Ալիևի ուզածը Կրեմլի տանիքն է

Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, այսօր ազդարարեց Ալիևը` ելույթ ունենալով Բաքվում ընթացող միջազգային համաժողովում: «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա», - ասել է Իլհամ Ալիևը:

Նրա պնդմամբ՝ նման քայլերով Հայաստանը փորձում է բանակցային գործընթացն անվերջ դարձնել, ինչը, իր հերթին, նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, և որ խաղաղություն չի լինի: «Բայց դա Հայաստանի ընտրությունն է», - հայտարարել է Ալիևը՝ Փաշինյանի առաջ քաշած պայմանը որակելով խաղաղ գործընթացի տապալման փորձ:

Պաշտոնական Երևանը հերքում է Ալիևի պնդումները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացը։ Դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն, «Արմենպրես»-ին ասել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։

Պարզաբանելով Բաքվի դիրքորոշումը Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը մերժելու հարցով՝ Ալիևը հիշեցրել է Պրահայի հանդիպմանը հաջորդած Մակրոնի հարցազրույցի, Ֆրանսիայի Սենատի, Ազգային ժողովի ընդունած «հակաադրբեջանական» բանաձևերի մասին, պնդել, որ նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում է «փորձ արել Ադրբեջանի վրա հարձակվել»։ «Հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, հստակ է, որ Ֆրանսիան չի կարող լինել միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում։ Այդ մենք չենք նրանց դուրս մղել, Ֆրանսիան ինքն է իրեն կտրել տվյալ գործընթացից։ Մինսկի խմբի մյուս անդամները՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, նման միակողմանի քայլեր չեն արել», - պնդել է Իլհամ Ալիևը:

Այժմ, ինչպես Ալիևն է ասել, փնտրվում է միջնորդ և համապատասխան հարթակ հետագա բանակցությունների համար։

Կրեմլն արդեն արձագանքել է՝ ոչ միայն պատրաստ է, այլև մշտապես հայտարարում է աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին՝ աջակցելու երկու պետություններին իրավիճակի կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Բաքվում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս միջնորդ՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այսօր նա առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ և քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր, խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների գործընթացը, փոխանցում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մինչ եվրոպացի դիվանագետի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացի քննարկումը, Ալիևը հարկ է համարել հերթական վիրավորական արտահայտությունները հնչեցնել միջազգային լրագրողների և փորձագետների հետ հարցուպատասխանի ընթացքում՝ «չզարգացած, Ռուսաստանից կախված, Ռուսաստանի ստրուկ», ասել է, թե հայերը հոգեբանական օգնության կարիք ունեն, Հայաստանի պատմությունը որակել է կեղծ, հորինված , Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին էլ անվանել «պատերազմական հանցագործ»։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, Ալիևը պատմել է, որ նրա իշխանության գալուց հետո մի քանի հանդիպումներ է ունեցել և զգուշացրել՝ Բաքուն չի համակերպվի օկուպացիայի հետ, «մենք ձեզ ոչնչացնելու ենք», - իր խոսքերն է վկայակոչել Ադրբեջանի նախագահը և պնդել, թե դա ոչ ինչ-որ խիզախություն, ոչ էլ քարոզչություն էր․ - «Պարզապես մենք գիտենք՝ ինչ կարող ենք անել մենք և ինչ կարող են անել իրենք»։ Ըստ Ալիևի առաջնորդի՝ Փաշինյանը միայն պատերազմից հետո է փոխել հռետորաբանությունը, պարզապես ինքը չգիտի՝ որքանով են այդ հայտարարություններն անկեղծ: «Գուցե ևս մեկ սառը ցնցուղի կարիք ունեն», - հեգնել է Ալիևը։

Հերթական այս ելույթի ընթացքում էլ նա չի շրջանցել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման: Թեև պաշտոնական Երևանը շարունակաբար հակադարձում է` Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ ընդունված որևէ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ խոսք չկա, Ալիևը շարունակում է պատմել այդ ճանապարհի գրավչության մասին՝ պնդելով, թե Երևանը չի կարող արգելափակել Ադրբեջանի այդ պահանջը, ընդ որում, ըստ նրա, իրենց մյուս հարևանը՝ Իրանը ևս չի խոչընդոտի այդ ճանապարհի գործարկմանը: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման թեման այժմ Ռուսաստանի հետ է քննարկում, քանի որ, նրա խոսքով, «Հայաստանի Ռուսաստանի սաթելիթն է», և ինքը չի պատրաստվում այլևս ժամանակ վատնել Հայաստանի հետ այդ հարցով բանակցությունների համար: «Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի՝ հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ։ Այդ նախագծերը որևէ մեկի դեմ ուղղված չեն, ընդհակառակը, դրանք կգործեն միայն ի շահ բոլոր կողմերի»», - նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հավաստիացրել է՝ Բաքուն ոչ տարածքներ, ոչ էլ պատերազմ չի ուզում, եթե ցանկանար, կաներ, նաև հավելել է. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հասկանան, որ որևէ ընդհանրություն չունեն Ղարաբաղի հայերի հետ։ Մենք ցանկանում ենք Զանգեզուրի միջանցք և մենք ձգտում ենք դեպի սահմանների դելիմիտացիա պատմական քարտեզների հիման վրա, այլ ոչ թե այն քարտեզների , որոնք նրանք փորձում են ներկայացնել»: Նա չի հստակեցրել, թե ինչ քարտեզներ են ներկայացնում Բաքվին, և ինչ տարբերություններ ունեն դրանք:

Ի դեպ, Ալիևը դժգոհել է, որ միջնորդ երկրները նախկինում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, երբեք չեն պաշտպանել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»

Ադրբեջանը միշտ հանդես է եկել բոլոր երկրների տարածքային ամբողջականության օգտին և այժմ էլ հավատարիմ է մնում այդ դիրքորոշմանը, ասել է Իլհամ Ալիևը։ «Ադրբեջանի դեպքում մենք երբեք միջնորդ երկրներից նման բաց մոտեցում չենք տեսել և այդպիսի հայտարարություն չենք լսել։ Մեզ միայն ասում էին՝ դուք պետք է համաձայնության գաք»,- դժգոհել է Ալիևը, ապա հավելել, որ իրենք «ուժով են փոխել իրականությունը»։

Ալիևն այս համատեքստում կրկին ընդգծել է ուժի դիրքից հանդես գալու իր մոտեցումը։ «Պարզ է, թե մենք ինչ արեցինք։ «Տարածքային ամբողջականության» վերականգնման մեր մոտեցումը նույնպես հայտնի է։ Այսինքն, պետք է ուժեղ լինենք»,- ասել է նա։
Իսկ վերջում էլ նա հիշեցրել է, որ Թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև իրենցը...

«Բոլոր նրանք, ովքեր թշնամական քայլեր են ծրագրում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, պետք է իմանան, որ թուրքական բանակը ոչ միայն Թուրքիայինն է, այլև մերը, և հակառակը․ մեր բանակը նաև Թուրքիայի բանակն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր սադրանքներ են ծրագրում մեր սահմաններին՝ փորձելով վախեցնել մեզ, չպետք է մոռանան այդ մասին»,- նշել է Ալիևը։

Ալիևի խոսքերի տողատակերում միայն մեկ նպատակ կա՝ բանակցություններ միայն Մոսկվայի հովանու ներքո: Հիմա Արևմուտքի ներգրավվածությանն, Ալիևի մոտ ոչ բացահայտ, թաքնված վերաբերմունքը նկատելի է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1379 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am