Վանդալիզմ բնության նկատմամբ. Գեղարքունիքի մարզում 250-ից ավելի առողջ եղևնիների սպանդ են իրականացրել
Գեղարքունիքի մարզի Հայրավանք եկեղեցուց մոտ 1 կմ դեպի Մարտունի տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող անտառում մի իսկական վանդալիզմ է կատարվել բնության նկատմամբ: Անհայտ անձը կամ անձինք 250-300 առողջ եղևնիների սպանդ են իրականացրել՝ ծառերը քոքից կտրելով: Սա այն դեպքն է, որին պետք է արձագանքեն բոլոր պատկան մարմինները և ամենախիստ միջոցները ձեռնարկեն՝ այս վանդալիզմի հեղինակներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, Բնապահպանության նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի համար, այս դեպքը՝ մեր կարծիքով, պետք է դիտարկվի որպես ոտնձգություն ազգային անվտանգության դեմ: SHAMSHYAN.com-ը հուսով է, որ նշված կառույցները օպերատիվորեն կարձագանքեն այս հրապարակմանը, որի մասին մենք տեղյակ կպահենք մեր ընթերցողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
