Խոշոր ավտովթար՝ Աբովյանում. Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը, մետաղե ջարդոնի վերածել կայանված Նիվան ու «06»-ը
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին պատկանող ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը քաղաքացիների և վթարի վայրում գործող թունաքիմիկատների խանութի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Նիվայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, սակայն խանութի աշխատակիցներին հաջողվել է օպերատիվորեն նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։ Նյութական խոշոր չափի վնաս է կրել նաև թունաքիմիկատների խանութը։
Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել։