ՌԴ-ն արցախյան ու ադրբեջանական կողմերի միջև հանդիպում է կազմակերպել. Մոսկվայի ուղերձները` Փաշինյանին և Արևմուտքին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում մի շարք ուշագրավ տեղեկություններ է հայտնել հայ-ադրբեջանական թեմայով, Արցախում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանում Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման առնչությամբ:

Արցախի ներկայացուցիչները Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

 Ղարաբաղի ներկայացուցիչները օրերս Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ա․ Վոլկովի մասնակցությամբ, երեկ, ըստ «Ազատության», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Հիշեցնելով, որ ինքը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանցի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդել է, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Թե որն է նման լավատեսության պատճառը, նա չի հստակեցրել: Խոսելով շրջափակման պատճառներից էլ՝ որևէ խոսք չասաց էկոակտիվիստների վերաբերյալ։
«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։

Մենք շատ պարզ բան ենք առաջարկել․ խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան»,- ասել է Լավրովը։

«Հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին», ասում է Լավրովը

Երեկվա ասուլիսում, որի ընթացքում ՌԴ արտգործնախարարը ամփոփում էր անցած տարվա զարգացումները, Լավրովը անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում առկա տարաձայնություններին, այդ թվում՝ Հայաստանի մասով։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են դաշինքի անդամ երկրները ժամանակ առ ժամանակ միմյանցից տարբերվող տեսակետներ հայտնում միջազգային զարգացումների վերաբերյալ, Լավրովն ասել է, թե ՀԱՊԿ-ում, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանման քվեարկելու պահանջ չկա, այս համատեքստում հիշատակեց դիրքորոշումները Ադրբեջանի վերաբերյալ։

«Մեր հայ գործընկերները առաջ էին տանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունություն ապահովելու համար։ Եվ մենք երևանյան գագաթնաժողովում համաձայնեցրել էինք այդ փաստաթուղթը, առաքելության չափորոշիչները, բայց այն ընդունել չհաջողվեց, քանի որ հայ գործընկերները սկսեցին պնդել, որ լինի կոշտ քննադատություն Ադրբեջանի հասցեին։ Մենք բացատրեցինք, որ եթե խոսքը դատապարտման մասին է, հռետորաբանության, դիրքորոշումների արտահայտման, ապա ամեն ոք իրավասու է անել, ինչ ուզում է։ Իսկ եթե ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, դա, պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ինչ-ինչ հայտարարություններով, հատկապես՝ կոշտ», - շեշտեց ԱԳ նախարարը։

Չհստակեցնելով՝ դաշինքի անդամներից որը կամ որոնք են խուսափել կոշտ արտահայտվել Ադրբեջանի հասցեին, Լավրովը միաժամանակ պնդեց, թե «ՀԱՊԿ-ը դեռևս մնում է պատրաստակամ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման»։

Հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի

Լավրովը նաև հարկ է համարել խոսել նաև Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։ «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», - զգուշացրեց Լավրովը։

Նույնը նաև Ադրբեջանի նախագահն էր հայտարարել։ Մեկ շաբաթ առաջ տված հարցազրույցում Իլհամ Ալիևը պնդել էր, թե Ադրբեջանը համաձայնել էր միայն եվրոպացիների նախորդ՝ երկամսյա դիտորդությանը, և սպառնացել, թե նրանց նոր, երկարաժամկետ առաքելությունը «տարածաշրջանի անվտանգությանը չի նպաստի»։
Հայկական կողմը, մինչդեռ, հայտարարում է, թե կարևոր է, որ դաշինքը դատապարտի ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ և դրանով իսկ արձանագրի՝ որտեղ է կարմիր գիծն ու իր պատասխանատվության գոտին։

«Ի պատասխան մեր հարցումների և դիմումների՝ ստացել ենք դիտարկում այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները դեմարկացված չեն: Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն՝ այդ դեպքում որտեղո՞վ է անցնում այն կարմիր գիծը, որն արդեն մենք միջպետական հարաբերություններում արձանագրել ենք: Երևանում կայացած գագաթնաժողովում մեր առաջադրած հիմնական խնդիրն այն է, որ ոչ միայն տեսականորեն, այլև գործնական խնդիր ունենք ի ցույց դնելու և հասկանալու, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,- օրեր առաջ ասել էր Փաշինյանը:

Նույն օրը Փաշինյանը ուղիղ պատասխան չէր տվել հարցին՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե ոչ։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր պնդել է, թե չնայած տարաձայնություններին՝ դաշինքում ստանձնած պարտավորությունները կասկածի տակ դնել որևէ մեկը չի պատրաստվում։ «Մեր բոլոր դաշնակիցները հասկանում են և ընդգծում, որ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասով որևէ հակասություն չի լինելու։ Նման հավաստիացումներ են տալիս նաև մեր հայ բարեկամները։ Այստեղ, ինձ թվում է, պետք է անկեղծ ու բաց խոսակցություն լինի, և մենք այդ դեպքում կարող ենք գտնել լուծումներ», - հավելեց նա։

Լավրովը` տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին

Լավրովն այսօր խոսել է նաև տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին։ Հարցին, թե միջազգային որ օրենքով է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա և սեփականը ճանաչում այդ երկրի մի շարք տարածքներ, արտգործնախարարը ՄԱԿ-ի կանոնադրությունն է հիշատակել, որտեղ ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները դրված են նույն հորիզոնականի վրա։ «Շարունակ հարց էր հնչում՝ այդ սկզբունքներից որն է առաջնային: Ստեղծվեց հատուկ ընթացակարգ, որի արդյունքում 1970-ին ի հայտ եկավ և մինչ այժմ ուժի մեջ է գլխավոր վեհաժողովի հռչակագիրը։ Այնտեղ մի ամբողջ հատված կա ինքնորոշման վերաբերյալ, և ասվում է, որ բոլորը պարտավոր են հարգել տարածքային ամբողջականությունը այն պետությունների դեպքում, որոնց կառավարությունները պահպանում են ինքնորոշման իրավունքը և ներկայացնում են այդ տարածքում ապրող բոլոր ժողովուրդների շահերը», - նշեց նա։

Լավրովը Ուկրաինայի նախագահի խոսքերն է մեջբերել, թե «եթե որևէ մեկն իրեն ռուս է համարում, թող հեռանա Ռուսաստան», խոսել Դոնբասի ու Դոնեցկի գնդակոծություններից, թե դա ցույց է տալիս, որ Կիևը նրանց շահերը չի ներկայացնում, և այդ շրջաններում ապրողներն ինքնորոշման իրավունք ունեն։

Ասուլիսում ներկաներից որևէ մեկը, սակայն, չի հարցրել՝ արդյոք Մոսկվան պատրաստ է նույն սկզբունքն առաջ տանել նաև Ղարաբաղի դեպքում, որը պարբերաբար հայտնվում է ադրբեջանական կրակի տակ, և մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։

Ինչևէ, Լավրովի շուրթերով երեկ Մոսկվան հստակ ուղերձներ հղեց Երևանին ու Արևմուտքին, որ Մոսկվան կշարունակի Արցախի ու Ադրբեջանի միջև հանդիպումներ կազմակերպել, իսկ Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության տեղակայումը Մոսկվայի շահերին դեմ է:

Մնացածն, ինչպես ասում են, Փաշինյանի որոշելիքն է...

Վաշինգտոնը վերջին շրջանում «հետընթաց» է տեսնում, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին

Իսկ ահա Վաշինգտոնը հետընթաց է տեսնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում...

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղ ունեցած հեռախոսազրույցից հետո պատրաստվում է զրուցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը նոր հանդիպում է նախապատրաստում, Փրայսն ասել է. «Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն ի վերջո առավել օգտակար է: Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան գործընկերների հետ՝ պետքարտուղարի նախագահությամբ, եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում:

Իհարկե, վերջին շրջանում մենք հետընթացի ենք ականատես եղել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառուցողական երկխոսությունը կվերադառնա հունի մեջ: Մենք պատրաստ ենք երկկողմանի համագործակցության. մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի հետ կամ, եթե և երբ տեղին է, եռակողմ ձևով, ինչպես դա արել ենք նախկինում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2060 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննա՛, երեխային ծեծողը ձերոնցական է՝ քայլիստուհի կամ քայլիստամետ... Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am