Ինքնասպանության փորձ՝ Արարատի մարզային քննչական վարչության դիմաց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության դիմացից մի քաղաքացու է տեղափոխել հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Ա-ն է։ Վերջինս Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 15/1 հասցեի՝ Արարատի մարզային քննչական վարչության շենքի դիմաց, ինքնասպանություն գործելու նպատակով գյուղատնտեսական թունաքիմիկատ է խմել։ Նրան կանչել էին քննչական վարչություն, և կարծելով, թե իրեն քննիչը ձերբակալելու է, «Բ 58» է խմել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես Ա-ն մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։