Անօդաչուներ ՌԴ օդային տարածքում, պայթյուններ Կրասնոդարի երկրամասի նավթաբազայում. Ինչ է կատարվում Ռուսաստանում

Պուտինը հրամայեց ուժեղացնել սահմանի պաշտպանությունը

Ռուսական սահմանն ուկրաինական անօդաչուների կողմից հատելու վերաբերյալ Մոսկվայի հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը:

Անօդաչու թռչող սարքերը, որոնք, ըստ Կրեմլի, արձակվել են Ուկրաինայից, հասել են Ռուսաստանի խորքեր, այդ թվում՝ մեկը թռչել է մայրաքաղաքից 100 կիլոմետր հեռավորության վրա։

Պաշտոնյաները հայտնում են, որ անօդաչուների հարվածներից որևէ մեկը չի վիրավորվել և ոչ մի զգալի վնաս չի հասցվել, սակայն երկուշաբթի գիշերն ու երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած հարձակումները հարցեր են բարձրացրել Ռուսաստանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ:

Ուկրաինացի պաշտոնյաներն անմիջապես չեն ստանձնել պատասխանատվությունը, բայց նրանք նաև խուսափել էին ուղղակիորեն ընդունել նախորդ հարվածների և դիվերսիաների պատասխանատվությունը, միաժամանակ ընդգծելով՝ Ուկրաինան ունի Ռուսաստանի ցանկացած թիրախի հարվածելու իրավունք։

Ինչո՞ւ էր Սանկտ Պետերբուրգի օդային տարածքը 2 ժամով փակվել

Փետրվարի 28-ին ավելի քան երկու ժամով փակվել էր Սանկտ Պետերբուրգի օդային տարածքը։ «Պուլկովո» օդանավակայանը դադարեցրել էր թռիչքներն ու վայրէջքները։
Իրավիճակի մասին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Պուտինը այդ հարցում տիրապետում է ողջ տեղեկատվությանը։ Մանրամասների համար նա խորհուրդ է տվել հետևել ավիացիոն իշխանությունների և զինվորականների հաղորդագրություններին։
Կեսօրն անց սահմանափակումները հանվեցին։ «Պետերբուրգի երկինքը բաց է, ժամանակավոր բոլոր սահմանափակումները հանվել են»,-ըստ «Ազատության», հաղորդել է Սմոլնիի Տելեգրամ ալիքը։

Տեղական ժամանակով 13։00-ի սահմաններում ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ռուսաստանի արևմուտքում հակաօդային պաշտպանության հերթապահ զորքերը վարժանքներ են անցկացրել, կիրառվել են նաև կործանիչներ։ Ըստ հաղորդագրության՝ կատարվել են օդային տարածքի պայմանական սահմանախախտին հայտնաբերելու և ինքնությունը պարզելու խնդիրներ։

Ռուսական մի շարք Տելեգրամ ալիքներ գրեցին, սակայն, որ Պետերբուրգի օդային տարածքը փակվել էր անհայտ թռչող ապարատ հայտնվելու պատճառով, որը արտաքինից նման էր մեծ ԱԹՍ-ի։

Սանկտ Պետերբուրգի երկինքը փակվելու միջադեպից բացի, հաղորդվեց, որ նախորդ գիշերվա ընթացքում անօդաչու թռչող սարքեր են ընկել Ռուսաստանի տարածքում՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կրասնոդարի մարզերում։ Մի շարք շրջանների բնակիչներին ռադիոյի և հեռուստատեսության միջոցով զգուշացրել են թաքնվել ապաստարաններում՝ պաշտպանվելու համար հրթիռային հարձակումներից։

Վերջին լուրի կապակցությամբ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն ասել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ԱԻՆ-ի՝ այդ ռադիոկայաններն ու հեռուստաընկերությունները ենթարկվել էին հաքերային հարձակման, նրանց սերվերները կոտրվել են։

Տուապսեում «Ռոսնեֆտի» բազայում հրդեհ էր բռնկվել

Երեկ հաղորդում էին, որ անցած օրը ժամը 2-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի «Ռոսնեֆտի» բազայում։ Տեղի բնակիչների պատմելով՝ մի քանի վայրկյանների տարբերությամբ բազայի տարածքից երկու պայթյունների ձայն են լսել։ Մոտակա տների լուսամուտների ապակիները փշրվել են։

Մի քանի Տելեգրամ ալիքներ գրել էին, որ նավթի բազան ենթարկվել է դրոնների հարձակման։ Քաղաքի վարչակազմից, այնուհետև հայտնել էին, որ հրդեհը բազայի տարածքում բռնկվել է օժանդակ շինությունում։ Ապա հայտնեցին, որ տուժածներ չկան, նավթի պահեստները չեն վնասվել, արտահոսք չի եղել, կրակը մարվել է։

Ռուսները բոլոր ուժերը կենտրոնացնում են Բախմուտի վրա», հայտնեց Ուկրաինայի գլխավոր շտաբը

Ուկրաինայի գլխավոր շտաբի անցած օրվա զեկուցագրի համաձայն, Դոնբասի շրջանում ռուսական ուժերի գերնպատակն է դարձել Բախմուտի (ռուսերեն՝ Արտյոմովսկի) գրավումը: Ստորաբաժանումների գերիշխող մեծամասնությանը հրահանգվել է կենտրոնանալ այդ խնդրի վրա: Նախորդ օրը անցած 24 ժամում ուկրաինացիները հետ են մղել ռուսների ավելի քան վեց տասնյակ գրոհներ:

Ըստ «Ազատության», Վլադիմիր Զելենսկին օրերս ավանդական տեսաուղերձում խոստովանել է, որ վիճակն այնտեղ ծայրահեղ դժվար է: Ռուսները շարունակում են հարձակումը Լիմանսկի, Ավդեևկայի և Շախտարսկի ուղղություններով, բայց հիմնական նրանց թիրախը Բախմուտն է մնում: «Ես մշտական կապի մեջ եմ հրամանատարների հետ, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում արևելքին, հատկապես Դոնեցկի շրջանին, Բախմուտի հատվածում իրավիճակը հետզհետե ավելի բարդ է դառնում, թշնամին ոչնչացնում է այն ամենն, ինչը կարելի էր օգտագործել որպես պաշտպանական կառույց: Բախմուտը պաշտպանող մեր զինվորներն իսկական հերոսներ են»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսները փորձում են ցանկացած գնով վերցնել Բախմուտը: Կիևի համոզմամբ, այնտեղ և ռազմաճակատի մյուս հատվածներում ռուսական ուժերի հարձակումները զսպելու համար անհրաժեշտ են արդիական մարտական օդանավեր: Երեկ Զելենսկին կրկնել է Արևմուտքին հասցեագրված կոչը:

«ՀՕՊ-ն ամբողջական է, եթե կան արդիական ինքնաթիռներ»

«Մեզ հակաօդային պաշտպանության համար օդուժի բաղադրիչն է անհրաժեշտ, արդիական ինքնաթիռներ ամբողջ տարածքը ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու համար: ՀՕՊ-ն ամբողջական է լինում, երբ կան նաև ինքնաթիռներ, արդիական ինքնաթիռներ: Մեր օդաչուները, օդուժի մեր մասնագետները հրաշալի են աշխատում, բայց մենք ի զորու կլինենք ամբողջապես երաշխավորել մեր երկնքի պաշտպանությունը, միայն երբ ամբողջապես վերացվի մեր գործընկերների հետ հարաբերություններում ավիացիոն բաղադրիչի արգելքը»,- հայտարարել է Զելենսկին:
«Կա իրողություն, Ռուսաստանն ունի նոր չորս միավոր, դա չի կարելի անտեսել»
Արդեն 370 օր է տևում ռուս-ուկրաինական պատերազմի մղձավանջը: Ե՞րբ խաղաղություն կլինի: Այս հարցում կողմերն ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ուկրաինական կողմի հետ բանակցությունների հնարավորություն չկա, քանի որ Կիևն ի պաշտոնե հայտարարել է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության հետ բանակցություններն արգելելու մասին:
Բացի այդ, ըստ Պեսկովի, «կան իրողություններ, Ռուսաստանն ունի չորս նոր տարածքային միավոր, դա չի կարելի անտեսել: Կա Ռուսաստանի Սահմանադրություն, որը չի կարող անտեսվել ոչ մեկի կողմից, և որից ռուսական կողմը երբեք չի հրաժարվի: Կան նաև «հատուկ ռազմական օպերացիայի» նպատակները, որոնց իրականացումը շարունակվում է»,- ասել է Պեսկովը:

«Հնարավոր էին բարդ բանակցություններ, բայց Արևմուտքը դա մերժեց»

Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ այսպես կոչված՝ հավաքական Արևմուտքը պետք է Ռուսաստանի հանդեպ մոտեցումը փոխի, հաշվի առնի անվտանգության հարցում Ռուսաստանի մտահոգությունները: «2021-ին Ռուսաստանը երկու ծրագրային պայմանագրերի օրինագծեր է փոխանցել Արևմուտքին {ՌԴ ու ԱՄՆ-ի և ՌԴ ու ՆԱՏՕ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին}, դրանք պետք է կարգավորեին փոխհարաբերություններն անվտանգության հարցում, դրանց շուրջ կարող էին ծավալվել, թերևս, դժվար, լարված, բարդ բանակցություններ, բայց, ի վերջո, դրանք կլինեին բանակցություններ, սակայն Արևմուտքը մերժել է քննարկումը»,- ասել է Պեսկովը «Իզվեստիա» պարբերականին փետրվարի 28-ին տված հարցազրույցում:

«Կվերադարձնենք այն ամենն, ինչ ռուսական գերության մեջ է», ասում է Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին էլ Կիևի մոտեցումն է ներկայացրել, ընդգծելով, որ Ուկրաինան անպայման պետք է վերադարձնի այն ամենն, ինչ հիմա ռուսական գերության մեջ է: «2014-ին ռուսները բռնակցել են Ղրիմը, տրամաբանական է, որ Ղրիմի ազատագրումը կդառնա այն պատմական վերջակետը, որը կդրվի Ուկրաինայի, Եվրոպայի և Ասիայի ժողովուրդների կյանքն ավերելու Կրեմլի փորձերի վրա»,- ասել է Զելենսկին: Նրա համոզմամբ, պետք է գերակայի միջազգային օրենքը, և այդ դեպքում Ղրիմը, Դոնբասը, Ազովի ծովը, Խերսոնը, բոլոր զավթված տարածքները նորից կդառնան ուկրաինական:

«Մենք փոքր մարդիկ ենք, Պուտինը սկսել է, թող Պուտինն էլ ավարտի»

Արյունալի պատերազմը շարունակվում է, մինչդեռ, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի, ռուսաստանցիների 59 տոկոսը գոհ է կյանքից, 24 տոկոսը մասամբ գոհ է, մասամբ դժգոհ, և ընդամենը 17 տոկոսն է բացահայտ դժգոհ: «Լևադա» կենտրոնի» մի հարցում էլ վկայում է, որ նորից փոքր-ինչ բարձրացել է «հատուկ ռազմական օպերացիային» աջակցողների թիվը:

«Լևադա» կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը համաձայն չէ, թե այդ թիվն աճել է: Այն, ըստ սոցիոլոգի, պարզապես կայունացել է: 2022-ի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ հայտարարվել է մասնակի զորակոչը, աջակցությունը նվազել է, կտրուկ ավելացել է բանակցային լուծման կողմնակիցների թիվը, բայց երբ զորակոչի հետ կապված տագնապը մարել է, և մարդիկ համոզվել են, որ ոչ բոլորին են տանում բանակ, վիճակը կայունացել է:

«Նաստոյաշչեե վրեմյա» ծրագրի թղթակցի հետ զրույցում «Լևադա» կենտրոնի ղեկավարը նշել է, որ այդուհանդերձ, այո, պատերազմի աջակիցների թիվը գերակայում է: «Մարդիկ ունեն նախապատվություններ, բայց մեծամասնությունը, թե՛ օպերացիայի աջակիցները, թե՛ ընդդիմախոսները, հարցի լուծումը պատվիրակում են իշխանությանը: «Մենք փոքր մարդիկ ենք, քիչ ենք հասկանում, թող իշխանությունը որոշի: Իշխանությունն է սկսել, Պուտինը սկսել է, թող Պուտինն էլ ավարտի: Այս է մեծ մասի դիրքորոշումը»,- ասել է Դենիս Վոլկովը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6028 անգամ
Լրահոս
Կամ բերման կենթարկեք, կամ կուղեկցեք. Բագրատ Սրբազանը՝ իր ճանապարհը փակած ոստիկաններին (video) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (video) Հարցը պիտի լուծենք Երևանում․ Հայաստանը կործանում են սրանք․ Արմեն Աշոտյան (video) «Բաքվին ծառայող «մլիցա» մի՛ եղեք»․ ակցիա՝ կառավարության դիմաց (video) ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը թուրքերին հանեց կիրանցիների դեմ․ Կարինե Նալչաջյան (video) Մինչև մայիսի 8-ը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ են տվել․ Նաիրա Զոհրաբյան (video) Լեւոն Քոչարյանի օգնականը մանրամասներ է ներկայացնում ԱԺ այգում տեղի ունեցած միջադեպից (video) Մեզ գյուղ թույլ չեն տալիս մտնել. Գառնիկ Դանիելյան Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին (video) Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են Ընդամենը 2 րոպե տևեց. խփելով, քարշ տալով, բերման ենթարկեցին․ բերման ենթարկվածներ (video) Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին (video) Ժողովրդիս ծեծել, ջարդել եք, ո՞նց չեք թողնում գնամ գյուղ․ Բագրատ Սրբազանը` ոստիկանին (video) Ազգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները Հայեր ջան․ չմտածե՛ք՝ հաղթելու ենք, սրանց վերջը գալու է․ Արշակ Զաքարյանին տանում են ոստիկանական բաժին (video) «Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ» ՇՏԱՊ․ հենց հիմա ոստիկանները ծեծուջարդով թուրքին ճանապարհ են տալիս․ Նաիրա Զոհրաբյան (video) Հենց Նիկոլը կիրանցիներին ասաց՝ «սիրելի», հասկացա՝ ջարդ է անելու․ Գեղամ Նազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am