Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, կան վիրավորներ
Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 QF 368 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի 6 փակուղում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հարևանությամբ տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի արդյունքում թաղամասի վերին հատվածից ջուրը լցվել է Նարեկացի փողոց, ինչի արդյունքում ճանապարհի տվյալ հատվածը մերկասառույցով է պատվել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: