Նիկոլ Փաշինյանը խոսել է ՔՊ-ին Խաչատուր Սուքիասյանի հնարավոր անդամակցության մասին
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել, որ կուսակցության համամասնական ցուցակով կարող են լինել միայն կուսակցության անդամները, Խաչատուր Սուքիասյանը մեր կուսակցության անդամ չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Խ. Սուքիասյանը, հնարավոր է, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդգրկվի ՔՊ ցուցակում:Հարցին, իսկ եթե Խաչատուր Սուքիասյանն, այնուամենայնիվ, որոշում կայացնի անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կուսակցությանն անդմակցելու համար կա հետևյալ ընթացակարգը: Նախ պետք է անձը կուսակցության շարքերը համալրելու ցանկություն հայտնի: Այնուհետև կուսակցության վարչությունը պետք է քննարկի այդ հարցը ու որոշի՝ ընդունո՞ւմ է տվյալ անձին կուսակցության շարքեր, թե չի ընդունում»: Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ Խաչատուր Սուքիասյանի հետ ինքը ընդհանուր քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունի: «Խաչատուր Սուքիասյանի հետ նաև քաղաքական կենսագրության մեջ ընդհանուր տեղ ունենք, դա Ազատության հրապարակն է: Իմ անձնական հարաբերությունների մասին բոլորդ տեղեկացված եք, բայց դա չի նշանակում, թե որևէ բան անելիս՝ կոնսուլտացիաներ ենք անում, դա չի նշանակում, թե հաճախ հանդիպում ենք, դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին նույն տեսակետն ունենք, ամեն ինչ գնահատում ենք նույն կերպ։ Դա նշանակում է այն, ինչ գիտեք: Մենք գտնվել ենք Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, ոչ նույն խցում, բայց նույն վայրում»:
