Այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք նաև մյուս կոալիցիաների վրա
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թվարկեց այն դիտարկումները, որոնք արել է ՀՅԴ-ն՝ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ: Նա առանձնացրեց հատկապես երեք դիտարկում.«Անկախ ամեն ինչից, ընդդիմությունը խորհրդարանում պետք է տեղերի 1/3-ն ունենա, եթե նույնիսկ մեկ կամ մի քանի ուժեր բացարձակ մեծամասնություն ձևավորեն, ապա դա չպետք է արգելք լինի, որ ընդդիմությունն իր սահմանադրական լիազորությունը չիրացնի: Երկրորդը`կայուն մեծամասնության մեջ տարընթերցումներ կային: Այն արտոնությունը, որը փորձ էր արվում տալ կոալիցիաներից մեկին, տարածել ենք նաև մյուս կոալիցիաների վրա: Նախկինում գաղափար կար, որ եթե մի կուսակցություն 40-45 տոկոս ձայն է հավաքում, նա պիտի վետոյի իրավունք ունենա, թույլ չտալով, որ մյուս ուժերը նույնպես կոալիցիա ձևավորեն: Սրանք այն խութերն էին, որ քաղաքական հարաբերություններով մենք ֆիքսել էինք»: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները խոսել են նաև անձերի նույնականացման հարցից`տեխնիկական միջոցների և միասնական այնպիսի բազայի կիրառման մասին, որը հնարավորություն կտա կանխել այլ անձի փոխարեն, այլ տեղում քվեարկելը: «Նախագծով հնարավոր է մի տարածքից պատգամավոր դառնա 1000 ձայն հավաքած մեկը, բայց այլ տարածքից 10. 000 ձայն հավաքածը`ոչ: Եթե պիտի մնա վարկանիշային քվեարկությունը, ապա ձայների հաշվառումը պետք է հանրապետությունով մեկ կատարվի»,- շարունակեց Աղվան Վարդանյանը:
