Ընդդիմության երթն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր
Ընդդիմության երթը, որը սկսվել էր Բաղրամյան պողոտայում կայացած հանրհավաքից հետո, Պռոշյան, Պարոնյան փողոցներով հասավ Մյասնիկյան արձանի մոտ, Վազգեն Սարգսյան փողոցով մինչեւ Հանրապետության հրապարակ:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԳՆ-ի մոտ հայտարարեց, որ սա ամենախեղճ նախարարությունն է. «Խեղճ եմ ասում, մեղկ եմ ասում, որովհետև նրանք կատարում են խելագար և անիմաստ հանձնարարականներ: Խեղճ ու կրակ դիվանագետներ, որովհետև վարչապետի աթոռը զբաղեցնողի դավաճանության, խելագարության, անպատասխանատվության պատճառով ամեն օր խայտառակվում են»:
Դատախազության շենքի մոտ նա հայտարարեց. «Սա այն կառույցն է, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի գրասենյակում գրված մեղադրանքները: Մենք պարբերաբար ձեզ հիշեցնելու ենք ձեր պրտականությունը՝ դուք ունեք մի կարեւոր խնդիր՝ ձերբակալել գերագույն գլխավոր դավաճանին:
Հերիք է առանձին զրույցներում արդարանաք, թե աշխատում ենք՝ հրահանգ ենք կատարում: Պետք է կանգնեք ժողովրդի կողքին եւ մաս չդառնաք դավաճանությանը»:
Կառավարության շենքի մոտ, երթի մասնակիցները ցուցադրաբար մեջքով շրջվեցին:
Այստեղից երթը մտավ Նալբանդյան փողոց, Սայաթ Նովա, ապա Բաղրամյան պողոտա: Այստեղ բազմաթիվ ավտոբուսներ էին կայանված, որտեղ ոստիկաններ էին: Գեղամ Մանուկյանն ասաց. «Նայեք, թե քանի ավտոբուս է կանգնած ու չափեք Նիկոլի վախը: Այնքան է վախենում, որ ամբողջ ոստիկանությանը հավաքել, բերել է Երեւան»: