«Ադրբեջանական լվացքատունը», Deutsche Bank-ն ու 155 միլիոն դոլարի փոխանցումը՝ օֆշորային ընկերություններին

Ադրբեջանա-իսրայելական ֆինանսական հերթական օպերացիայի մասին տեղեկություններ են հրապարակվել:

«Անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար կորպորացիան՝ Israel Aerospace Industries-ը, 2012-ից 2014 թվականներին առնվազն 155 միլիոն դոլար է փոխանցել օֆշորային երկու ընկերությունների, որոնք ուղղակիորեն ներգրավված են եղել վերջին տարիների ամենաաղմկալի միջազգային ֆինանսական սկանդալներից մեկին՝ այսպես կոչված «Ադրբեջանական լվացքատան» պատմությանը», - այս մասին, ըստ «Ազատության»՝ նախօրեին գրել է Իսրայելում լույս տեսնող ամենաազդեցիկ պարբերականներից մեկը՝ Haaretz-ը, հատուկ ընդգծելով, որ պետական ընկերության կողմից կատարված վճարումների նպատակը մինչ օրս պարզ չէ։

Թերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի քաղաքացիների կողմից հիմնադրված օֆշորային ընկերություններին կատարված կասկածելի փոխանցումների մասին հայտնի է դարձել հազարավոր գաղտնի բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնց ուսումնասիրությամբ են սկսել զբաղվել «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» ներկայացուցիչները։

Լրագրողական հետաքննության տվյալներով՝ Իսրայելից օֆշորային գոտիներ իրականացվող վճարումների շարքը սկիզբ է առել Israel Aerospace Industries-ի և Ադրբեջանի կառավարության միջև սպառազինության վաճառքի շուրջ պայմանագրի կնքումից կարճ ժամանակ անց՝ պայմանագիր, որի ընդհանուր ֆինանսական ծավալը 1 միլիարդ 600 միլիոն դոլար է կազմել։

«Բաքվի հետ կնքված այս պայմանագիրը խոշորագույններից էր ընկերության պատմության մեջ», - նշում է Haaretz-ը՝ գրելով նաև, որ իսրայելա-ադրբեջանական գործարքի մանրամասներին քաջատեղյակ աղբյուրները պնդում են, թե կատարված փոխանցումների հասցեատերերը գործարքի կյանքի կոչմանը նպաստած միջնորդները չէին։ «Կնքված պայմանագրերով որևէ միջնորդավճար նախատեսված չի եղել», - պնդում են իսրայելական աղբյուրները։

Լրագրողների հարցերի ի պատասխան Israel Aerospace Industries-ի պաշտոնական ներկայացուցիչները սահմանափակվել են կարճ մի հաղորդագրությամբ, որում նշում են, թե իրենց գործունեությունն ընթանում է բացառապես օրենքի շրջանակներում, իսկ հաշվի առնելով ոլորտը, որում այդ գործունեությունը ծավալվել է, հավելյալ տեղեկությունների գաղտնազերծումը ընկերությունում նպատակահարմար չեն գտնում։

Չի բացառվում, սակայն, որ առաջիկայում իսրայելական ընկերությունը ստիպված լինի որոշ փակագծեր բացել, քանի որ 2012-2014 թվականներին կատարված բազմամիլիոն վճարումները լուրջ հարցեր են առաջացնում։ Նախ, ըստ Aerospace Industries ընկերության ներքին աղբյուրների, Ադրբեջանի հետ սպառազինության ձեռքբերման շուրջ երկու տարի շարունակված բանակցությունները ընթացել են գրեթե լիակատար գաղտնիության պայմաններում և դրանց մասին իմացել են կորպորացիայի ղեկավարներից միայն մի քանիսը։

Ամենալուրջ կասկածները, սակայն, առաջացնում են իսրայելական վճարումների հասցեատեր ընկերությունները՝ Մարշալյան կղզիներում գրանցված Jetfield Networks և Էստոնիայում գործող Larkstone-ը։ Երկուսի հիմնադիրն էլ, ըստ իսրայելցի հետաքննող լրագրողների, նույն մարդն է՝ Ադրբեջանի քաղաքացի, 59-ամյա Ջավիդ Հուսեյնովը։
Ըստ ռադիոկայանի՝ կասկածներն էլ ավելի հիմնավոր են դառնում, երբ հայտնի է դառնում, որ Հուսեյնովի հիմնադրած ընկերություններից մեկը՝ Jetfield Networks-ը, Նոր Զելանդիայից Մարշալյան կղզիներ է տեղափոխվել 2012-ի փետրվարին՝ այն նույն օրերին, երբ առաջին անգամ պաշտոնապես հայտարարվել է Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի մոտալուտ ձեռքբերման մասին։

Թերթը հիշեցնում է, որ Jetfield Networks-ի և Larkstone-ի մասին լայն հանրությունն առաջին անգամ տեղեկացավ 2017-ին, երբ հայտնի դարձավ Ադրբեջանի իշխող վերնախավի կողմից եվրոպական բանկերի միջոցով ավելի քան 2,5 միլիարդ դոլարի լվացման մասին։

Իսրայելի հետ գործարքներում, ըստ տեղական մամուլի, եվրոպական բանկերը ևս ներգրավված են եղել՝ մասնավորապես գերմանական Deutsche Bank-ը։ Հենց Deutsche Bank- ի ներկայացուցիչներն են առաջինը կասկածել, որ գործ ունեն փողերի լվացման հետ և պաշտոնական նամակով դիմել են Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կազմում գործող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակին՝ FinCEN-ին։

Գերմանական ֆինանսական կառույցը ամերիկացիներին տեղյակ է պահել իր կասկածների մասին, նշելով, որ մեծածավալ փոխանցումները իրականացվել են «առանց որևէ հստակ առևտրային նպատակի՝ պարզապես մենեջերական և խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց»։

Haaretz-ի պնդմամբ՝ ավելի քան կասկածելի այս ֆինանսական օպերացիաների բացահայտման ֆոնին իսրայելցիների համար խիստ կարևոր է մի շատ սկզբունքային հարցի պատասխանը գտնելը՝ արդյոք ավիացիոն սպառազինության արտադրությամբ և վաճառքով զբաղվող պետական ընկերության տնօրենների խորհուրդը հավանությա՞ն է արժանացրել օֆշորային գոտիներ 155 միլիոն դոլարի փոխանցմանը։

«Ընկերության ներքին կանոնները շատ խիստ են, դրանք պահանջում են, որպեսզի բոլոր գործարքները հավանության արժանանան տնօրենների խորհրդի կողմից։ Մեր զրուցակիցներից որևէ մեկին, սակայն, Jetfield Networks և Larkstone անվանումները, ինչպես նաև Ջավիդ Հուսեյնովի անունը ոչինչ չէին ասում», - գրում է Haaretz-ը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 880 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am