Ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի ՌԴ-ի վրա,հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն,հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին

Հրապարակ-ը գրում է․
Ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ մեր վեճ-զրույցը տխուր ու հուսահատ ստացվեց: Ես փորձում էի ամեն կերպ լույս տեսնել թունելի վերջում, նա ասում էր, որ 19 տարի զբաղվել է հայկական հարցերով, և առաջինն ինքն իրեն խոստովանում է, որ չգիտի՝ ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից: «Լաչինի միջանցքից դուրս ես գալիս, գնում ես դեպի Հայաստան, և այնտեղ ընդամենը 3 բնակեցված կղզյակ կա, մնացածը անապատ է:

Ռուսներն այնտեղ կբնակվե՞ն: Երբեք: Ռուսների համար այնտեղ շոգ է: Ինչպես Երևանն է մեկուսացված «միլիոննիկ», ինչպես Վատիկանը, այդպիսին էլ Ստեփանակերտն է: Սրանք դառը իրողություններ են, որոնց մասին դժվարանում եմ խոսել: Հայերը լավ կլինի իրենց քթի տակ նայեն: Հավ ման տալու տեղ չունեն արդեն, բայց անընդհատ խոսում են ռուսների մասին: Ես 19 տարի զբաղվում եմ հայկական հարցերով, և առաջին անգամ սկսել եմ ինքս ինձ խոստովանել, որ չունեմ էլ ոչ մի իդեա: Որովհետև ոնց որ խուլ պատի խփեմ` ոչ մի արձագանք»:

- Հայաստանում հիմնականում դեպրեսիվ տրամադրություններ են, մարդիկ ոչ մի լավ բան չեն սպասում: Թեև բնակչության մեծ մասի հայացքն ուղղված է դեպի Հյուսիս, բայց այսօր ռուս խաղաղապահներին մեղադրում են պասիվության մեջ, մեր վարչապետը նույնիսկ խոսեց ռուսական կողմի թողտվության մասին, որի պայմաններում էլ տեղի ունեցավ վերջին սրացումը շփման գծում: Դուք համաձա՞յն եք նման գնահատականի հետ և ինչի՞ հետ է կապված խաղաղապահների պասիվությունը:

- Ինչո՞ւմ է պասիվությունը:

- Նրանում, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, կրակում են, օրինակ, իսկ ռուս խաղաղապահները չեն պատասխանում:

- Դե, կրակելն անձրևի նման մի բան է դարձել: Իսկ Երևանը կատարե՞լ է պայմանավորվածությունները:

- Այո, հիմնականում, միայն Լաչինին զուգահեռ ճանապարհը չենք սարքել, դրա համար էլ դեռ ժամանակ կա, ի՞նչ պրետենզիա ունեք Երևանին:

- Հայկական զորքը միայն հիմա է դուրս բերվել, բառացիորեն հենց հիմա, այն էլ միայն վերջին սրացման պահին: Երևի թե պետք է նախ կատարել պայմանավորվածությունները և հետո նոր պահանջներ ներկայացնել: Դա` առաջինը: Ինչ վերաբերում է ձեր հարցին: Խաղաղապահները ընդամենը միջնորդ են հակամարտող կողմերի միջև և չեն կարող ոչ մի կողմից հանդես գալ: Դա ևս փաստ է: Նրանք չեն կարող պարտավորություն վերցնել, օրինակ, կառուցելու Լաչինի այդ զուգահեռ ճանապարհը: Ո՞վ չի կառուցել այն: Հայաստանը չի կառուցել: Ադրբեջանը ճանապարհի իր հատվածը ավարտել է: Բերձորը դատարկ է, ես անցել եմ ու տեսել եմ, որ այնտեղ մարդ չկա:

- Բայց Բերձորում կան որոշ քանակով բնակիչներ, շատ չեն, բայց կան, Լաչինի այդ երեք բնակավայրում մոտ 100 ընտանիք է մնացել:

- Ոչ: Օֆիցիալ տվյալներով, այնտեղ 10 մարդ կա: Բերձորում ոչ մի մարդ չի մնացել: Ես այնտեղով անցել եմ ու պատահաբար տեսել եմ կանգառում մի երիտասարդ կնոջ երկու երեխաների հետ, վերջ: Օֆիցիալ տվյալներով Բերձորը դատարկ է: Ինչո՞ւ են հայկական իշխանությունները պահանջում, որ Բերձորի շրջակայքում մարդիկ չայրեն իրենց տները:

- Դա հերքվել է Արցախի իշխանությունների կողմից, ասել են, որ նման բան չի եղել, որ մարդիկ սխալ են հասկացել, որ ասվել է՝ որպես բարոյական փոխհատուցում կարող եք այրել տները:

- Դա միայն խոսակցություն է: Բնակիչներին ասել են՝ մի ոչնչացրեք տները, որովհետև փոխհատուցումը վճարում է Ադրբեջանը եւ այլն: Հենց սկսում ենք խորանալ այս հարցերի մեջ, շատ տխուր պատկեր ենք ստանում: Օրինակ, ես, որպես երրորդ կողմ, ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դադարեցնել Բերձորով անցնող Լաչինի միջանցքի գործարկումը և նոր ճանապարհ կառուցել: Ես չեմ հասկանում, թե ինչու է դա արվում: Ասենք, ինչ-որ մարդիկ ուզում են փող ծախսել: Իտալիայում, օրինակ, ճանապարհաշինության համար հատկացված գումարների 40 տոկոսը մարդիկ դնում են իրենց գրպանը: Հիմարներ, որոնք սա չեն հասկանում, չկան, բայց քաղաքական իմաստը ո՞րն է: Ինչո՞ւ է պետք մի Լաչինի միջանցքը փոխել մեկ այլ միջանցքով, կամ ճանապարհով:

- Անկեղծ ասած, մենք էլ դա չենք հասկանում, բայց դա նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից մեկն է և ամենևին հայկական կողմի պահանջը չէ:

- Ախ, ուզում եք ասել, էլի Պուտի՞նն է մեղավոր:

- Ես նման բան չասացի, բայց պատասխանատու են ստորագրողները: Ի վերջո, ես ներկայացնում եմ հասարակ մարդկանց տեսակետը, որոնք ի սկզբանե համաձայն չեն եղել այդ փաստաթղթի տրամաբանությանը և Նիկոլ Փաշինյանին են մեղադրում դրա համար: Բայց ունենք այն, ինչ ունենք:

- Գիտե՞ք ինչ եմ ուզում ասել: Երևանի ջանասիրությունը` շուտափույթ և արագ գցել իր վրայից Ղարաբաղի համար պատասխանատվությունը տեսանելի է ամբողջ աշխարհին: Հիմարներ չկան: Միակը, ինչը զորքերի դուրս բերումը հետո կապում է Հայաստանը Արցախի հետ` սուբվենցիաներն են, դոտացիաները, էլ ոչինչ: Ես ձեզ հարց տամ: Ասենք, դուք ղեկավարում եք 100 հոգանոց կոլեկտիվ, և ձեզ դոտացիա են տալիս են ոչ թե 100, այլ 300 հոգու համար: Ինչո՞ւ:

- Որ գրպա՞նս դնեմ: Չգիտեմ…

- Պատասխանը հռետորական է՝ դա բիզնես է: Եւ հիմա դա տեղի է ունենում: Բիզնեսը կարող է լինել երկարաժամկետ, կարճաժամկետ, բայց այն կա, կատարվում է:

- Արդյունքում տուժում է հասարակ ժողովուրդը:

- Դա հասկանալի է: Եւ հիմա Ռուսաստանի խնդիրը և ռուս խաղաղապահների խնդիրը, ինչպես ես եմ հասկանում, նրանում է, որ պահպանեն Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը: Սա նշանակում է, որ վաղ թե ուշ այդ վճարումները, դոտացիաները Ռուսաստանը ստիպված է լինելու վերցնել իր վրա: Իհարկե, ոչ բիզնես-չափերի: Ռուսաստանը չունի դրա վրա փող սարքելու խնդիր: Բայց կլինի ռեզերվային ֆոնդ, որի ապահովումը Ռուսաստանը կվերցնի իր վրա: Այն իր վրա վերցնելու համար Ռուսաստանը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, որոնք պետք է իրենց վրա վերցնեն Ադրբեջանը, Ռուսաստանը և, հավանաբար, Թուրքիան: Համար մեկ հարց՝ 100 տարի առաջ արդեն եղել են պայմանավորվածություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Ղարսի և Մոսկվայի պայմանագրերը: Դրանց արդյունքում տրվել են երաշխիքներ, որ Ռուսաստանն իր հովանու տակ կվերցնի Նախիջևանի մարզը: Նախիջևանում, այնուամենայնիվ էթնիկ զտում եղավ: Երաշխիքները չգործեցին:

- Եւ հիմա էլ չեն գործի, կարծում եմ:

- Տեսեք, դուք նախօրոք արդեն որոշեցինք:

- Մենք ելնում ենք նրանից, ինչին ամեն օր ականատես ենք լինում:

- Եթե դրանք չաշխատեն, եթե հայկական բնակչությունը Լեռնային Ղարաբաղի մնացյալ տարածքից դուրս գա, հեռացվի այնտեղից, ապա մեր խաղաղապահները պետք չեն լինի, դա կլինի վերջը, ուրեմն հարցը կփակվի: Ես երկար դիմադրում էի Լեռնային Ղարաբաղն Արցախ վերանվանելուն, և միայն վերջերս հասկացա, թե ինչու են այն վերանվանում՝ որովհետև Լեռնային Ղարաբաղից մնաց միայն Արցախը, ըստ տարածքի:

- Ձեր կանխատեսմամբ, ռուս խաղաղապահների մանդատը կերկարացվի՞:

- Վախենամ՝ ոչ:

-Իսկ ինչո՞ւ:

- Որովհետև Ադրբեջանը չի ուզում:

-Եւ ամեն կերպ ցու՞յց է տալիս դա:

- Այո, նախ դա է, երկրորդն էլ՝ Երևանը դրա համար չի պայքարում: Ռուսաստանը վաղուց է դուրս եկել Մինսկի ֆորմատից ու բազմիցս դա հաստատել է: Ի՞նչ է անում Երևանը: Ջերմագին համբուրվում է Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների հետ, կարծես թե այն լեգիտիմ է: Չէ՞ որ եթե մեկը դուրս է եկել Մինսկի խմբից, մնացած երկուսն արդեն ոչինչ են, խումբը ոչինչ է դառնում, ոչ լեգիտիմ: Ինչո՞ւ եք նրանց հետ համբուրվում: Ի՞նչ եք դրանով ցույց տալիս, ի՞նչ է ցույց տալիս Երևանը. որ նա թքած ունի Ռուսաստանի վրա, «что он видел в гробу Россию»: Եւ նման վերաբերմունքի պարագայում դուք ուզում եք պայքարել խաղաղապահների ներկայությունը պահպանելու համա՞ր:

- Բայց Փաշինյանը հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցերը մշտապես քննարկում է Պուտինի հետ:

- Դրանք միայն բառեր են: Փաշինյանը օր ու գիշեր անցկացնում է Բրյուսելում, մշտապես խոսում է Մինսկի խմբի մասին, նա այդպես պայքարում է խաղաղապահների՞ համար, թե՞ այդ արդեն առասպելական Մինսկի խումբն է նրան խաղաղապահներ խոստացել ուղարկել: Ոչ: Ոչ ոք այնտեղ չի մտնի` բացի ռուսներից:

- Ձեր կարծիքով կլինի՞ նոր պատերազմ մեր ռեգիոնում:

-Այն կլինի միշտ, այսպիսի դանդաղ ընթացքով, ինչպես հիմա է, այն մշտապես կբորբոքվի:

- Հիմա տեղի է ունենում հայկական հողերի աստիճանական, սողացող գրավում, և շուտով Հայաստանից ոչինչ չի մնա:

- Այո, այդպես էլ ընթանում է, ու դեռ ընթանալու է:

- Այս անեքսիան ունի՞ սահման, մինչև ո՞ւր են հասնելու: Մինչև Երևա՞ն:

- Եթե անցնեմ հայկական տերմինաբանության, մեզ Արցախի համար Ստեփանակերտն էլ է հերիք: Ստեփանակերտը կգոյատեւի, Ստեփանակերտը ինքնաբավ է:

- Մեզ ասելով ո՞ւմ նկատի ունեք: Ռուսաստանի՞ն:

