Արսեն Թորոսյանը երկիրը կանգնեցրել է «կազուսի» առաջ. նա անհեթեթ պնդումներ է անում. Վահան Արծրունի (video)
Եթե հիշում եք մարտի 1-ին ես պահանջեցի, որպեսզի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնանկ անեն, քանի որ նա ապակողմնորոշում է հանրությանը՝ կորոնավիրուսի վերաբերյալ իր հայտարարություններով:
Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունին:
Վահան Արծրունու խոսքով՝ իր կանխատեսումը, որ Արսեն Թորոսյանն անունակ է կազմակերպել հակահամաճարակային գործընթացը Հայաստանում, վերջին մի քանի ամիսները ցույց տվեցին, որ ճիշտ էր. «Երբ նախարարը չգիտի՝ ինչ պետք է ասել վիրուսի պաթոգենական ծագման մասին, բնականաբար նա չի կարողանա նաև կողմնորոշել երկրի ղեկավարությանը՝ վիրուսի դեմ պայքարը ճիշտ կազմակերպելու հարցում»:
Ըստ Վահան Արծրունու՝ Հայաստանն ուշացավ իրականացնել համապատասխան քայլեր պանդեմիայի ժամանակ. «Եթե դու ուշացած ես սկսում կարանտինը, այն սովորաբան կտրուկ փոփոխության չի բերում, այսինքն՝ դուք չեք կարող կառավարել էպիդեմիայի ընթացքը»:
Հարցին՝ թեկուզ ներքին կարգով նախարարից որևէ արձագանք եղա՞վ այս մեղադրանքներին, Վահան Արծրունին պատասխանել է. «Պաշտոնական որևէ անդրադարձ չեղավ: Ես ֆեյսբուքյան իմ հարթակն օգտագործում եմ, որպես քաղաքացի՝ սեփական տեսակետներս արտահայտելու հարցում»: