Ալիևյան կլանին հավատարիմ «էկոակտիվիստներին» անգամ ադրբեջանցիները չեն հավատում

Ալիևյան կլանի կեղծարար քաղաքականությունը վաղուց չի զարմացնում որևէ մեկին: Ահա, «Լաչինի միջանցքի» շուրջ իրադարձությունները՝ այդ կեղծարար պետական քաղաքականության մի մասն են դարձել:

Ադրբեջանը արգելափակել է Արցախը արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը, իսկ երեկվանից նաև գազամատակարարումն են անջատել, սակայն պաշտոնական Բաքուն հետևողականորեն հերքում է ու չի ընդունում մեղքը:

Իսկ ովքե՞ր են «բնապահպանական աղետի դեմն առնելու» նպատակով Շուշի հասած «էկոակտիվիստները», որոնք արդեն երրորդ օրն է`փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը։ «Ազատություն» ռադիոկայանը փոքրիկ հետաքննություն է իրականացրել:

«Ազատություն»-ը մի խումբ ցուցարարների է նույնականացրել, որոնք ցույցի առաջին շարքերում են և ամենաբարձրն են բնապահպանական կարգախոսներ վանկարկում, մինչ այդ, սակայն, աչքի չեն ընկել շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգություններով: Ավելին` բաց աղբյուրներում առկա փաստերը վկայում են, որ նրանցից շատերին միավորում է սերն ու համակրանքը նախագահական ընտանիքի նկատմամբ և պարծանքը Բաքվի ռազմական հաջողություններով։

Ցուցարարների շարքում է, օրինակ, ադրբեջանցի նախկին զինվորական, իշխանամետ մամուլում որպես ռազմական փորձագետ ներկայացող Թելման Գասիմովը: Ըստ տեղեկությունների՝ նա պահեստազորի կապիտան է, խոսում է հայերեն։

Բնապահպան ներկայացող ակտիվիստը Ֆեյսբուքում հարյուրավոր լուսանկարներ ունի ոչ թե բնության գրկում, այլ` ռազմի դաշտում, զինվորական համազգեստով, զենքը ձեռքին: Լուսանկարներից մեկում էլ նրա կողքին երևում է Ռամիլ Սաֆարովը, որ Հունգարիայում հայ զինվորականի էր կացնահարել: Ցույցի ժամանակ Գասիմովը հայերենով խաղաղասիրական կոչեր է հնչեցնում, հորդորում ապրել միասին: Սոցցանցերում, մինչդեռ, նա ակտիվորեն տարածում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները, Ֆեյսբուքում անգամ հատուկ ալբոմ ունի, որտեղ պահում է Հայաստանի և Արցախի դրոշը կոխկրտող, վառող զինվորականների լուսանկարներ։

Ըստ հրապարակված նյութի՝ Լաչինի միջանցքից ակտիվորեն տեսանյութեր է տարածում նաև Ռուհիյե Մեմեդովան: Նրա ֆեյսբուքյան էջը բացելիս անմիջապես աչքի է զարնում տեր և տիկին Ալիևների պատկերը, որը մի քանի անգամ մեծ է օգտատիրոջ սեփական լուսանկարից: Բնապահպան ներկայացող Մեմեդովան Ֆեյսբուքում մինչ օրս որևէ գրառում չի արել բնության կամ շրջակա միջավայրի պաշտպանության մասին։ Փոխարենը ակտիվորեն տարածում է նախագահ Ալիևի ելույթները, այդ թվում`վերջինիս ռազմատենչ սպառնալիքները Հայաստանի հասցեին:

Լաչինի միջանցքի ցուցարարներից է նաև Զուլֆիյա Նուրիևան, որը «Բնապահպանական աղետի» դեմ պայքարի է ելել մորթյա մուշտակով։ Ֆեյսբուքյան էջից դատելով՝ տիկինը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի, բնպահպանական ոլորտը, սակայն, դրանց մեջ չի երևում։ Գլխավոր տեղում նախագահ Ալիևն է՝ բռունցքը վեր պարզած, ում Նուրիևան պարտաճանաչ շնորհավորում է ծննդյան օրվա առիթով, մաղթում, որ նա ապրի հարյուր տարի` «Մենք սիրում ենք ձեզ» մակագրությամբ: Բաքվից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ցույցի գնալու օրն էլ տիկնոջ մտքում ոչ թե բնությունն էր, այլ սերը համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հանդեպ՝ «Հզոր առաջնորդը միշտ իմ սրտում է», - գրել է նա Լաչինի միջանցքը փակելուց առաջ։

«Էկոակտիվիստներից» է նաև Ֆեյսբուքում ավելի քան 10 հազար հետևորդ ունեցող Նայիլե Իսմայիլովան, որը, սակայն, մինչ օրս որևէ գրառում չի արել շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ: Փոխարենը՝ առիթը բաց չի թողնում նախագահ Ալիևին ու նրա տիկնոջը աջակցություն հայտնելու համար: Օրերս, օրինակ, նա հետևորդներին «լավ լուր» է հայտնել, «թե շուտով Ադրբեջանի իշխանությունների ջանքերով Ուկրաինան ազատ կարձակի» Միսիր Գասիմլիին և Սուբհան Գուլիևին, որոնց դատարանն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել հայի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Հանցագործները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Իսմայիլովայի հրապարակած լուսանկարում նրանցից մեկի շապիկին Էրդողանի և Ալիևի լուսանկարներն են: «Ես անձամբ հավատում եմ նախագահ Իլհամ Ալիևին և փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Եկեք կանգնենք նրանց կողքին»,- հորդորել էր «էկոակտիվիստը»։

Ի դեպ, ադրբեջանական սակավաթիվ անկախ կայքերը ևս կասկածելի դեպքեր են առանձնացրել: Բեռլինում գործող ընդդիմադիր Meydan TV-ն, օրինակ, փաստում է, որ Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիներն առաջին անգամ են բողոքում հանքերի շահագործման դեմ այն դեպքում, երբ հեղինակավոր կազմակերպությունները տասնյակ փաստեր են հրապարակել Ադրբեջանի տարածքում Ալիևների ընտանիքի կողմից ապօրինի շահագործվող հանքերի վերաբերյալ։ «Բազմաթիվ հետաքննություններով ապացուցվել է, որ Դաշքեսանի և Գեդաբեկի հանքարդյունաբերությունն ամբողջությամբ գտնվում է Ալիևների վերահսկողության տակ, մինչ օրս, սակայն, որևէ ակտիվիստ չի բողոքել դրա դեմ», - արձանագրում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Լրագրող Խադիջա Իսմայիլովան էլ հիշեցնում է ադրբեջանական Չովդար հանքավայրը, որտեղ հետաքննությամբ ոչ միայն հսկայական կոռուպցիոն ռիսկեր, այլև բնապահպանական խնդիրներ էին հայտնաբերել: «Մեզ ոչ ոք չլսեց: Եթե այդ ակտիվիստներն այն ժամանակ բողոքեին, այսօր նրանց ձայնն ավելի բարձր կլսվեր», - Ֆեյսբուքում գրել է Իսմայիլովան:

Իրավապաշտպան Անար Մամեդլին Meydan TV-ի հետ զրույցում հիշեցրել է, որ Ադրբեջանն աշխարհի հետնապահներից է ոչ միայն մարդու իրավունքների, այլև բնության պաշտպանության առումով: «Եվ երբ այդպիսի երկրի բնակիչները Ղարաբաղում ցույց են անում, դա լուրջ չի ընդունվի», - ընդգծել է իրավապաշտպանը:

Իսկ Տնտեսական և քաղաքական հարցերով փորձագետ Նաթիգ Ջաֆարլին, մինչդեռ, առավել հստակ է դնում հարցը. - «Դուք չգիտե՞ք, որ բնապահպանությունն այդ ակցիայի միակ պատճառը չէ», - ասել է նա՝ բացելով փակագծերը. - «Գործընթացի նպատակն է վտարել ռուսական ուժերին մեր հողերից, և այդ նպատակին ուղղված յուրաքանչյուր քայլ, այդ թվում՝ բնապահպանական կարգախոսները, աջակցության է արժանի»:

Է՛լ ավելի բաց է արտահայտվել ադրբեջանցի քաղաքագետ Շուջաթ Ահմեդզադեն: «Միամտություն է կարծել, թե վերջին օրերին իրադարձությունների պատճառը միայն բնապահպանական մտահոգություններն են», ֊ գրել է նա Թվիթերում, մանրամասնելով` օգտվելով Ռուսաստանի թուլությունից, որը լուրջ մարտավարական կորուստներ է կրում Ուկրաինայում, Ադրբեջանը փորձում է զիջումներ կորզել և այդ նպատակով օր-օրի ավելացնում է խաղադրույքները:

Ահա, այսպիսի «էկոակտիվիստներ», որոնց անկեղծությանն անգամ ադրբեջանական հասարակական հանրույթը չի հավատում...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2785 անգամ
Լրահոս
Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am