- Ոչ, ղարաբաղցիներին:

- Դե, փաստացի այսօր համարյա ամբողջ Ղարաբաղը Ստեփանակերտում է բնակվում:

- Դե հա, և առաջին անգամ իմ 20 տարվա այցելությունների ընթացքում ես նկատել եմ, որ փողոցներում խցանումներ են գոյացել: Այնտեղ կյանքը եռում է: Այլ հարց է, որ Ստեփանակերտը կզղյակ է լուսնի վրա, որի միակ իմաստը՝ բացի հայկականության ազգային օջախի պահպանությունը, ռազմավարական բալանսն է:

- Մի հարց էլ՝ վերջինը…

- Ես ձեզ տխրեցնում եմ, դրա համար էլ չեմ ուզում խոսել, ես ինքս եմ տխրում:

- Չէ, Ձեր ասածները ռեալ իրականությունն են, մենք էլ ենք դա տեսնում, ուղղակի մեր ժողովուրդը համաձայն չէ վարչապետի հետ, մարդիկ չգիտեն ինչ անեն, իրավիճակն ինչպես շտկեն:

- Ձեր վարչապետը լեգիտիմ ճանապարհով է ընտրված և նրան փոխարինող չի սպասվում, իսկ ժամկետի առումով սահմանափակում վարչապետի պաշտոնը չի ենթադրում: Նա կարող է ողջ կյանքում վարչապետ լինել:

- Մեզ մոտ կարծիք կա, որ եթե Հայաստանը դիմի Իրանին, ռուսներին դա դուր չի գա:

- Իրանը թքած ունի Ռուսաստանի վրա, Իրանը ինքնաբավ մեծ երկիր է և ոչ մեկի կողմը չի նայում: Ես եղել եմ այնտեղ, շփվել եմ բարձրագույն մակարդակներում և տպավորություն եմ ունեցել, որ նրանք միայն իրենց վրա են հույսները դնում: Ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը չի դիմի Իրանին: Նիկոլի երեկվա խոսակցությունը Ռայիսիի հետ հիշում եք: Ի՞նչ է հայտարարել Իրանը՝ մենք դեմ ենք լինելու գեոպոլիտիկ փոփոխություններին: Եթե թարգմանենք հասարակ լեզվի, դա կնշանակի՝ հերիք է խնամախոսության գնաք ՆԱՏՕ և Եվրախորհուրդ: Վերջին պատերազմից հետո և վերջերս Թեհրանից հնչում են Ադրբեջանին ուղղված շնորհավորանքներ` տարածքային ամբողջականության վերականգնման առիթով: Հայաստանի տեղն այս հարաբերություններում ո՞րն է: Հայաստանը կարող է տեղավորվել միայն իր տարածքով անցնող Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցության դաշտում, ոչ Ռուսաստանի ու Թուրքիայի:

- Իրանը Ադրբեջանի հետ էլ հակասություններ ունի, չնայած դիվանագիտական շնորհավորանքներին, ադրբեջանցիներն արդեն խանգարում են իրանցի գործարարներին, նրանցից բարձր ճանապարհային վճարներ են, օրինակ, վերցնում:

- Դա մանրուք է, մեքենաների հոսքը փոքր է: Օրական մոտ տասը մեքենա: Դա ոչինչ է: Կա Օսմանական և Պարսից պետությունների բնական սահմանների հարցը, որոնք անցնում են Հայաստանով: Նավթամթերքը Հայաստանում թուրքական է, տեքստիլը, կենցաղային քիմիան, ոսկերչական ապրանքները՝ բոլորը թուրքական են: Այստեղ այլ իրականություն է Հայաստանում: Ռուսաստանն այդտեղ չկա: Ընդամենը այն 7000 նատուրալիզացված ծրագրավորողներն են (Ռուսաստանից եկած եւ այլ երկրի քաղաքացիություն հայցող` Ս.Ս.), վերջ: Այո, Երևանի կենտրոնի ռեստորաններում նրանք շատ են նստում: Ռեստորանների համար դա մեծ թիվ է, բայց մեծ հաշվով, ոչինչ չի փոխում:

 

դիտվել է 1846 անգամ
Լրահոս
«Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am