Սամվել Ալեքսանյանին՝ պատվավոր ճակնդեղագործի կոչում
ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ 2015թ. տարեկան ծրագրի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոսեց շաքարավազի շուկայի մասին: Տխուր է, որ առայժմ որևէ կոնկրետ արդյունք չի տվել Հայաստանում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը, բայց ոչինչ, պետք չէ հուսահատվել, քանի դեռ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսին Սամվել Ալեքսանյանն է, հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու առաջարկեց` ժամանակն է մտածել Սամվել Ալեքսանյանին ՀՀ պատվավոր ճակնդեղագործի պատվավոր կոչում շնորհելու մասին: Նա անդրադարձավ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարավազի գործարանին. «Հիմա ուզում ենք հասկանալ՝ դա գործարան է, թե բուտաֆորիա՝ մի դռնով շաքարավազ է մտնում, մյուս կողմից՝ պատրաստի արտադրանք հանում»: Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում գործում է ճակնդեղագործությունը, շաքարի արտադրությունը խթանելու հայեցակարգ, այդ մասին գրված է նաեւ Սերժ Սարգսյանի կայքում, որը նաեւ գնացել էր Ախուրյանի շաքարի գործարանի բացմանը; «Սակայն մինչ օրս գործարանը սպասում է ճակնդեղի բերքին, իսկ ճակնդեղի բերքը դաշտերում՝ գործարանին: Գյուղատնտեսության նախարարությունից պաշտոնական գրություն եմ ստացել այն մասին, որ ոչ մի կգ շաքարի ճակնդեղ չի մթերվել: Սա ինչ է, եթե ոչ բուտաֆորիա»:
