Փաշինյանն Արցախը թողել է Մոսկվայի ուսերին, Մոսկվան` Փաշինյանի ու Ալիևի ուսերին, Վաշինգտոնը` Պուտինի ու Ալիևի ուսերին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության. «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով տեղաշարժը շուտափույթ կերպով լիարժեք բացելու անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությամբ: Շեշտադրվել է նաև, որ անհրաժեշտ է հասնել փոխադարձաբար ընդունելի լուծումների՝ ուղեկցող բոլոր հարցերի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերականգնել համալիր աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների»:

Այսինքն, Մոսկվան ոչ թե պահանջում է, այլ «ընդգծում» է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած` «եթե ուզում եք, բացեք, չեք ուզում, դուք գիտեք...»
Երեկ նաև տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ մշտական խորհրդում հատուկ նիստ է հրավիրվել, որտեղ խոսել է նաև Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Վերջինս էլ` «Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անուն «փոխադարձաբար ընդունելի լուծում» գտնել Լաչինի ճգնաժամի» վերաբերյալ:

«Տարածաշրջանում վատթարացող մարդասիրական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Բնակությունը չպետք է դառնա Բաքվի ու Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը: Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուս խաղաղապահ զորամիավորման վերահսկողության տակ և օգտագործվի այն նպատակներով, որոնք սահմանված են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Կոչ ենք անում մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին բարի կամք դրսևորել և համատեղ գտնել փոխզիջումային տարբերակ՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի շուտափույթ կարգավորման, հանքավայրերի շահագործման պայմանների համաձայնեցման և էլեկտրամատակարարման խնդիրների կարգավորման համար»,- ըստ aravot.am-ի, ասել է Լուկաշևիչը՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է այդ գործում աջակցություն ցուցաբերել:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ինչպես քաղաքական մակարդակով», այնպես էլ «գետնի վրա»՝ շահագրգիռ կողմերի հետ շփումներով ձեռնարկում է «բոլոր հնարավոր քայլերը լարվածությունը թուլացնելու» և իրավիճակը կարգավորելու համար: Ըստ Լուկաշևիչի՝ «կայուն և երկարատև» լուծումը հնարավոր է միայն «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածության բոլոր դրույթների անշեղորեն կատարման» պարագայում: «Ցանկացած սադրիչ գործողություններ և հրապարակային հարձակում Ռուս խաղաղապահ առաքելության նկատմամբ անընդունելի ենք համարում և կարծում ենք, որ այն վնաս է հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին: Ռուս խաղաղապահներն առանցքային դեր ունեն իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը վերահաստել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները Սոչիում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հանդիպմանը»,- ասել է Լուկաշևիչը:

ԱՄՆ-ն էլ «լրջորեն անհանգստացած է», որ Լաչինի միջանցքն ավելի քան 30 օր արգելափակված է, ինչը Լեռնային Ղարաբաղում առաջացրել է սննդամթերքի, դեղորայքի և այլ պաշարների խիստ պակաս: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդում Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված նիստում ասել է ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարբենթերը՝ հավելելով, որ դրանք անվիճելի փաստեր են: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին, անհապաղ վերականգնել անխափան տեղաշարժը, համաձայն ստանձնած հանձնառությունների, որոնք հստակ ներառում են երաշխիքներ, ինչպես դուք [ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը] մեջբերեցիք, «Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգության համար»: Լաչինի ճանապարհով մասնավոր և առևտրային բնույթի երթևեկության շարունակական խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար և կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության մասնավոր իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից»,- ասել է Քարփենթերը:

Նա նաև նշել է, որ ինքն ակնկալում է, որ բովանդակային քննարկում տեղի կունենա Լեհաստանի նախագահության Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: «ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտները լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել երկու երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով:

Արցախի բլոկադան դարձել է անլուծելի խնդիր Հարավային Կովկասում խաղացողների համար, հարցը մտել է փակուղի: Բոլորը խոսում են, հորդորում, կոչերով հանդես գալիս, իսկ Արցախում ուղղակի խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի` Ռուսաստանի ներկայացուցիչն էլ, փաստորեն, Հայաստանին ու Ադրբեջանին է կոչ անում` «փոխադարձաբար ընդունելի լուծում» գտնել Լաչինի ճգնաժամի» շուրջ:

Այսինքն, Փաշինյանն Արցախը թողել է Մոսկվայի ուսերին, Մոսկվան` թողել է Փաշինյանի ու Ալիևի ուսերին, իսկ ԱՄՆ-ը հորդորում է, որ Պուտինն ու Ալիևը բացեն Լաչինի միջանցքը:

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1615 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները․ «Լույս» Ադրբեջանական ԶՈՒ-ն Շուշիի շրջանում հատել է շփման գիծը և զբաղեցրել 20-54 բարձունքը. Փաշինյան (video) Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի «Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի» (video) Քաղցր բառեր, դառը իրականություն (video) Էդգար Ղազարյանը ցանկանում է ՔՊ-ական պատգամավորների հետ Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է (video) Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am