ՌԴ ԱԳՆ-ն 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման առաջարկության վերաբերյալ նոր դիրքորոշում չունի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը որևէ նոր դիրքորոշում չի հրապարակել 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրի չեղարկման առաջարկության վերաբերյալ:
Այդ մասին հայտնեցին ՌԴ ԱԳՆ-ից՝«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուս-հայկական լրատվական գործակալության հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ն անհնար է համարում հիշյալ պայմանագրի չեղարկումը:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից հայտնեցին միայն, որ հարցի առնչությամբ վերջին մեկնաբանությունն արվել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից փետրվարի 10-ին: «Մենք որևէ նոր դիրքորոշում այդ հարցի առնչությամբ չենք արտահայտել. վերջինը Մարիա Զախարովայի կողմից փետրվարի 10-ին հրապարակված դիրքորոշումն է»,-նշեցին ՌԴ ԱԳՆ-ում: Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հաստատել էր հետևյալը. «Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ն Պետական դումայի մի շարք պատգամավորներից հարցում է ստացել պայմանագիրը չեղարկելու առաջարկով: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հարցումը պետք է ուսումնասիրվի, թե կոնկրետ ինչ է առաջարկվում այնտեղ: Ըստ այդմ՝ ամեն ինչ կարվի սահմանված կարգի համաձայն: Առայժմ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»: