոսով, որի շնորհիվ Չինաստանը գազ է արտահանում Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆրանսիա։

Կոնգրեսի Սենատ է մտցվել օրինագիծ Համաշխարհային բանկի կողմից Չինաստանի վարկավորումն արգելելու մասին

Արևմուտքն, իհարկե, խանդով էր մոտենում Չինաստանի առաջնորդի ու Պուտինի միջև շփումներին: Մյուս կողմից ԱՄՆ-ն մասնավորապես, անհաշտ պայքար է սկսել ընդդեմ Չինաստանի:

Բոլորովին վերջերս ամերիկացի սենատորների մի խումբ օրինագիծ է առաջարկել Համաշխարհային բանկի և Զարգացման ասիական բանկի կողմից Չինաստանի վարկավորումն արգելելու մասին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է հանրապետական սենատոր Ջոն Բարասոն (Վայոմինգի նահանգ)։ «Որպես այդ բանկերի ամենամեծ դոնոր՝ ԱՄՆ-ն պարտավոր է համոզվել, որ մեր փողերը և ռեսուրսներն ուղղվում են այն երկրներին, որոնք ամենից շատ ունեն դրանց կարիքը, այլ ոչ թե Չինաստանին։ Այս օրինագիծը վերջ կդնի Չինաստանի վարկավորմանը և կօգնի վերուղղորդել զարգացման բանկերի միջոցները զարգացման խնդիրների իրականացմանը»,- նշել է Բարասոն։

Նրա խոսքով՝ օրինագիծը, որին հավանություն է տվել ավելի քան 20 սենատոր, այդ թվում և Դեմոկրատական կուսակցության մեկ ներկայացուցիչ, ֆինանսների նախարարին պարտավորեցնում է ցուցումներ տալ հիշյալ կազմակերպությունների ամերիկացի ներկայացուցիչներին՝ «առարկելու Չինաստանին բանկի կողմից ցանկացած վարկի տրամադրմանը, վարկի երկարացմանը կամ տեխնիկական օգնությանը»։ Ինչպես նշել է Բարասոն, 2016-ից Համաշխարհային բանկը հավանություն է տվել Չինաստանի նախագծերին 9,6 մլրդ դոլար հատկացնելուն, իսկ Զարգացման ասիական բանկը հատկացրել է 10,6 մլրդ դոլարի վարկեր։

Մակրոնը Չինաստան այցելելու մտադրություն ունի

Չինաստանի դեմ Արևմուտքի արշավին զուգահեռ նկատելի է, որ Արևմուտքը նաև դեպի այդ երկիր քայլեր էլ է իրականացնում: Բոլորն են հասկանում, որ Չինաստանը գերտերություն է, և նրա դիրքորոշումների հետ բոլորը պետք է հաշվի նստեն` չնայած ամերիկյան ֆինանսական ճնշող քայլերին:

Ահա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օրերս հայտնեց Չինաստան այցելելու մտադրության մասին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ուղեկցությամբ։ «Ես Ուրսուլա ֆոն դեր Լյայենին առաջարկել եմ ուղեկցել ինձ Չինաստան իմ այցի ժամանակ»,- Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Մակրոնը։ Ֆրանսիայի ղեկավարը, սակայն, դեռևս չի նշել այդ այցի ժամկետը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2189 անգամ
Լրահոս
Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար Երևանի քաղաքապետարանը դիտարկում է ձմռան ամիսներին նոր տեխնոլոգիաներով ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու հարցը Ղարաբաղյան պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. հայտարարություն Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը և հայտնվել դաշտում. կան վիրավորներ Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» ՊՆ նախկին շենքը կպայթեցվի Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am