Գլխավոր դատախազը գլխի է ընկել
ՀՀ Գլխավոր դատախազությունը չի հաստատել հունվարի 1-ից կալանավորված «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատ» շարժման ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանի մեղադրանքը: Այս մասին Հայելի.am-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։ Դատախազությունը գործը դատարան չի ուղարկել՝ այն ուղարկելով լրացուցիչ քննության։ Վերացվել է նաև Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ոստիկանների գործողությունները Սաֆարյանի և ընկերների դեմ համարվել էին իրավաչափ։ Ոստիկանների դեմ հարուցված, ապա կարճված քրեական գործը Դատախազությունը ևս ուղարկել է նոր քննության։ «Այն, որ նախաքննությունը ընթացել էր բազմաթիվ սխալներով և գործը այդպես չէր կարող գնալ դատարան՝ ակնհայտ էր, որովհետև նախաքննությունը տարվել էր մի ուղղությամբ և ամբողջ նպատակն այն էր, որ հաստատվի, թե Գևորգը կատարել է ինչ-որ գործողություններ, որոնք կարելի է բնութագրել բռնություն ոստիկանի նկատմամբ, բայց նախաքննությունը պետք է բազմակողմանի լինի։ Բոլոր ցուցմունքները տվել էին միայն ոստիկանները, ովքեր, բնականաբար, պաշտպանել են իրենց վերադաս ոստիկանին։ Նման գործը դատարան ուղարկելը անթույլատրելի էր, ինչը, հավանաբար, ՀՀ գլխավոր դատախազը հասկացել է և գործը հետ է ուղարկել», -Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Պաշտպանի խոսքով՝ իրենք վաղ թե ուշ կալանավորման գործով բողոքարկելու են Եվրոպական դատարան և իրավապահներն այժմ փորձում են շտկել սխալները՝ եվրոպական կառույցների առջև չխայտառակվելու համար: Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Դատարանի որոշմամբ` Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Աստղիկ Ավագյան
