Ինչո՞ւ է Շաբոյանն ընկել ՏՏ ոլորտի հետևից
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյան այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նրա ղեկավարած հանձնաժողովը մոնոպոլ ընկերություններին թողած ըկել ՏՏ ոլորտի ընկերությունների հետևից. «Տպավորություն է, որ ընկել եք ՏՏ ոլորտի հետևից՝ թողնելով խոշոր ընկերություններին»: Այնուհետև հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել «Հայկական ծրագրեր» ընկերությունում: «Ընկերությունն արդար չէ իր ներկայացրած դիրքորոշման մեջ,- հայտարարեց Ա.Շաբոյանը, և շարունակեց,- Անցած տարի ընկերությունը բարձրացրեց այն ծրագրերի գները, որոնք առաջարկում է, դրանք հաշվապահական ծրագրեր են: Մեր նախնական ուսումնասիրության արդյունքում հայտնի դարձավ, որ տվյալ ոլորտում ընկերությունը բավական մեծ կշիռ ու ազդեցություն ունի, ավելին, այն ծրագրերը, որոնք առաջարկում է, հնարավոր է միայն ընկերության կողմից սպասարկումն իրականացնել, մնացած ընկերությունները չեն կարող դա անել: Խնդիրը դա չէ, հանձնաժողովն ընկերության դիրքի ու չարաշահման մասին որևէ վարույթ չի հարուցել: Պարզապես մենք դիմեցինք իրենց ու խնդրեցինք ներկայացնել դիրքորոշում, թե ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը: Պատասխանն այն էր, որ ընկերությունը գները բարձրացնում է՝ բառացապես առաջնորդվելով իր զգացումներով»,- ասաց նա: ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ երկրորդ անգամ էլ են դիմել ընկերությանը՝ նույն տեղեկությունը ստանալու համար, բայց մի քանի ամիս շարունակ ընկերությունը հրաժարվել է ընդհանրապես որևէ տեղեկություն տալ:
