Ալիևը պատասխանեց Նիկոլին, Նիկոլի գիծն էլ է պարզ, միայն պարզ չէ, թե ինչպես է Նիկոլը շարունակում Հայաստան ներկայացնել

«Բոլորդ հարցնում եք՝ ի՞նչ են անում իշխանությունները, որ Լաչինի միջանցքը բացվի: Զորք հավաքեք, գնացեք բացեք՝ դա կբերի Հայաստանի կորուստի․ MediaHub-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե Արցախը կորցնում ենք, պատգամավորը հակադարձում է. «Արցախը կորցնել լավա՞, թե՞ Հայաստանը։ Հիմա գնա Վան, Արդահան, Կարս ասա՝ իմ հայրենիքն ա։ 100 տարի առաջ Կարսն էլ էր քոնը»։

Հասել ենք, մի իրավիճակի, որ Հայաստանում նման մտքերն արդեն ուղիղ, հրապարակավ ոչ թե արտահայտում է ցածր կրթական ցենզ ունեցող ընտրազանգվածը, որոնք էլ հենց Փաշինյանի իշխանության միակ հենարանն են, այլ` Ալիևի անհագուրդ ախորժակը բացած ՔՊ-ական պատգամավորները:

Այս իշխանությունների պայմաններում արդեն ոչնչից զարմանալ, իհարկե, չի կարելի: Այսքան պատահականություններ, զուգադիպություններ, իսկապես, չեն կարող լինել: Սա քաղաքական հստակ գիծ է: Այլապես ինչպե՞ս բացատրես փաստը, որ Ալիևը Բաքվում նստած հայտարարում է, թե «ադրբեջանցիները պետք է վերադառնան պատմական հայրենիք, որն այսօր Հայաստանի տարածքում է», իսկ Երևանում ՔՊ-ականները արդարացնում են իրենց շեֆի գործունեության արդյունքում Արցախի հանձնումը Ադրբեջանին:

Ու սա ասվում է այն պայմաններում, երբ Ալիևն արդեն ներկայացնում է պահանջներ Հայաստանի տարածքների նկատմամբ:

Մենք հասել ենք մի իրավիճակի, որ ոչ միայն Ալիևի հայտարարություններին գործնականում ընդդիմացող իշխանություն չունենք, այլ հակառակը` սա մի իշխանություն է, կարծես, ձայնակցում է ադրբեջանական իշխանության ընդդեմ Հայաստանի ոչնչացման քաղաքականությունը:

Ինչ քարոզչություն ուզում են իրականացնեն, թե` «Նիկոլը մեղք չունի, ով էլ լիներ` սենց էր լինելու», միևնույն է, ակնհայտ փաստը հետևյալն է, Փաշինյանի իշխանությունը պատերազմի պարտությունից հետո այսօր Հայաստանն էլ է տանում պարտության:
Ընդհանրապես, որևէ մեկը տեսե՞լ է, լսե՞լ է ՔՊ-ական որևէ պատգամավոր պատասխանի Ալիևի կամ Ադրբեջանի իշխանության որևէ այլ ներկայացուցչի հոխորտանքներին: Բառացիորեն մեկ-երկու օր առաջ են այդ հոխորտանքները տարածվել ադրբեջանական մամուլով:

Ալիևի այդ հայտարարությունները նրանք չեն լսո՞ւմ` «Ժամանակն է ավելի բաց խոսել մեր վերադարձի մասին Զանգեզուր», կամ՝ «մենք երբեք հանդես չենք գալիս նախաձեռնություններով, որոնք անհնար է իրագործել», «վստահ եմ՝ մենք կհասնենք այս նպատակին ևս, և կվերականգնենք պատմական արդարությունը»։

Պատմական արդարությունը վերականգնելու, ինչպես իրենք են ասում՝ «Արևմտյան Ադրբեջան»՝ Սյունիք ու Երևան վերադառնալու մասին, Ալիևը հրապարակավ խոսեց անցած տարվա դեկտեմբերի 24-ին։ Այդ օրը իշխանությունները Բաքվում հատուկ միջոցառում էին կազմակերպել «Արևմտյան Ադրբեջանից» տեղահանված համայնքի համար՝ քարտեզների ու պատմական փաստաթղթերի ցուցադրությամբ։

«20-րդ դարի սկզբին թվագրված այս շենքում ցուցադրված քարտեզը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի պատմական հողն է, քաղաքների և գյուղերի անունները ադրբեջանական ծագում ունեն, և մենք լավ գիտենք, որ ադրբեջանական ժողովուրդը պատմության ընթացքում ապրել է այսօրվա Հայաստանի տարածքում։ Հիմա գլխավոր խնդիրն է այդ մասին տեղեկացնել համաշխարհային հանրությանը», - ասել էր Ալիևը։

Իր ծավալուն ու ինչպես պաշտոնական աղբյուրներն են նշում՝ «ծրագրային» ելույթում Ալիևը պնդել էր, թե ներկայիս Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, մոտ 90 գյուղում էլ նրանք եղել են մեծամասնություն, և պետք է վերադառնան՝ խաղաղ ճանապարհով։ «Կանխատեսում եմ, որ Հայաստանում կրկին հիստերիա է սկսվելու, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել և այլն։ Ոչ։ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով և միջազգային կոնվենցիաներով», -ասել էր Իլհամ Ալիևն ու պնդել՝ պետք չէ ժամանակ կորցնել։

Ի գիտություն ՔՊ-ական պատգամավորների, նշենք, որ ըստ «Ազատության», այս հորդորից անմիջապես հետո՝ Ալիևի ելույթի հաջորդ օրն իսկ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են հոդվածներ ու հարցազրույցներ հրապարակել՝ «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» խորագրով։ Պատգամավորները, պատմաբանները, ակադեմիկոսները, լրագրողներն ու մշակույթի գործիչները մեկը մյուսի ետևից պնդում են՝ առաջնորդը նախանշեց այս տարվա գլխավոր անելիքը։ «Նախագահի ելույթը մեր պատմական հայրենիք վերադարձի ճանապարհային քարտեզն է»,-խորհրդարանում հայտարարել էր պատգամավոր Մուսա Գուլիևը։ Նախագահի հանդիպումը արևմտյան ադրբեջանցիների հետ հստակ ցույց տվեց մեր նպատակները, իր հերթին պնդել է ռազմական փորձագետ Ադալաթ Վերդիևը:

Իսկ դեկտեմբերի 24-ից՝ Ալիևի ելույթից հետո, Պետական «Ազերթաջ» գործակալության կայքում միայն օրական առնվազն մեկ նյութ է հրապարակվում այս թեմայով։ Ըստ «Ազատության», եղել են նաև գործնական քայլեր․ Պատմության ինստիտուտում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» գծով հատուկ բաժին, նույնը՝ բանահյուսության ինստիտուտում, համաժողով է կազմակերպվել «Մեծ վերադարձի թեմայով», պետական լրատվամիջոցներում էլ ի հայտ են եկել հատուկ քարտեզներ, որտեղ ներկայացված են իբրև թե Ադրբեջանի հողերը՝ իրենց պատմական անուններով։ Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկն էլ տեղեկացրել է, որ պատրաստվում են տարին մեկ կամ երկու միջազգային գիտաժողով կազմակերպել՝ այս հարցը հանրայնացնելու համար։

Իսկ Փաշինյանը, պարզվեց, սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ալիևի պատասխանին:

Ալիևը պատասխանում է իր պահանջները ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ... Իսկ ի՞նչ եք դուք պատասխանում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի զավթողական հրապարակային քաղաքականությանը...

Ալիևի առաջին՝ դեկտեմբերյան ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց՝ դա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ խաղաղության և կայունության հաստատմամբ: «Ալիևը հնչեցնում է նոր տարածքային պահանջներ», - ընդգծել էր պաշտոնական Երևանը՝ հորդորելով միջազգային գործընկերներին հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը:

Բայց ի՞նչ է անում Ալիևը... Նա նույն պահանջները կրկնեց նաև երկու օր առաջ։
Ի դեպ, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ծրագիրը Ալիևը հրապարակեց իր ծննդյան օրը, հատուկ ընդգծելով՝ 44 օրյա պատերազմից առաջ ծննդյան տոները գրավյալ տարածքներից տեղահանվածների հետ է նշել, խոստանալով, որ նրանք հայրենիք կվերադառնան։ «Այսօր նույնը անում եմ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, և կարծում եմ, որ սա խորհրդանշական նշանակություն կունենա»,- ասել էր նա։

Սրանք են Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» արդյունքները Արցախի ու Հայաստանի համար և «0» պատասխանատվության զգացում տեղի ունեցածի ու դեռ տեղի ունեցողի նկատմամբ:

Միակ ռեսուրսը, որը ծախսում է Փաշինյանի իշխանությունը, դա է այն է, թե ինչպես իր գործած մեղքերը բարդի բոլորի վրա, սակայն իրենք շարունակեն մնալ իշխանության ղեկին:

Թե` ինչո՞ւ է ձգտում ամեն գնով մնալ իշխանության, հարցի պատասխանը «թաքնված» է նրա վարած գծի կյանքի կոչման հետ: Այլ բացատրություն, ուղղակի արդեն, դժվար է գտնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3148 անգամ
Լրահոս
Եթե նա գա. Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի. Ալիևի առաջ կրկին արդարանում է Ադրբեջանական զորքերը հայտարարել են նոր տարածքներ վերցնելու մասին Երևանում կառուցվող էլիտար շենքի վագոն-տնակի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի Այս պահից սկսած՝ ով հարձակվի Սյունիքի վրա,հարձակվում է Օվերնյ-Ռոն-Ալպի վրա․համաձայնագիր է ստորագրվել Սարսափած լսում էի Սեդա Սաֆարյանին․ այս մակարդակի ՍԴ ու ՍԴ դատավո՞ր․ Հրանտ Բագրատյան (video) Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում «Գ. Խաչատուրովի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը իրականում կարված է սպիտակ թելերով և կարող է փլուզվել անաչառ քննության պայմաններում». հայտարարություն «Բա այդ «դեմոկրատական ընտանիքի» կողմից Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումն ու՞ր մնաց». Արմեն Աշոտյան Ամբոխները համակերպված «Свой среди чужих, чужой среди своих»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին և մանրադրամ դարձնում Հայաստանը Եթե իրավիճակը երկում դառնա օրհասական` "санузел"-ային ֆոտոսեսիաներն էլ կկազմակերպեն... Դատախազությունը պահանջում է Սեդրակ Առուստամյանից ու նրա հետ կապակցված 3 անձից բռնագանձել 4 անշարժ գույք, 5 մլրդ դրամ 36 ժամ ջուր չի լինելու Արագածի տարածաշրջանում և Սպիտակում ձյուն է տեղում Իսրայելը 200 միլիոն դոլար կներդնի Ադրբեջանի տնտեսության մեջ Սպիտակ-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում. Կա վիրավոր Երկար ժամանակով լույս չի լինելու Ուզում են խլել ստադիոնը Նոր մանրամասներ ավտոբուսների ձեռքբերման գործով. ինչ է կատարվել Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը Հայկ Սարգսյանն արտոնյալի դիրքեր ունի Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ Արցախում Հակառակորդի զինուժն առաջ է եկել մոտ մեկ կիլոմետր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին, ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Մարտի 30-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մարտի 30-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են 44-րյա պատերազմում զոհվածի մայրերը Մարտի 30-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Մարտի 29-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը Մարտի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am