Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում «փայտի բիզնես» է սկսել

Հետք-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից, Ուկրաինայում անցյալ տարի ընկերություն է հիմնել:

Սիփան Փաշինյանը համատեղ բիզնես է սկսել Չերկասիում հայտնի Ղազարյանների հետ

2022 թ. սեպտեմբերի 13-ին Չերկասի քաղաքում գրանցվել է Նարեկ Ղազարյանի եւ Սիփան Փաշինյանի «ՉերՎուդ» ՍՊԸ-ն («CherWood»): Սեփականատերերը կիսում են ընկերության բաժնեմասերը 50-50 հարաբերակցությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը 25 հազ. ուկրաինական գրիվնա է: Դրա տնօրենը Նարեկ Ղազարյանի հարազատ եղբայրն է՝ Արթուրը:

«ՉերՎուդ» անունը պատահական չէ ընտրված: Այն բաղկացած է «Չերկասի» եւ անգլերեն «wood» (փայտ) բառերից, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերության գործունեությունը կապված է փայտամշակման հետ: Այդպես էլ կա: Համաձայն ուկրաինական ռեգիստրի՝ Փաշինյանի ու Ղազարյանի ընկերության հիմնական գործունեությունը բնափայտի սղոցումն ու ռանդումն է (նման արտադրանքի թողարկումը), գործունեության այլ տեսակներ են նշված նրբատախտակի եւ պանելների արտադրությունը, շինարարական փայտե կոնստրուկցիաների արտադրությունն ու ատաղձագործական գործունեությունը, փայտե տարայի արտադրությունը, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաեւ սեփական կամ վարձակալված անշարժ գույքի վարձակալության հանձնումն ու կառավարումը:

Հատկանշական է, որ ուկրաինական ռեգիստրում Սիփան Փաշինյանի տվյալներում քաղաքացիության ու գրանցման երկիրը նշված է Ուկրաինան: Նրա եւ Ղազարյան եղբայրների անունների դիմաց որպես հասցե նշված է Չերկասի քաղաքի Դնեպրի հերոսների փողոցի բնակելի շենքերից մեկը: Նույն հասեցում է գրանցված նաեւ «ՉերՎուդ» ՍՊԸ-ն: Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նարեկ եւ Արթուր Ղազարյանները գործարար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների եղբոր՝ Պետրոսի որդիներն են: Անդրանիկ Թելմանի Ղազարյանը նաեւ ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում:

Ա. Ղազարյանը «Նադիա» ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն:

Ղազարյանների բիզնես գործընկերներից են գործարար Տկաչենկո եղբայրները, որոնցից Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր: Թռչնաբուծական բիզնեսում Տկաչենկոների եւ Ղազարյանների գործընկերներից է 2010-2018 թթ. Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով 2017-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր «Ծառուկյան» եւ ԲՀԿ խմբակցություններից: Մանուկյանը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է:

34-ամյա Նարեկ Ղազարյանը եւս ոչ միայն ներգրավված է ընտանեկան բիզնեսում, այլեւ Չերկասիի քաղաքական կյանքում: Նա Չերկասիի քաղաքային խորհրդի պատգամավոր է, դրա խմբակցություններից մեկի ղեկավարը: Ընդ որում՝ առաջին անգամ Ն. Ղազարյանը քաղաքային խորհրդի անդամ է դարձել 2010-ին՝ 21 տարեկանում:

Ղազարյաններն ու Փաշինյանները հին ծանոթներ են

ՀՀ քաղաքացի, Իջեւանի գրանցում ունեցող Սիփան Փաշինյանի ու Չերկասիում ապրող եւ գործունեություն ծավալող Ղազարյանների կապը պատահական չէ, քանի որ վերջիններս եւս Իջեւանից են: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանը Իջեւանի նույն թաղից են եղել: Նրանք նաեւ սերնդակիցներ են, Ա. Ղազարյանը 53 տարեկան է, Ն. Փաշինյանը՝ 48․․․

․․․Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել խորհրդային տարիներին կառուցված Իջեւանի համանուն հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։ 2020-ի ամռանն էլ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Հետաքրքիր է, որ 2021-ի հուլիսին, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Սիփան Փաշինյանը ներկա է եղել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ Չերկասիի այն ժամանակվա մարզպետ Ալեքսանդր Սկիչկոյի հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության այն հնարավորությունները, որ տալիս է դեռ 2009 թ․ ստորագրված Չերկասիի ու Տավուշի մարզերի միջեւ տնտեսական ու մշակութային համագործակցության մասին մտադրությունների արձանագրությունը։ Հատկանշական է նաեւ, որ ներկայում ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը վարչապետ Փաշինյանի աներորդին է՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վերջինս եւ Սիփան Փաշինյանը նախորդ գումարման ԱԺ-ում էլ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամներ էին:

Հիշեցնենք նաեւ, որ բիզնեսից անմասն չի մնացել նաեւ Սիփան Փաշինյանի հայրը՝ Արտակ Փաշինյանը: Վարչապետի ավագ եղբայրը 2020 թ․ սեպտեմբերին «Հայանտառ» ՊՈԱԿ-ից երկու հողակտոր է վարձակալել Տավուշի Սեւքարի անտառտնտեսության տարածքում՝ 0,5 հա եւ 0,2 հա մակերեսներով։ «Հետքի» հետ զրույցում Ա. Փաշինյանը հայտնել էր, որ տարածքը վարձակալվել է տուրիստական նպատակներով, զրուցարաններ են տեղադրվել, գիշերակացի համար էլ փայտաշեն կառույցներ են դրվել: 2020-ի սեպտեմբերին գրանցված «Արտակ Փաշինյան Վովայի» ԱՁ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է հյուրանոցների տրամադրման ծառայություններով:

Մանրամասները՝ Հետք-ում։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Բազմաթիվ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am