Վրաստան-Հունաստան ավիահաղորդակցություն. երբ կվերականգնվի
Վրաստանի իշխանությունները հուսով են Հունաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնել ընթացիկ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին։ Այս մասին երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։
Թուրնավայի խոսքով՝ այս հարցն ակտիվորեն քննարկվել է Համաշխարհային տուրիստական կազմակերպության (UNWTO) գործադիր խորհրդի 112-րդ նիստի շրջանակում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-17-ը Թբիլիսիում։ Բարձրաստիճան պատվիրակների թվում են եղել Հունաստանի ներկայացուցիչները։
Նշենք, որ Վրաստանն օգոստոսին կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնել էր Գերմանիայի, Լատվիայի եւ Ֆրանսիայի հետ։ Դեպի Վրաստանի մայրաքաղաք չվերթներ են կատարում Lufthansa, Air France եւ Air Baltic ավիաընկերությունները։