Ընդդեմ թուրքական բայրաքթարների. Իրանական անօդաչուներ`Մոսկվային, բայց ՌԴ-ում դժգոհ են

Օրեր առաջ արևմտյան աղբյուրները ուշագրավ տեղեկություն հայտնեցին:

Ռուսական զինված ուժերը «բազմիցս ձախողվել են» Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման ժամանակ, Reuters-ին փոխանցել էր ԱՄՆ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։

Իր անունը հրապարակել չցանկացող պաշտոնյան նշել էր, որ անցյալ ամսվա ընթացքում տարբեր օրերի Մոսկվան Թեհրանից ստացել է Mohajer-6 և Shahed տեսակի անօդաչուներ, որոնք կարող են հարվածել ցամաքային թիրախներին, վարել էլեկտրոնային պատերազմ և հրետանու համար տեղորոշել թիրախները։ Այդ աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը ծրագրում է ձեռք բերել նման մի քանի հարյուր դրոններ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանն դեռ հուլիսին հայտարարեց՝ Վաշինգտոնը տեղեկություն ունի, թե Իրանը պատրաստվում է հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ռուսաստանին։ Այնուհետև ամերիկյան կողմը հրապարակեց արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, պատկերում էին այս հունիսի 8-ին և հուլիսի 5-ին ռուսաստանցի պաշտոնյաների այցը իրանական «Քաշան» օդակայան՝ ծանոթանալու իրանական դրոններին։

Ահա, օրերս արևմտյան մամուլը շարունակեց զարգացնել թեման:

«Իրանական արտադրության անօդաչու հարվածային սարքերի առաջին խմբաքանակն արդեն Ռուսաստանում է, սակայն Մոսկվայում մատակարարված սպառազինության որակից այնքան էլ գոհ չեն», - պնդում է արևմտյան մամուլը։

«Իրանական դրոնների մատակարարումը կարող է լուրջ լիցք հաղորդել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքում վարվող ռազմական գործողություններին։ Մի շարք տեխնիկական խնդիրները, այդուհանդերձ, ստվերել են դրոնների առաքման փաստը», - գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների և դաշնակից պետությունների անվտանգության ծառայությունների աշխատակիցներից մի քանիսին։
Նրանց պնդմամբ` իրանական արտադրության դրոնների առաջին խմբաքանակի փորձարկումների ժամանակ ռուսական կողմը շարունակաբար տեխնիկական խնդիրների է բախվել։ Ամերիկյան պարբերականը մեջբերում է իրանական դրոնների մատակարարմանը ուշի ուշով հետևող դաշնակից պետություններից մեկի ներկայացուցչի խոսքերը, որը պնդել է, թե անօդաչուների կառավարման համակարգերում մի շարք թերություններ են ի հայտ եկել, և «ռուսները դժգոհ են»։

The New York Times-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերի միջոցով մի քանի օր շարունակ Իրանի ռազմական օդանավակայաններից սկսել են տեղափոխել Ռուսաստան։ Դրանից հետո մեկնարկել է դրանց փորձարկման փուլը, որը, սակայն, ռուսների մոտ զգալի հիասթափություն է առաջացրել, պնդում է թերթը։
«Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստան առաքված իրանական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքերը թե՛ մեխանիկական և թե՛ տեխնիկական թերություններ ունեն», - գրում է The New York Times-ը։

Հետախուզական փակ տվյալների վրա հիմնվելով՝ իրանական դրոնների որակի հետ կապված խնդիրները հաստատում են նաև Reuters-ի զրուցակիցները՝ նշելով, որ հայտնաբերված թերությունները ոչ թե հատուկենտ են, այլ` բազմաթիվ։

The New York Times-ի տեղեկություններով նույնպես՝ Իրանը ռուսական կողմին է մատակարարում երկու տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Mohajer-6 և Shahed։ «Mohajer-6-ը նախատեսված է հետախուզության համար, իսկ Shahed-ը, դատելով տեղական մամուլում իրանցի զինվորականների հնչեցրած հայտարարություններից, Թեհրանի արտադրած դրոնների շարքում ամենահզորն է», - գրում է ամերիկյան պարբերականը։
Նույն թերթի փոխանցմամբ՝ ռուսաստանցի զինվորականներն արդեն իսկ մասնակցում են Իրանի տարածքում անցկացվող դրոնների կառավարման վարժանքներին։

The New York Times-ն ընդգծում է, այդուհանդերձ, որ անգամ Ռուսաստան առաքված դրոններում արձանագրված թերությունները չեն նսեմացնում այն հանգամանքը, որ Իրանը անօդաչու սարքերի արտադրության գրեթե 40-ամյա փորձ ունի։

Հայտնի է նաև, որ Թեհրանը հարվածային դրոններ է մատակարարում Լիբանանում, Գազայում, Եմենում, Իրաքում և Սիրիայում գործող իրանամետ խմբավորումներին։ Վերջին տարիներին հայտնի է դարձել նաև իրանական դրոնների՝ տարբեր երկրներ վաճառքի մասին։

The New York Times-ի տեղեկություններով` իրանական դրոնները գնել են Եթովպիան, Վենեսուելան, Սուդանը, իսկ Տաջիկստանում Թեհրանը նույնիսկ անօդաչուների համատեղ արտադրությամբ զբաղվող գործարան է ստեղծել։

Հավելենք նաև, որ Ռուսաստանը շարունակում է հերքել իր կողմից իրանական անօդաչուների գնման փաստը։

Ռուսաստանն այս առումով՝ բարդ իրավիճակում է. թուրքական դրոնները «աշխատում» են Ուկարինայում պատերազմում, ավելին, թուրքերը հիմնեցին բայրաքթարների արտադրության գործարան Ուկրաինայում: Իսկ ընկերության կառավարողները, որոնցից մեկն էլ Էրդողանի փեսան է, շարունակ հայտարարում են, թե՝ «փողն իրենց համար ամենակարևորը չէ», և «իրենք աջակցում են Ուկրաինային»:

Մի պահ անգամ խոսակցություններ շրջանառվեցին, թե Ռուսաստանը ցանկանում է թուրքական բայրաքթարներ գնել Անկարայից, բայց մի քանի օր անց այդ տեղեկությունների վերաբերյալ, կարծես, արգելվեց այլևս մեկնաբանություններ անել և թեման արագորեն փակվեց...

Օգոստոսի վերջին Baykar թուրքական ընկերությունը հայտնեց, որ հնարավոր չի համարում Bayraktar տեսակի մարտական անօդաչու թռչող սարքերի տրամադրումը Ռուսաստանին, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն։ «Փողը մեզ համար առաջնահերթություն չէ, փողը և նյութական ռեսուրսները երբեք մեր նպատակը չեն եղել բիզնեսում: Ուկրաինայի հետ մեր բարեկամությունը և համագործակցությունն արդեն շատ տարիներ են տևում: Դրա համար էլ ինչքան էլ մեզ փող առաջարկեն՝ նույնիսկ խոսք չի կարող լինել այն մասին, որ մենք այս իրավիճակում նրանց {ռուսներին} փոխանցեինք ԱԹՍ-ները»,- հայտարարել է Հալուք Բայրաքթարը: Նա ընդգծել է, որ իր ընկերությունը «միանշանակ Ուկրաինայի կողմից է, և ոչինչ չի խաթարի Ուկրաինայի հետ համագործակցությունը, ինչ գումար էլ որ առաջարկվի»:

Թուրքիան վերջին տարիներին հիմնել է մարտական ԱԹՍ-ների արտադրությունը և կարողացել է ոչ միայն բավարարել սեփական կարիքներն, այլև արտահանել Bayraktar TB-2 տեսակի ԱԹՍ-ն: Դրանք ձեռք են բերել Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան: Այդ ԱԹՍ-ներն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

Անցյալ ամիս նաև հայտնի դարձավ, որ Ուկրաինայում սկսվել է «Bayraktar»-ների արտադրության գործարանի շինարարությունը։ Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը հայտնել է, որ արդեն սկսել են կառուցել նաև հետազոտական կենտրոնը և առաջատար արտադրության կենտրոնը: Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտնել էր, որ Ուկրաինայում «Bayraktar» թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը կտևի մի քանի ամիս, իսկ գործարկումը հնարավոր է մինչև 2023 թվականի վերջը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3934 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am