Ինչ հիվանդություն են հայտնաբերել Սահակաշվիլիի մոտ
Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակը եւ դրա հովանու ներքո ստեղծված փորձագետների խումբը հայտնում են, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել, եւ կոչ են անում նրան անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիաների բազմամասնագիտական հիվանդանոց։ Այս մասին ասվում է Վրաստանի օմբուդսմենի՝ այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է «Նովոստի-Գռուզիա»-ն։
Հինգշաբթի օրը Սահակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել, կորցրել է գիտակցությունը և ընկել։
Փորձագետների կարծիքով՝ երրորդ նախագահի մոտ «զարգացել է ամենածանր բարդություններից մեկը», որն առաջացել է տեւական հացադուլից՝ ջղաձգումներ, որոնք առաջացել են Վերնիկեի էնցեֆալոպաթիայի պատճառով։
Բժիշկները նշում են, որ ուղեղում կիզակետային պրոցեսների ամբողջական գնահատման համար մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հետազոտություն է անհրաժեշտ, այդ թվում` ՄՌ վենոգրաֆիա: Նաեւ էլեկտրաէնցեֆալոգրամ (ԷԷԳ) պրոցեդուրա է առաջարկվում: