Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է՝ ընդդեմ ՌԴ-ի ու Չինաստանի. Պուտինի հույսը՝ Էրդողանին իր կողմը քաշելն է

Ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին Մոսկվան հայտարարեց Արևմուտքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին և փորձում է էլ ավելի խորացնել հարաբերությունները Պեկինի հետ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարեց, որ Մոսկվան և Պեկինը կարող են նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը՝ հրաժարվելով արևմտյան վճարային համակարգերից: Նրա խոսքով՝ հարկ է նաև անցնել ազգային արժույթներով հաշվարկների, այլ ոչ թե օգտվել դոլարից։

Բացի այդ, նախարարը ԱՄՆ-ին մեղադրել է այն բանում, որ նրանք դասական դիվանագիտությունը թողած օգտագործում են բացառապես պատժամիջոցներն այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար: «Մեզ պետք է նվազեցնել պատժամիջոցների ռիսկերը, անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Պետք է հեռու մնալ Արևմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից», ասել է Սերգեյ Լավրովը, ով երեկ մեկնել էր Չինաստան:

Լավրովը ասում է, թե Միացյալ Նահանգներն ուզում է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանն ու Չինաստանը չզարգանան և կոչ է արել ձևավորել երկրների լայն կոալիցիա, որոնք կարող են հակազդել «պատժամիջոցային դիվանագիտության ապօրինի պրակտիկային»: Ընդ որում, Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը կոչ է անում «նվազեցնել կախվածությունը Արևմուտքից»։
ԱՄՆ դոլարից հրաժարվելու և «Արևմուտքի ազդեցությունը նվազեցնելու» այլ միջոցների թեման պարբերաբար բարձրացվում է ռուս քաղաքական գործիչների կողմից։ Մարտի սկզբին Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ ռուսական տնտեսությունը պետք է նվազեցնի կախվածությունը արտարժույթից, սակայն հավելել էր, թե դոլարը չի վերանա Ռուսաստանում շրջանառությունից: Նույնատիպ հայտարարություն էր արել ավելի վաղ՝ փետրվարին, նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտարարելով, թե ԱՄՆ ֆինանսական համակարգից Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված նոր միջոցների ներդրման անհրաժեշտություն կա։ Սակայն ԱՄՆ-ի արժույթից Ռուսաստանի կախվածությունը նվազեցնելու համար կոնկրետ միջոցներ նա չի նշել։

Փորձագետները գրում են, որ Մոսկվան փորձում է ցույց տալ, թե չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից և հասկանալով, որ ուշ թե շուտ Վաշինգտոնը անելու է այնպես, որ Ռուսաստանը չկարողանա օգտվել ամերիկյան և միջազգային ֆինանսական համակարգերից, ինքն էլ հայտարարում է այդ համակարգերից հրաժարվելու ցանկության մասին, սակայն չգիտի՝ ինչպես դա անել։

Ռուս փորձագետները վստահ են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում այսօր առկա ճգնաժամը գնալով միայն խորանալու է: Մինչդեռ Վաշինգտոնը Մոսկվայի մեջ նման հակառակորդ չի տեսնում. Ռուսաստանն այսօր չունի Սովետական Միության հզորությունը, նկատում են ամերիկացիները, բայց դրանից ռուս-ամերիկյան հարաբերությունները, փորձագետների կարծիքով, միայն վատանում են, քանի որ Բայդենը սկսել է նոր քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ, և ճնշումը զանազան պատժամիջոցների տեսքով միայն ուժեղանալու է։

Մոսկվան թե՛ Պեկինի, թե՛ Վաշինգտոնին ընդդիմացող այլ մայրաքաղաքների հետ փորձում է խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցությունը, ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու համար։

Սակայն ուշագրավն այն է, որ ռուսաստանցի փորձագետներ ահազանգում են, որ Թուրքիան մնալու է Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցներից մեկը Չինաստանի և Ռուսաստանի դեմ սառը պատերազմում, պաշտոնական Մոսկվան, սակայն, դեռևս հավատում է, որ կկարողանա իր կողմ քաշել Անկարային:
Ռուսաստանը և Չինաստանը մերժում են աշխարհաքաղաքական խաղերն ու միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնք ավելի ու ավելի շատ են օգտագործում արևմտյան երկրները, արձանագրում է Լավրովը և նշում, որ Ռուսաստանը հարաբերություններ չունի ԵՄ-ի հետ որպես կազմակերպություն, քանի որ ոչնչացվել է այդ հարաբերությունների ողջ ենթակառուցվածքը: «Մենք մերժում ենք զրոյական արժեքներով աշխարհաքաղաքական խաղերը և մերժում ենք միակողմանի անօրինական պատժամիջոցները, որոնց ավելի շատ են դիմում մեր արևմտյան գործընկերները»,- ասել է Լավրովը Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ ասուլիսում:

«Եվրամիության, որպես կազմակերպության, հետ հարաբերություններ մենք չունենք: Այս հարաբերությունների ամբողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է Բրյուսելի միակողմանի որոշումներով», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Եվրոպան դիվանագիտությունը փոխարինում են «բոլորին սեփական կանոնները պարտադրելու քայլերով»: «Եթե Եվրոպան խզել է այդ հարաբերությունները` պարզապես ոչնչացնելով երկար տարիներ ստեղծված բոլոր մեխանիզմները, և մենք որպես գործընկերներ ունենք միայն եվրոպական առանձին երկրներ, որոնք ցանկանում են առաջնորդվել իրենց ազգային շահերով, հավանաբար օբյեկտիվորեն դա հանգեցնում է նրան, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ զարգանում են ավելի արագ, քան այն, ինչ մնացել է եվրոպական երկրների հետ հարաբերություններից: Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Եվրամիության, որպես կազմակերպության հետ, հարաբերություններ գոյություն չունեն»,- նշել է Լավրովը:

Նախարարը ընդգծել է, որ «եթե ինչ-որ ժամանակ Եվրամիությունն իր կողմից նպատակահարմար համարի վերացնել այդ անոմալիան Ռուսաստանի հետ շփումներում», Մոսկվան պատրաստ կլինի հարաբերությունները հարթել հավասարության հիման վրա ՝ ձգտելով շահերի հավասարակշռության որոնման: «Բայց մենք դեռևս փոփոխություններ չունենք արևմտյան ճակատում, Արևելքում մենք ունենք շատ ինտենսիվ օրակարգ, որը տարեցտարի հարստանում է»,-եզրափակել է Լավրովը:

Այսպես, ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան «Նավալնիի գործի» պատճառով: ԵՄ-ն նոր հակառուսական պատժամիջոցներ է սահմանել: ՌԴ արտգործնախարարությունը դրանք անվանել է «փակուղի տանող և անօրինական ճանապարհ» և խոստացել պատասխանել:

Իսկ ԵՄ արտգործնախարարները համաձայնել են Ռուսաստանի հետ հարաբերություններում պահպանել առկա սկզբունքները, որոնք ենթադրում են համագործակցություն պատժամիջոցների պահպանման պայմաններում մինչև Մինսկի համաձայնագրերի կատարումը, հայտնեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳՆ խորհրդի նիստից հետո: «Մենք շատ արագ մտքեր ենք փոխանակել Ռուսաստանի վերաբերյալ: Նախարարները Ռուսաստանի հետ հարաբերություններում վերահաստատել են 5 սկզբունք, դրանք բոլորը մնում են արդիական»,- ասել է նա:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ վերջին 6 տարվա ընթացքում Մինսկի համաձայնագրերը լիարժեք չեն իրականացվել։ «Մենք պետք է շարունակենք ձեռք մեկնել Արևելյան գործընկերության մասնակիցներին, Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանը: Այս բոլոր սկզբունքները մնում են արդիական»,-ասել է Բորելը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2528 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am