Ինչու՞ են մարդիկ ստիպված դեղ գնելու համար Վրաստան գնալ
Վրաստանում դեղերը շարունակում են ավելի էժան մնալ, քան Հայաստանում։ Այս մասին մարտի 15-ին՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. աշխատանքային պլանի քննարկման ժամանակ, խորհրդարանում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա վստահեցմամբ հատկապես Հայաստանի հյուսիսային շրջաններից թանկ դեղեր գնելու համար Վրաստան են գնում։ «Չեմ կարող հասկանալ. եթե վերազգային ընկերությունը դեղամիջոցներ է մատակարարում Հայաստան եւ հարեւան Վրաստան, նշանակում է, որ գինը պետք է նույնը լինի կամ գրեթե նույնը։ Իսկ տարբերությունը բավական մեծ է»,- ասել է Մարուքյանը։ Դրան ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ Պետական հանձնաժողովի հետազոտությունները դա չեն հաստատում։ Հնարավոր է դեղերի որոշ տեսակների գներ տարբերվում են։ Սակայն դա զանգվածային բնույթ չի կրում։ «Այդուհանդերձ, եթե կան նման տվյալներ, մենք խնդրում ենք դրանք ներկայացնել եւ պատրաստ ենք քննարկել»,- ասել է Շաբոյանը։
