Անգործության և դառը իրականության արանքում

Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը երեկ միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա և անսպասելի և պատմական իրադարձություն է, որով շրջադարձային փոփոխություն մտավ ամերիկյան քաղաքական օրակարգում:

Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում է Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։

«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և հուզվեց իր ելույթի ընթացքում: Մեջբերելով մի շարք այլ ականատեսների, այդ թվում` այդ օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, Մենենդեսը հայտարարեց․ - «Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան...»: 65-ամյա սենատորը, սակայն, չկարողացավ միտքն ավարտին հասցնել. արցունքները խեղդեցին կոկորդը:

«Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին փաստեց բանաձևի համահեղինակ, հանրապետական Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետևից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով: «Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում, և նույնիսկ այսօր շատերն են անտեղյակ կատարվածից: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը: Այս բանաձևը փաստում է` ԱՄՆ քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ», - հայտարարեց Քրուզը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել է ողջունել Սենատի որոշումը. - «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»:

Նկատենք, որ Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպանները աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը»։

Պաշտոնական Երևանը ողջունել է վաշինգտոնյան քվեարկությունը. «Հիրավի՝ պատմական իրադարձություն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել սենատորներին, ընդգծելով` «թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը»:

Անկարայի արձագանքը չի ուշացել. արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել, ու պնդել․ - «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են»։ «Սենատի վերջին քայլերը վտանգի տակ են դնում մեր երկկողմ հարաբերությունների ապագան», - իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Ֆահրեթդին Ալթունը, հավելելով․ - «Պատմության մեջ այս բանաձևերը կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված անպատասխանատու և անօգուտ քայլեր, որոնք տևական վնաս են հասցնելու երկու ժողովուրդներին»:

Պաշտոնական Անկարայից ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը առաջինը արձագանքեցին նախագահական վարչակազմից։ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե իրենք դատապարտում և մերժում են «ծեծված պատմական հասկացողությունը քաղաքական փոքր հաշիվներին ծառայեցնող որոշումը»։ «Իրավական ուժ չունեցող այս բանաձևը չի կարող ազդել քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի իրավացի և վճռական դիրքորոշման վրա», - Թվիթերի իր էջում գրել է Քալընը։
Իհարկե, պետք է արձանագրենք, որ պատմական այս քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:

Բոլորի համար պարզ է, որ չնայած հայկական կառույցների ակտիվ աշխատանքին՝ ԱՄՆ խորհրդարանականները քաղաքական որոշում կայացրեցին: Եվ սա կատարվել է անկախ ՀՀ ԱԳՆ-ի գործունեությունից, և կարելի է ասել՝ մեր ԱԳՆ-ի անգործության պայմաններում:

Ինչ է հետևելու բանաձևի ընդունմանը: ԱՄՆ նախագահը կարող է որոշում, հրամանագիր ստորագրել, բայց կարող է տարիներով նույնիսկ չանդրադառնալ բանաձևի ընդունման փաստին: Այսինքն՝ իրավական տեսանկյունից առայժմ չենք կարող արձանագրել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Դառը իրականությունը սա է:

Իսկ, քանի որ դա տեղի չի ունեցել, ուրեմն հայկական դիվանագիտությունը ունի մեծ անելիք: Մասնավորապես՝ Թրամփի վարչակազմի հետ աշխատանք պետք է կատարվի, և դա միայն հայկական կառույցների գործը չէ:
Արդեն իսկ պետք է քաղաքականություն մշակել, թե Թրամփի վարչակազմի հետ՝ ո՞վ, ինչպե՞ս պետք է աշխատանքներ տանի: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առաջիկայում թուրքական քարոզչությունը կուժգնանա ԱՄՆ-ում, միաժամանակ դրանք պետք է հակազդել:

Այնպես որ, երեկվա էյֆորիկ մթնոլորտին պետք է զիջեն ավելու լուրջ աշխատելու տրամադրություններն ու կոնկրետ գործողություններն արդեն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2578 անգամ
Լրահոս
Լոռու մարզում ծննդյան արարողության մասնակիցները ծեծել և դանակահարել են միմյանց. կա վիրավոր Պայքարի նախնական արդյունքների մասին Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ Հայ Առաքելական եկեղեցու մասնիկն եմ, սա պայքար է հանուն հայի լինելու, հայրենիքի, իրական խաղաղության․ Մետաքսե Հակոբյան «Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ Սրբազան Տեր Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման լուրերի արձագանքը պարսկատառ մամուլում․ Տիգրան Դավուդյան Արարատի մարզում պարեկները արհամարհած ունեն Ներքին գործերի նախարարի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի հանձնարարականները Շուռնուխի բնակիչների համար 2024 թ․ բյուջեում փոխհատուցում նախատեսված չէ Վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը, ատելությունը․ հասարակությունը պետք է իր աչքերը բացի Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին Դա հայկական պետության օգտին չէ. Անդրեյ Կլիմովը՝ Հայաստանի հինգ մարզերից ռուս սահմանապահների հեռանալու մասին Ռուս սահմանապահներն ապահովել են Հայաստանի սահմանի թիկունքը. Կոնստանտին Սիվկով Այս լուսանկարը չհուսալքվելու, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է․ Վարդան Ոսկանյան Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Մենք մեծ գին ենք վճարում որպես պետություն, որպես ազգ, որ այս իշխանությունը պահպանվի. Վիկտոր Սողոմոնյան Երևանում ծառերը տապալվել են` վնասելով ավտոմեքենաներ և էլեկտրական լարեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am