Սամվել Կարապետյանը նոր կուսակցություն է՞ ստեղծում. հայտնում են «Տաշիր» ընկերությունից
«Տաշիր» ընկերությունից հերքում են Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցության ստեղծելու մասին լուրերը: «Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում և չունեն հիմնավորում», - ասվում է ընկերության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Կարապետյանը «չունի Հայաստանում քաղաքական մտադրություններ, նա շարունակում է երկրում բիզնես գործունեություն ծավալել, նաև իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր»: Այսօր «Փաստ» թերթը գրել էր, որ առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորապես, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից:
