Ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ. Շարմազանովը՝ Փաշինյանին

Այսօր ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը, այլ ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հստակեցնենք՝ սա ՀՀ կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Դուք ՀՀ կառավարությունն եք` սահմանադրական բոլոր լիազորություններով: Ափսոսանքով պետք է նշեմ, որ կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա որոշակի հռետորաբանությունը ոչ թե գործադիր իշխանության, այլ հեղկոմների ծրագրային տարրեր է պարունակում: Կառավարությունը փորձում է տարիների իրականացրած աշխատանքի հիման վրա զարգացում ապահովել, իսկ հեղկոմները մերժում են սերունդների ստեղծածը: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ հեղկոմ: Սա է պահանջում Հայաստանի ու մեր ժողովրդի շահը: Հարգելի՛ կառավարություն, իմ գնահատականները լինելու են բացառապես քաղաքական եւ խնդրում եմ չփնտրել այստեղ անձնական որեւէ վերաբերմունք: Իսկ այժմ խոսեմ ըստ էության ներկայացված փաստաթղթի շուրջ: Հարգելի գործընկերնե՛ր, ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր: Սա նպատակների եւ երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ եւ ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ նաեւ քաղաքական պատասխանատվություն: Պարո՛ն վարչապետ, Դուք Ձեր ելույթներից մեկում նշել էիք, որ Հայաստանին սպասվում է թռիչքային զարգացում : Մեր կառավարությունը իր բոլոր թերություններով հանդերձ Ձեզ փոխանցել է 7,5  տոկոս տնտեսական աճ ունեցող տնտեսություն: Կարծում եմ` թռիչքային զարգացումն  առնվազն երկնիշ տնտեսական աճի ապահովումն է: Այս փաստաթղթում ես որեւէ ժամկետ եւ տնտեսական աճի տեմպերի չափորոշիչ  չտեսա: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, բայց, ախր, որեւէ թիվ չեք նշել:  Ո՞րն է Ձեր կառավարության տնտեսական աճի թիրախը՝ 5,7,10,15, լավ, մեկ  տոկոս, չկա գրված, հրաժարվե՞լ եք թռիչքային զարգացման գաղափարից, ինչու՞: Հարգելի՛ գործընկերներ, վերջերս կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում որեւէ աղքատ մարդ չի լինելու: Համոզված եմ, որ բոլորս էլ դա ենք ուզում, բայց հեռու լինելով քաղաքական ռոմանտիզմից, այնուհանդերձ, ուզում եմ իմանալ՝ որքան է լինելու Ձեր կառավարության օրոք աղքատության կրճատումը: Դարձյալ թիվ չկա: Իսկ սա խնդիր է, որ բոլորիս է մտահոգում: Կառավարության ծրագրում գրեթե ոչ մի խոսք չկա արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացումից: Հարց` բա առանց արդյունաբերության եւ հանքարդյունաբերության զարգացման ինչպե՞ս եք մտադիր նոր աշխատատեղեր ստեղծել, հասարակությունը այս ծրագրից սպասում է նաեւ նոր աշխատատեղերի բացում, ու՞ր է, կոնկրետ որեւէ քայլ նշված չէ: Փաստաթղթում նշված է՝ «Հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել նաեւ գյուղատնտեսությունը»: Ներողություն, բայց մեկ հարց.  ի՞նչ է սա նշանակում, արդյոք կարելի՞ է համարել, որ այլեւս քաղաքական իրավիճակի փոփոխության  արդյունքում խոշոր եղջերավորները կրկնակի կամ եռակի հեղափոխական  կաթնատվություն են ապահովելու: Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով փաստաթղթի արտաքին քաղաքականություն բաժնին՝ հարկ եմ համարում նշել, որ նոր կառավարությունը եւ նրա ղեկավարը, հրաժարվելով իր նախկին արտաքին քաղաքական գնահատականներից, շարունակում է նախկին կառավարությունների արտաքին քաղաքական կուրսը: Դրական է, որ, սրբագրելով Ձեր դիրքորոշումը՝   թե´ Եվրասիական միության եւ թե´ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում այլեւս ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր չկան, ավելին` խրախուսվում է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունների խորացումը: Եթե նախկինում ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագիրը Դուք համարում էիք ջուր, ապա այսօր ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կառավարության արտաքին քաղաքական կարեւոր ուղղություններից է: Սակայն ծրագրում չկա որեւէ հիշատակում ԵՄ անդամ երկրների, հատկապես` Ֆրանսիայի եւ Գերմանիայի, ինչո՞ւ չէ, նաեւ Հունաստանի եւ Կիպրոսի հետ հարաբերությունների մասին: Ոչինչ որ, Իրանի եւ Վրաստանի մասին փաստաթղթում ասված է ճիշտ այնքան, որքան Հնդկաստանի մասին, բայց կասե՞ք, խնդրեմ՝ ի՞նչ է նշանակում «զարգացնել այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին»: Խնդրում եմ բացատրել`սա ի՞նչ է, ի վերջո ծրագիր, թե զրույց սուրճի սեղանի շուրջ: Հատուկ գլուխ կա՝ «Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի»: Բոլորիս ցանկությունն է, որ մեր քաղաքացիները լինեն եւ՛ ազատ, եւ՛ արժանապատիվ, եւ՛ երջանիկ: Բայց խնդրում եմ ասեք` երջանիկ քաղաքացին ի՞նչ արժեքային համակարգ պետք է դավանի, որեւէ խոսք չկա ազգային, համամարդկային եւ քրիստոնեական արժեքների մասին, ինչու՞: Ուշադիր ընթերցել եմ փաստաթղթի «Կրթություն եւ գիտություն» բաժինը, բայց այդպես էլ չգտա որեւէ  միտք հայագիտության զարգացման մասին: Կրկնում եմ՝ այս փաստաթղթում հայագիտության մասին գրված է զրո բառ: Ուզում եմ հասկանալ Ձեր դիրքորոշումը` արդյոք  մեր աշակերտները, մեր երեխաները դպրոցում պե՞տք է ուսումնասիրեն հայ եկեղեցու պատմություն, թե՞ ոչ: Կրթության համակարգում ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգին կո՞ղմ եք, թե՞ դեմ: Կարծում եմ` անհրաժեշտություն է եւ՛ հայ եկեղեցու պատմության ուսուցումը, եւ՛ ռազմահայրենասիրական  դաստիարակության  հայեցակարգի իրագործումը: Անդրադառնալով այս փաստաթղթին՝ հարկ է նշել, որ անընդունելի է, երբ Ադրբեջանի կողմից անընդհատ վտանգված հսկայական շրջաններ ունեցող երկրի կառավարությունը խոսք անգամ չի ասում սահմանամերձ համայնքների նկատմամբ իրականացվելիք իր քաղաքականության մասին եւ չի անդրադառնում այդ համայնքների անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրներին: Անդրադառնամ Հայաստան-Սփյուռք կապերին: Այս փաստաթղթում ոչ մի խոսք չկար Սիրիայի մասին, ոչ մի  խոսք սիրիահայության խնդիրների մասին, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչների նախորդ կառավարության հետեւողական ջանքերով հայրենադարձվեցին եւ արդյունավետորեն ինտեգրվեցին Հայաստանին: Փոխարենը` կա շատ մի հավակնոտ ձեւակերպում, ըստ որի` «Կառավարության համար կարեւոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծել ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը»: Ի՞նչ հարուցում, ո՞րն է մեծ հայրենադարձության չափանիշը: Ի՞նչ գործիքներով պետք է աջակցություն ցուցաբերվի հայրենադարձվողներին, ո՞ր երկրներից: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում ճշգրտել ՀՀ գործնական դերակատարումը: Կներեք, բայց Դուք Ձեր գրածը գոնե մեկ անգամ բարձրաձայն ընթերցե՞լ եք, հայրենադարձություն եք հարուցում,  որպեսզի ճշտեք Ձեր դերակատարու՞մը, սա զավեշտալի է պարզապես: Հարգելի՛ խորհրդարան, ես ներկայացրի այս փաստաթղթում առկա անհասկանալի եւ տարօրինակ մտքերի ընդամենը մի մասը: Կարծում եմ, որ Ազգային ժողով ներկայացված փաստաթուղթը նման է ոչ թե կառավարության ծրագրի, այլ ավելի շատ երազանքների եւ ցանկությունների, իսկ միգուցե նաեւ բաժակաճառերի ժողովածուի»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am