Ռուսական խանդն ու Ալիևի վրեժը. «Путин помоги!»

«Ռուսաստանը ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը», - այսօր, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա սակայն, ընդգծել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ծավալմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը հաջող են ընթանում»։ «Եթե միջնորդական ջանքերը նպաստում են խաղաղության, կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, ինչպես նաև օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա նման ջանքերը կարելի է միայն ողջունել», նշել է Պեսկովը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ այս ուղղությամբ աշխատանքները նորմալ են ծավալվում։

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Նրանք քննարկել էին Ղարաբաղյան կարգավորման արդիական հարցեր` հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերը:

Մոսկվան, ընդհանուր առմամբ, ԵՄ-ի ներգրավածությանը կողմ է արտահայտվում, սակայն, մյուս կողմից՝ պարզ է, որ Մոսկվան նախընտրում է ԼՂ հարցով Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի հետ գործ ունենալ: Արևմուտքը, քանի դեռ պահպանում է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը՝ կարող է բախվել Ռուսաստանի ոչ հրապարակային դժգոհությանը:

Ռուսական Коммерсантъ պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, մասնավորապես ԵՄ-ի` տարածաշրջանում իր դերը մեծացնելու փորձերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցին, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների հարցով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ահա, «Коммерсантъ-ի տեղեկություններով` Բաքվում վրդովված են Եվրամիության` հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, Коммерсантъ-ի իրազեկ ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»: Աղբյուրը նշել է, որ «այս կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել հստակեցել դիրքորոշումները նախագահներ Պուտինի և Ալիևի միջև»,-գրում է հոդվածագիր Սերգեյ Ստորկանը:

Ըստ Tert.am-ի, հեղինակը նկատում է, որ մինչ Պուտինն ու Ալիևն ամեն կերպ ցույց են տալիս իրենց վճռականությունը կարգավորման ուղուց չշեղվելու հարցում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում անցած աշունը` Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախերգանքը: Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է ՀՀ և Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի և Երասխի հատվածում, վերջին օրերի զարգացումների վերաբերյալ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները:

Ստրոկանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում արծարծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը գործնականում չի նշվել Կրեմլում ռուս-հայկական բանակցությունների վերջին փուլի ընթացքում: «Այսպես, Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու անհնար է խոսել Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրերի մասին: Բաքվում, սակայն, հասկացնում են, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման առաջ տանելը «շատ սխալ և ռիսկային ուղի է»: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը՝ նշելով.«Եթե (հայերը-Коммерсантъ) կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն` ինչը դեռ լուծման կարիք ունի: Եթե մենք խոսում ենք «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Հետևաբար, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»: Դրանից անմիջապես հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի` էթնիկական զտումների ենթարկված տարածքների ապաշրջափակման դիրքերից հետևողականորեն հանդես գալու վճռականությունը»:

Պարզվում է, ըստ ռուսական պարբերականի՝ «կրակին յուղ է լցրել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայությունը», որի շրջանակում պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է լինի խաղաղ բանակցությունների, կարգավիճակի հարցի քննարկում»: Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Եվրամիությունը հավակնում է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշում է հեղինակը:
«Հետհակամարտային այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը Փարիզի և ԵՄ-ի համար մուտքի տոմս է Հարավային Կովկասի գոտի, որտեղ նրանք լուսանցքից այն կողմ են մնացել անցած տարի Մոսկվայի դիվանագիտական հաջողությունից հետո», - Անդրկովկասում սկսված աշխարհաքաղաքական խաղը մեկնաբանել է Բաքվում Коммерсантъ-ի իրազեկ աղբյուրը, որի խոսքով` նման խաղը հղի է լուրջ ռիսկերով: Նա հավելել է, որ «ներկայիս բազմաքայլի նպատակը ոչ թե կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ տարածաշրջանում լայնածավալ սադրանքի միջոցով փորձել փոխել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների եռակողմ ձևաչափը: Ըստ նրա` խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»:

«Ե՛վ Ֆրանսիան, և՛, ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2020-ի աշնան սուր փուլում դեր չեն խաղացել Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Սա նկատելի մտահոգություն է առաջացրել ԵՄ ռազմավարների շրջանում, որոնք ուշացումով փորձում են իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում», Коммерсантъ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ռազմավարական գնահատման խմբի ղեկավար Սերգեյ Ուտկինը:

Խոսելով Փարիզի դերի մասին` փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում իրենց երկրում գտնվող հայկական սփյուռքին և փոխգործակցությունը հատկապես կարևոր է համարում 2022թ. գարնանը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին: «Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին, ապա այնտեղ արդեն հնչել են ձայներ՝ առաջարկելով օգտվել հրադադարի ռեժիմի իրավիճակից և Վրաստանի օրինակի համարժեքով Հայաստանի համար որոշակի գրավիչ «եվրոպական հեռանկար» ձևակերպել:

Այնուամենայնիվ, գործնական առումով դժվար թե այս ուղղությամբ շարժ լինի: Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հակամարտության կողմերի համար այսօր ավելի կարևոր է դառնում, քան երբևէ, և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարելի հույս դնել Ռուսաստանի` «եվրոպական հեռանկարների» նկատմամբ դրական վերաբերմունքի վրա», - ամփոփել է Սերգեյ Ուտկինը:

Այսպես, ռուսական խանդը ԵՄ-ից, մասնավորապես Փարիզից համեմվել է Ալիևի «մուննաթի» հետ, որը իր հին վրեժն է ցանկանում լուծել Մակրոնի ու ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ի հետ, ԼՂ կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ունենալու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2654 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am