Պուտինը, եթե վերցնի իրեն «նետած ձեռնոցը»՝ պատասխանը դաժան կլինի

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Փաշինյանի Սոչի մեկնելուց առաջ

Այսօր տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։ Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Նախատեսվում է նաև դիտարկել Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնեց, Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել ՀԱՊԿ առաջնորդների ուրբաթ օրը տեղի ունենալիք հանդիպմանը։

Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ երեկ Պուտինը բացեց «խաղաքարտեր», ավելի հստակ խոսեց...

«Կա կարգավորման երկու տարբերակ։ Մենք կընդունենք կողմերի ցանկացած որոշում, եթե դա բերի խաղաղության», - «Վալդայ» ակումբում նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե Հայաստանը որոշի ընդունել Վաշինգտոնի տարբերակը և ճանաչի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դե ինչ, մենք դա կընդունենք։ Եթե Հայաստանի ժողովուրդը և իշխանությունը որոշեն, որ Ղարաբաղը ունի առանձնահատկություններ և պետք է պայմանագրում նշել այդ մասին, դա էլ կընդունենք», - ընդգծել նա: Պուտինը, որը պատրաստվում է մի քանի օրից Սոչիում հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, նաև հավելեց՝ «բայց այդ դեպքում պետք է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ, նրանց դիրքորոշումն էլ է կարևոր»: Պուտինը նաև կշտամբեց Երևանին. «Եթե ժամանակին, ինչպես մենք առաջարկում էինք, Հայաստանի ղեկավարությունը համաձայներ վերադարձնել հինգ շրջանները, որոնք, ըստ էության, հայկական կողմին պետք չէին, այլ իրավիճակ կլիներ»։


Մոսկվան ու Երևանը գտնվում են հրապարակային մեղադրանքների փուլում:

Երկու օր առաջ էլ Փաշինյանը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ գումարել։ «Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Չգիտեմ՝ ադրբեջանական կողմը հաստատե՞լ է։ Վերջին անգամ այդ ձևաչափով եռակողմ հանդիպում եղել է նախորդ տարվա նոյեմբերին։ Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ։ Ընդ որում, ավելի հետ կարող ենք գնալ և հասնել նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը»։

Ապա Փաշինյանը հավելեց․ «Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։ Այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և ապահովման գործից։ Այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել էր խաղաղապահների պատասխանատվության գոտի, չեմ թաքցրել, որ մեր համար այնքան էլ հասկանալի չէ խաղաղապահների արձագանքի բացակայությունը։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում հնչած և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են լինում ոչ միայն Ադրբեջանի կողմից։ ՌԴ-ում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որոնք փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունների, ՌԴ փոխվարչապետի հայտարարությունների։ Շատ հարցեր կան, ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»։

Այնուհետև Փաշինյանը ուշագրավ մանրամասն հաղորդեց․ «Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարությանն անդրադառնալով՝ մի խոստովանություն անեմ։ Ըստ դրա՝ կողմերը պայմանավորվում են միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ նախ պետք է անվտանգության մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել սահմանազատման մեկնարկի մասին։ Այդ ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի գործընկերներն ասում էին, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Այդ ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց փակուղի չմտնելու համար որոշեցինք գնալ այդ քայլին։ Հանձնաժողովի ձևավորումից հետո եղավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ինձ համար անհասկանալի է․ այն ժամանակ այն գործընկերները, որոնք ասում էինք, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը նաև անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի հանդեպ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։ Սրանք հարցեր են, որոնք պատրաստվում են քննարկել նաև ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ձևաչափով»։

Ինչու Փաշինյանը նոր լարում մտցրեց հայ-ռուսական հարաբերություններում

Փաստորեն, Փաշինյանի՝ Սոչիի եռակողմ հանդիպման մեկնելուց առաջ՝ այսօր, կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Պարզ է, որ սա հապճեպ որոշում է, որպեսզի Փաշինյանը Սոչիում լրացուցիչ դժգոհության թեմա չունենա:
Իսկ այն, որ Փաշինյանն ընդգծված փորձում է լարումը մեծացնել հայ-ռուսական հարաբերություններում՝ դա Կոսնտանտին Զատուլինի ու Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտքը արգելելու մասին որոշման տեղեկություններն էին, որոնք մեծ արձագանք գտան, և հայտնի է, որ ՌԴ-ն արդեն իսկ դիմել է պաշտոնական Երևանին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Մոսկվայում թերևս, գիտակցում են, որ Փաշինյանը «կամուրջներ այրելու» պատրաստ կողմ է, կարող է դիմել ցանկացած անկանխատեսելի քայլի: Այլ կերպ քան Սոչի մեկնալուց առաջ ռուսաստանցի երկու հանրահայտ մարդկանց մուտքը Հայաստան արգելելը հնարավոր չէ մեկնաբանել:

Սա իսկապես մարտահրավեր է, մնում է սպասել, թե Պուտինը կվերցնի՞ իրեն «նետած ձեռնոցը», և եթե վերցնի՝ ինչպե՞ս կպատասխանի:

Մի բան պարզ է, եթե նա պատասխանի՝ դա կլինի ցավալի պատասխան, և վատը նա է, որ Փաշինյանի չհաշվարկված, կամ էլ՝ խիստ հաշվարկված այդ քայլի հետևանքներըկարող են ցավալի լինել, ու դա հնարավոր է անուղղելի քայլ լինի:

Սպասում են ՀԱՊԿ-ի գործողություններին

Սոչի մեկնելուց առաջ իշխող կուսակցությունը, կարծես, խստացնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից կարմիր գիծ է, պահանջ, անհրաժեշտություն, Սոչիի հանդիպմանն ընդառաջ, չօգտագործելով նախապայման բառն, երեկ հայտարարեց իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։ «Որևէ օտար զինվորի ներկայությունը երբևիցե չի հանդուրժվելու, և նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից», - այսօր ասել է Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելել է․ «Որևէ մի բանակցություններում, մանավանդ այս իրավիճակում, երբ գերլարված վիճակ է, ցանկացած նախապայման կարող ենք մենք ուղիղ համարել, որ գործընթացների սառեցում և կանգնեցում է նաև նշանակելու, ինչը խիստ վտանգավոր է առհասարակ ոչ միայն հայ-ադրբեջանական այս լարվածության կոնտեքստում, այլ տարածաշրջանի համար։ Դրա համար մեր պատկերացումները հետևյալն են՝ մենք բոլոր հնարավոր հարթակներում ներկայացնում ենք այս պահանջը, պահանջը ներկայացնում են նաև մեր միջազգային գործընկերները՝ շատ կոնկրետ և հասցեական, և մենք հույս ունենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջիվերջո զորքերը հետ կքաշի ելման դիրքեր»։

Արդյոք Հայաստանի իշխանությունները առարկայական արդյունքներ սպասո՞ւմ են Սոչիում հոկտեմբերի 31-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպումից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին վստահեցրել է՝ Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն այլևս չունի և ամեն ինչ անելու և՛ Հայաստանի, և՛ արցախցիների շահերը պաշտպանելու համար: «Ես ակնկալում եմ, որ բոլոր մեր գործընկերները ՀԱՊԿ-ում և մեր հիմնական դաշնակիցը, արդեն գիտակցում են, որ այլևս հայկական շահի գիծը կանգնել է, և այլևս Հայաստանը հետքայլ անելու հնարավորություն չունի և ամեն ինչ անելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը, հայ ժողովրդի շահերը, նաև արցախցիների շահերը պաշտպանելու համար», - ասաց Սիմոնյանը։

Հնարավո՞ր է ոչ հայանպաստ առաջարկներ նորից հնչեն Ռուսաստանում կայանալիք հանդիպմանը։ «Նորից, ի՞նչ է նշանակում։ Կարող եմ մեկ տասնյակ օրինակ բերել, որտեղ մենք, այսպես ասած, ականատես ենք եղել այն իրավիճակին, որ գերադասվել է այլ շահ, այլ իրավիճակ, իսկ Հայաստանի Հանրապետությունը մինչև վերջ կռիվ է տվել և այդ շահերն ու իրավիճակները կարողացել է պահել։ Ես նկատի ունեմ Ադրբեջանի կողմից, այսինքն՝ Ադրբեջանի շահն է, մենք ամբողջ հնարավոր ձևով կանգնեցրել ենք։ Հիմա նույն ոճով աշխատելու ենք»։

Հարցին, թե Ռուսաստանի կողմից կա՞ էդ չեզոքությունը, թե՞ կա որոշակի ադրբեջանամետ դիրքորոշում, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Ինչ վերաբերում է չեզոքությանը, ես նորից եմ ասում, կա պրոցես, պրոցեսի ընթացքում մեկ քայլ առաջ է լինում, մեկ քայլ հետ է լինում»։

Անցած շաբաթ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանների Պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ ասել էր, որ անցած մեկ տարում Ադրբեջանը 127 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել։ Այս թիվը պաշտոնապես առաջին անգամ էր հրապարակվում, մինչ այդ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե ճշգրտումներ են արվում։ «Բոլոր այն տարածքներից, որը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է: Ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետև ես արտաքին գործերի նախարարը չեմ և չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ կամ ինչ-որ նախնական բաներ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա կարծում եմ՝ քննարկման ենթակա չէ», - ընդգծեց Ազգային ժողովի նախագահը:

Այսինքն, Փաշինյանի Սոչի մեկնելուց առաջ պաշտոնական Երևանը հստակեցնում է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո, սպասում է, որ ՀԱՊԿ -ը քաղաքական գնահատական տա ստեղծված իրավիճակին։ ՀԱՊԿ -ից ոչ միայն ռազմաքաղաքական և հումանիտար օգնություն չի ստացվել, այլև Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարություն առայսօր չի եղել։
Հարցին, թե արդյոք Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե ռազմաքաղաքական այդ դաշինքն այդպես էլ որևէ դիրքորոշում չհայտնի, Ալեն Սիմոնյանը նշել էր, որ նման հարց չեն քննարկում, դեռ սպասում են ՀԱՊԿ -ի արձագանքին և այս փուլում այդ արձագանքը առնվազն պետք է լինի քաղաքական։ Բայց շատ ժամանակ չի մնացել։ «Սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքելուն: Ինձ թվում է, որ այս իրավիճակն արդեն ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք, որովհետև Հայաստանի ամենանեղ տարածքը 30 կիլոմետրի չափ է, մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ», - նշեց նա:

Ալիևն ու Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ քննարկել են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ «Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար ստեղծված Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր», - հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման և տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը պատասխանել է երեք անցակետերի վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում ենք որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ «Մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ այդ կետերից բխող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմանների պատճառով պիտանի չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության համար, առավել ևս՝ միջազգային տարանցիկ երթևեկության համար։ Բացի այդ, որպես կանոն, անցակետերը բացվում են կողմերի համաձայնությամբ՝ հայելային։ Ադրբեջանի հետ այս հարցում պայմանավորվածություններ չեն եղել։ Ուստի, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ 9-րդ կետի պայմանների չկատարման հիմնական պատճառը նույն մոնիտորինգով առաջարկվող մայրուղու օպտիմալ երթուղին Հայաստանի կողմից ներկայացնել չցանկանալն է», - ասել է նա, ում խոսքերն է մեջբերել «ԱՊԱ» գործակալությունը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հիշեցրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։ «Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», - «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։ Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր Փաշինյանին՝ հայտարարելով, թե անիրատեսական են համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

Իսկ օգոստոսի 4-ի կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», - ասել էր վարչապետը։

Օգոստոսի 18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում: Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3961 անգամ
Լրահոս
Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է Ամաչում են մարդամեջ դուրս գան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am