Ալիևը սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով. «Կզղջան դրա համար»
«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա պետք է պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ վարի Բաքվի հետ, մեզ նույնպես պետք է խաղաղության համաձայնագիր: Եթե Հայաստանը պատերազմ ցանկանա, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ տարվա աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա նրանք պետք է սահմանազատման շուրջ բանակցություններ սկսեն մեզ հետ: Եթե նրանք դա չանեն, կզղջան դրա համար»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը տասը երկրի նորանշանակ դեսպանների ընդունելության ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հայաստանը «մերժում է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը»:Ցավոք, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին մեր բաց հայտարարություններին Հայաստանի կառավարությունը չի արձագանքում: Հայաստանի կառավարությունը նաև անտեսում է մեր առաջարկը, որին աջակցում են միջազգային խոշոր կողմերը՝ բանակցություններ սկսել Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ: Մենք դա չենք հասկանում»,-ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը հավելել է, թե Բաքուն պատրաստ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը մոտեցել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ականազերծման քարտեզների խնդրի լուծմանը․ «Հուսով եմ` շուտով լավ լուրեր կլինեն: Բայց մինչև արդյունքներ չլինեն՝ չեմ ցանկանում ոչինչ ասել»,- ասել է նա։