ՀՀ դաշնակիցները մեզ են դատապարտում. ՀԱՊԿ-ականները չեն դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, քանի որ չգիտեն ՀՀ սահմանները

Թուրք-ադրբեջանական տանդեմի հարձակումը ոչ միայն Հայաստանի տարածքում է, այլև՝ քարոզչական դաշտում: Գրեթե երկու շաբաթ է թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակում է կեղծիքի ու ապատեղեկատվության շքերթը...

Պաշտոնական Անկարան Երևանին է մեղադրում սահմանային լարվածության համար և հորդորում վերադառնալ բանակցությունների սեղան: Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր պնդել է, թե Հայաստանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է: «Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից», - նշել է նախարարը:

Չավուշօղլուն կրկին Անկարայի անվերապահ աջակցությունն է հայտնել Բաքվին՝ ասելով՝ «Ադրբեջանը մենակ չէ»: Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց էր ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ, հետո Թվիթերում գրել է, թե Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են՝ «հայկական սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին»: Ջեյհուն Բայրամովն իր հերթին գրել է, որ Չավուշօղլու հետ հեռախոսազրույցում «ընդգծվել է Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման և ագրեսիայի դադարեցման կարևորությունը»։

Ու մինչ երեկ օր է, ինչ Երևանը հաղորդում է ադրբեջանական բանակի կողմից ծանր զինատեսակներով ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման, տասնյակ զոհերի մասին, լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարկում, Բաքուն նորից կեղծիք է տարածում. «Վերջին ամսվա ընթացքում Հայաստանը սադրանքների է դիմել պետական սահմանին, տարբեր տրամաչափի զինատեսակներից պարբերաբար կրակել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ...»։

Ի դեպ, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօր հրապարակել է դեռ օգոստոսի 25-ին նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ՄԱԿ-ին հասցեագրած նամակը, որտեղ ներկայացված է «Հայաստանի անօրինական գործողությունները, այդ թվում՝ ադրբեջանական տարածքների ականապատումը»: Նամակում նաև նշվել է, թե Հայաստանը դուրս չի բերել իր անօրինական զինված միավորումները ադրբեջանական տարածքներից և չի դադարեցրել ռազմական գործողությունները, ընդհակառակը, նոր զորամիավորումներ է կազմավորել ու ամրացել ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այսինքն, Բաքուն սահմանին լարվածությունից ավելի քան երկու շաբաթ առաջ միջազգային հանրությանը բողոք է հղել Երևանի հասցեին, որը միայն այսօր է հրապարակել:

Այն, որ Բաքուն ու Անկարան Երևանին մեղադրում է «սահմանային սադրանքների մեջ», դրանում նորություն չկա, դա նրանց հայտնի ձեռագիրն է: Նրանք գրեթե 2 շաբաթ հող էին նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ վերսկսելու համար:

Իսկ ի՞նչ են մտածում Հայաստանի դաշնակից՝ ՀԱՊԿ-ական երկրները, որոնց դիմել է Հայաստանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, միացյալ շտաբի պետը, Կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչները կգործուղվեն Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար, տեղեկանում ենք ՀԱՊԿ քարտուղարությունից: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է Հայաստանի նախաձեռնությամբ և տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, որոշվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նախագահությամբ առաքելություն ուղարկել Հայաստան՝ գնահատելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն՝ առկա իրավիճակը գնահատելու, Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում (որը նախատեսված է անցկացնել աշնանը՝ Երևանում) տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների վերաբերյալ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց ներկայացնելու համար»,- նշված է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում։

Նիստում որոշվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներից և միացյալ շտաբի զինվորական անձնակազմից՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակի մշտադիտարկման համար։ «Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման պատճառով Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարցը առայժմ չի քննարկվում», - իր հերթին Նուր-Սուլթանում բացված կրոնական համաժողովի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում, նշել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։

Հիմա ամենակարևոր արձանագրումը՝ «հայ - ադրբեջանական սահմանը դեմարկացված չէ, ուստի խոսել սահմանի որևէ խախտման մասին շատ դժվար է»:

Այսինքն, ՀԱՊԿ երկրները չեն դատապարտում ադրբեջանական ագրեսիան, որովհետև չգիտե՞ն Հայաստանի սահմանները...

Այսպես, ՀԱՊԿ խորհրդի հեռավար գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ, Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի և կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ռազմական դաշինքը։

Ըստ հաղորդագրության` առաքելությունը պետք է տարածաշրջանում տիրող իրավիճակի և առաջացած լարվածության թուլացման առաջարկների մշակման վերաբերյալ զեկույց պատրաստի աշնանը Երևանում նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ գագաթնաժողովին ներկայացնելու համար։ Այցի ժամկետների մասին չի հաղորդվում:

Հաղորդվում է, որ hեռավար կարգով անցկացված փակ նիստին ռազմական դաշինքի անդամ երկրների ներկայացուցիչները համաձայնության են եկել նաև Քարտուղարության աշխատակազմից և Միացյալ շտաբի զինվորականներից աշխատանքային խումբ ստեղծելու շուրջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիտորինգի նպատակով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին տեղեկացրել է ստեղծված լարվածության թուլացմանն ուղղված ռուսական կողմի գործնական քայլերի մասին:

Ի դեպ, պաշտոնական Երևանը հերթական անգամ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքին է դիմել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ հարձակողական գործողությունների ֆոնին։

Թե ինչ խնդրանքով է դիմել հայկական կողմը, հայտնի չէ. Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև ՀԱՊԿ ղեկավարությունը չեն հստակեցրել՝ ինչ է կոնկրետ խնդրել Երևանն իր դաշնակիցներից՝ ռազմական օգնությո՞ւն, թե՞ խորհրդատվական աջակցություն։

Հայաստանի և Ադրբեջանի միջեւ լարվածությունը պահպանվում է։ ՀԱՊԿ առաքելությունը դեռևս չի ժամանել Հայաստան, այն դեռ պետք է ձևավորվի, այսօր ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ու մինչ հայ հասարակությունը սպասում է ՀԱՊԿ-ական աջակցության, այս նույն դաշինքի անդամները՝ մեկ այլ կազմակերպության շրջանակներում, Թյուրքական պետությունների կազմակերպության, դատապարտել են «Հայաստանի ռազմական սադրանքը Ադրբեջանի դեմ»։

Թուրքական պետությունների կազմակերպությունը ցավակցական ուղերձ է հղել ադրբեջանցի զինվորների համար: Ըստ Թուրքական պետությունների կազմակերպության տարածած հայտարարության՝ գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ «անհանգստացած է Հայաստանի զինված ուժերի ռազմական սադրանքներով» Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով և դատապարտել է այն։

Վերահաստատելով իրենց աջակցությունը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը, Ամրեևը Հայաստանին կոչ է արել՝ «պահպանել երկու հարևան երկրների միջև առկա պայմանավորվածությունները»։

Ահա, Հայաստանի ՀԱՊԿ-ականներ գործընկերների իրական դիրքորոշումը: Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելությունից էլ ի՞նչ դիրքորոշում պետք է ակնկալել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5648 անգամ
Լրահոս
ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Կանայք գոհ են Սասունից. Politik Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել․ Ալիև Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը.ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Ալիևը նորից «Զանգեզուրի միջանցք» է պահանջել Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիևը կրկին սպառնացել է Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ շարքերը Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am