Վարչապետը Վրաստանից եկող սպառնալիքների մասին
Վրաստանի կառավարությունից եւ վարչապետից ստացել եմ հավաստիացում, որ մինչեւ տարվա վերջ Նինոցմինդա-Բավրա ճանապարհը կվերանորոգվի: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք փորձեցինք ձեւակերպել հայ-վրացական հարաբերությունների մի նոր բանաձեւ, չնայած մեր հարաբերությունները վատը չեն: Այդ բանաձեւը հետեւյալն է, որ Հայաստանը պետք է վստահ լինի, որ Վրաստանի եւ վրաց ժողովրդի գործողություններում չկա որեւէ դավադրություն, որեւէ սադրանք ու սպառնալիք Հայաստանի եւ հայ ժողովրդի հասցեին, իսկ վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի գործողություններում չկա նույնը իրենց հասցեին: Սա կարեւոր շեշտադրում է: Մենք ունենք փոխադարձ ըմբռնում այս կապակցությամբ: Կարծում եմ՝ Վրաստանի համար կարեւոր է տանել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն արտագաղթը դադարեցվի, այլեւ ներգաղթ սկսվի Ջավախքում»,-ասաց Փաշինյանը:
