Ռաիսին Էրդողանին զգուշարել է
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մերժում է միջազգայնորեն ճանաչված, պատմական եւ աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն տարածաշրջանում՝ որպես Իրանի համար անընդունելի, հայտնում է Mehr-ը։
Երկու նախագահները քննարկել են նաեւ Էրդողանի՝ Թեհրան կատարած վերջին այցի եւ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության 7-րդ բարձրագույն խորհրդի անցկացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ վերահաստատելով այդ պայմանավորվածությունների իրագործումն արագացնելու անհրաժեշտությունը։
«Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ճակատագիրը պետք է իրենք որոշեն, իսկ նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն»,-ընդգծել է Ռաիսին։
Ավելի վաղ Իրանի նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտարարել էր, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն ապակայունացնող եւ անընդունելի գործողություն է։