Հայաստանում չկան ցիվիլ սպառողներ
«ԱՄՆ նախագահներից Ջոն Քենեդին առաջին անգամ 1961 թվականին ասաց, որ սպառողները հանդիսանում են ամենամեծ թիրախ-խումբը, որոնց համար հարկավոր է հատուկ իրավական նորմեր մշակել: Դրանից հետո 8 հիմնական թեզեր մշակվեցին, որոնք պետք է կիրառվեն սպառողների իրավունքները պաշտպանելու համար: Դրանք են անվտանգության իրավունք, տեղեկատվություն ստանալու իրավունք, հիմնական կարիքները բավարարելու իրավունք, ընտրության իրավունք, լսված լինելու իրավունք, սպառողական կրթություն ստանալու իրավունք, վնասների փոխհատուցման և առողջ լինելու իրավունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Մելիտա Հակոբյանը նշում է, որ Հայաստանում չկան ցիվիլ սպառողներ, քանի որ այստեղ սպառողների իրավունքները չի բացատրվում ինչպես հարկն է.« Եթե մարդը սպառողական տեսակետից կիրթ չէ և չունի սպառողական կրթություն, ապա նա չի կարող իր իրավունքները պաշտպանել: Հայաստանում դատարան դիմող ոչ մի սպառող չի կարողանում դատը շահել»: Սպառողների իրավունքների պաշտպանը ընդգծեց, որ իրենց կազմակերպությունը չի կարող շարունակ կանգնել սպառողի կողքին և պաշտպանել, քանի որ յուրաքանչյուր սպառող ինքը պետք է գիտակցի իր իրավունքները: «Մենք չպետք է ունենանք ստրկական հոգեբանություն, որ մեզ ինչ մատուցեն՝ մենք դա ստանանք, այլ իմանանք, որ սպառողը ամբողջ աշխարհում համարվում է շուկայի թագավորը: Սպառողը վճարում է և պետք է պահանջի: Կգա ժամանակ, որ Հայաստանում էլ այդպես կլինի»,-ընդգծեց Մելիտա Հակոբյանը: Բանախոսը բացատրեց, թե որ դեպքում է հնարավոր վերադարձնել արդեն գնված հագուստը: Ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի և մոնիթորինգային հետազոտությունների պատասխանատու Ռուբեն Հայթյանն էլ տեղեկացրեց, որ շնորհիվ իրենց ծավալած պայքարի ֆոլաթթվով հացամթերքի հարստացման ծրագիրը որոշ ժամանակ ԱԺ օրակարգում չի ընդգրկվի: Աստղիկ Ավագյան
