Հանդիպման վայրը փոխել չի կարելի. Փաշինյան-Ալիև օրակարգն անշեղորեն առաջ է մղվում

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն այսօր՝ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ։ Երկու օր առաջ կառավարությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Օրակարգում նույն հարցերն են, ինչ նախորդ հանդիպումների ընթացքում, վստահեցրել է Գրիգորյանը, ով Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է հարցին այսպես է պատասխանել. «Ոչ, որովհետև, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետևաբար որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն»։

Անվտանգության խորհրդի քարտուղարը տարօրինակ է որակել հնչող քննադատությունը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում, և թվարկել արդեն հայտնի հանգամանքներ, առանց նոր մանրամասներ հաղորդելու։ Մասնավորապես, որպես օրակարգային հարց նշվում է սահմանազատման հարցը՝ դարձյալ չհստակեցնելով անգամ հանձնաժողովի կազմը, կամ թե որոնք են այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով երկու երկրների հանձնաժողովականների հանդիպումը երկու անգամ չեղարկվեց։ «Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում», - նշել է Գրիգորյանը։

Հանդիպումից առաջ Երևանը և Բաքուն միմյանց էին մեղադրել կարգավորման գործընթացի ձգձգման համար։ Մինչ այս պահը միայն հայտնի են Հայաստանին ուղղված Ադրբեջանի 5 առաջարկները, որոնք, պաշտոնական Երևանը ընդունելի էր համարել, իսկ Հայաստանի պատասխան վեց առաջարկները, ինչպես Բրյուսելում նախարար Միրզոյանն էր հայտնել, Բաքուն դեռ չի ընդունել։

Այսօր կայանալիք հանդիպմանը անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները՝ այդ թվում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական երկխոսությանը։

Փաստորեն, պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Բրյուսել՝ բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ, բայց ասում են, թե՝ օրակարգային գաղտնիք չկա՝ ամեն ինչ ասել ենք՝ ինչի շուրջ ենք բանակցում: Այսինքն, հրապարակավ ասում են թեմաներ, սակայն չեն հստակեցնում, օրինակ՝ կոնկրետ ինչ հարցեր են քննարկում:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրում էին կարգավորման գործընթացի ձգձգման համար, բայց գնում են բանակցելու, փաստը սա է, որքան էլ Փաշինյանի իշխանությունը ձև անի, թե որևէ լուրջ հարց չի քննարկում Բաքվի հետ:

Օրինակ, երեկ Իտալիայում անցկացվող Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է անհապաղ բանակցություններ սկսելու պաշտոնական Երևանի պատրաստակամությունը. - «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ: Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում»։

Այս նստաշրջանին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր հանդիպման մասին կողմերը մինչ այս պահը որևէ տեղեկություն չեն հրապարակել։ Բայց հարաբերությունների կարգավորման նույն պատրաստակամության մասին այսօր խոսել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը արդեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հեռավար նիստին։ Ասադովը շեշտել է, որ Ադրբեջանը հստակեցրել է Հայաստանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմերը:

Այս մի նորությունն էլ, փաստորեն, հայ հասարակությունը տեղեկանում է ադրբեջանական կողմից: Նկատենք, թե ովքեր են հայկական հանձնաժողովի կազմում, Երևանը մինչև օրս չի հստակեցնում։ Պարզ չեն նաև այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով արդեն երկու անգամ է, չի կայանում հանձնաժողովականների հանդիպումը։

Ադրբեջանի վարչապետը նաև պնդել է, թե հայկական կողմը դեռ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից մեկը, ինչպես ձևակերպել է՝ «հայկական զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից», դժգոհել է, որ առաջընթաց չկա նաև տրասնպորտային ապաշրջափակման հարցում։

Մինչ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նախօրեին Բրյուսելում դժգոհել էր, թե Բաքուն երկրորդ ամիսն է, չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին, Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել էր սահմանազատման հարցով համաձայնեցված հանդիպումները երկու անգամ չեղարկելու համար։ Չուշացավ պաշտոնական Երևանի հերքումը, թե հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել:

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Հայաստանը ընդունելի էր համարել Ադրբեջանի 5 առաջարկները։ Իսկ Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։

Իսկ ահա Հայաստանի պատասխան առաջարկները Ադրբեջանը չի ընդունել, նախօրեին հայտնել էր Միրզոյանը։ Դրանք իրենց մեջ ներառում են Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությանը վերաբերող դրույթներ:

Նկատենք նաև, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ էլ Բաքուն «ավանական» դարձած «ճնշման» մեթոդը կիրառեց: Ադրբեջանական կողմը կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում: Երեկ ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: «Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասվում էր ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1773 անգամ
Լրահոս
Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am