Ալիևի նավթն ու գազը՝ ԵՄ-ին լռեցնելու միջոց. իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են Եվրամիության և Ադրբեջանի միջև գազային համաձայնությունները՝ կարծիք հայտնելով, որ կապույտ վառելիքի մատակարման դիմաց Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում է փակել աչքերը մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա։

Բրիտանական The Guardian-ը, հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությանը, գրել է, որ ԵՄ-ը չպետք է ոչ հուշագիր, ոչ էլ նոր երկկողմ համաձայնագիր կնքեր Ադրբեջանի հետ՝ առանց քաղաքական բարեփոխումների պահանջ ներկայացնելու։ Հեղինակավոր կազմակերպությունը մասնավորապես ընդգծել է, որ ԵՄ-ը Բաքվից պետք է պահանջեր ազատ արձակել բազմաթիվ քաղբանտարկյալներին, փոխել հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների խիստ սահմանափակումների վերաբերյալ օրենքները, հայտնում է «Ազատությունը»։

Շաբաթվա սկզբին Եվրամիությունն ու Ադրբեջանը էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ փաստացի ընդգծելով, որ սա այլընտրանք կլինի ռուսական գազին։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ այս հուշագիրն է՛լ ավելի է ամրապնդում Բաքու-Բրյուսել էներգետիկ գործընկերությունը:

Երկկողմ նոր համաձայնագրի շուրջ աշխատանքները շուտով կավարտվեն, և արդեն հաջորդ տարի նախատեսվում է 12 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ հասցնել Եվրամիություն՝ նվազեցնելով կախումը ռուսականից և զգալիորեն ապահովելով մատակարարումների անվտանգությունը:

2021-ին Ռուսաստանից դեպի Եվրամիություն 155 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանվել, ինչը կազմում է գազի ընդհանուր սպառման 40 տոկոսը: Բրյուսելը ծրագրում է մինչև 2027 թվականը Ադրբեջանից «Հարավային գազային միջանցքով» տարեկան առնվազն 20 մլրդ խորանարդ մետր գազ հասցնել Եվրամիություն։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Ֆիլիպ Դամը, The Guardian-ի փոխանցմամբ, վստահ է՝ «Ադրբեջանը նավթն ու գազն օգտագործում է ԵՄ-ին հիմնարար իրավունքների հարցերում լռեցնելու համար»։ «Իրականությունն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնի են կոռուպցիան հետաքննող քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելով, հատկապես երբ խոսքը նավթի և գազի մասին է», - ասել է Դամը:

Ըստ Human Rights Watch-ի՝ մարտին բանտից ազատ են արձակվել ադրբեջանական ընդդիմության մոտ 40 առաջնորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության առաջնորդներ, սակայն տասնյակ մարդկանց դեռ շարունակում են ապօրինաբար անազատության մեջ պահել։ Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է նաև, որ բազմաթիվ են խոշտանգումների և բռնությունների դեպքերն անազատության մեջ:

The Guardian-ը միևնույն ժամանակ զուգահեռներ է անցկացնում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին անվանել է «կարևոր» և «հուսալի» մատակարար, մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ «ԵՄ-ը չպետք է ասի, որ երկիրը վստահելի է, երբ այն սահմանափակում է քաղաքացիական հասարակության խմբերի գործունեությունը և ջախջախում քաղաքական այլախոհությունը»:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերն էլ երեկ իր հերթին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը Բաքու վկայում է Եվրամիության և Ադրբեջանի հարաբերությունների կարևորության մասին։ Այդուհանդերձ, դա չէր զսպել Ալիևին՝ իր դժգոհությունը հայտնելու, իր ձևակերպմամբ, Եվրախորհրդարանի ընդունած հակաադրբեջանական բանաձևերից։

Եվրամիության և Ադրբեջանի գազային գործարքի մասին իր տարակուսանքն է հայտնել նաև Amnesty International-ի բրյուսելյան գրասենյակի տնօրեն Իվ Գեդին։ The Guardian-ը մեջբերել է կազմակերպության տնօրենի խոսքերը. - «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ հիշեցում է այն մասին, որ ռեպրեսիվ և ոչ հաշվետու ռեժիմները հազվադեպ են հուսալի գործընկեր լինում, և որ կարճաժամկետ նպատակները նախընտրելը վնաս է մարդու իրավունքներին, դա աղետի դեղատոմսն է»։

Հիշեցնենք, որ ԵՄ-Ադրբեջան գործարքի նախաշեմին, երբ Բաքվում էր Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մակալիստերի գլխավորած պատվիրակությունը, Ալիեևը հայտարարեց, թե Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևերը չեն խանգարում Բաքվին լավ հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ:

Ալիևը հիշել էր, որ վերջին անգամ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Ադրբեջանում եղել է 2018-ին, ասել է, թե նույնիսկ փոքր-ինչ զարմացել է, երբ լսել է նրանց այցի մասին: «Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը բացարձակ անընդունելի է: Մեր հասցեին հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ և տարածվել է սուտ տեղեկատվություն։ Ես նույնիսկ մոռացել եմ հակաադրբեջանական բանաձևերի քանակը, որոնք ընդունել է Եվրախորհրդարանը տարբեր ժամանակներում», - ասել է Ալիևը:

Ալիևը մատնանշել էր վերջին ամիսներին Եվրամիության օրենսդիր մարմնի պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից ընդունված բանաձևերից մեկը, որում կառույցը դատապարտել և կոշտ քննադատություն է հնչեցրել Ալիևի վարչակազմի հասցեին՝ հայկական մշակութային ժառանգությունը միտումնավոր ոչնչացնելու համար։ Եվրամիության օրենսդիր մարմինը մարտի սկզբին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեներով ընդունել էր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձև:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանին կոչ էր արել դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցրել, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:

Այս առիթով, Ալիևը տարակուսել էր, թե հաշվի առնելով Եվրամիության հետ դրական հարաբերությունները, Եվրախորհրդարանի գործելակերպը անհասկանալի է: Ալիևը նույնիսկ ասել է, թե Եվրախորհրդարանի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ ավելի ագրեսիվ է, քան Հայաստանի խորհրդարանի: Ադրբեջանի նախագահի խոսքով, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հակաադրբեջանական բանաձևերի հետևում Հայաստանի խորհրդարանը կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր են կանգնած: «Չնայած Եվրախորհրդարանի որոշ անդամների փորձերին՝ հնարավոր չէ մեկուսացնել Եվրոպան Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայից», - ասել էր Ալիևը:

Փաստորեն, Ալիևը անթաքույց գործարք առաջարկեց ԵՄ-ին՝  մեր նավթն ու գազը՝ ձեր լռության դիմաց: Որքան էլ իրավապաշտպան կազմակերպությունները քննադատեն Ադրբեջանում բռնատիրությունը՝ որոշում կայացնելու են եվրոպացի պաշտոնյաները...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am