Բոլորը իրենց մինի-վարչապետ են զգում
Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է. Նոր նշանակված մարզպետների մասին անձնական գնահատականներ չունեմ տալու: Տպավորություն ունեմ, որ բոլորը լավագույն եւ, գուցե, թե անձնական մղումներով իրենց մինի-վարչապետ են զգում, կամ մարզի վարչապետ: Սա վատ չէ: Ուզում են շատ բաներ անել իրենց նկատած խնդիրները կարգավորելու համար, մի մարզում մի խնդիր են նկատում, մյուսում՝ այլ: Մեկն առաջնահերթ է համարում մենաշնորհների դեմ պայքարել, մյուսը՝ նախ՝ աշխատատեղեր ստեղծել, երրորդը՝ կրթական համակարգը մաքրել, չորրորդը՝ տուրիզմը խթանել: Սա հեղափոխության եւ հեղափոխականության դրոշմն է, բնական է: Շատ դրվատելի լինելով այս հավակնություները, կարծում եմ, հորդորում եմ նախ հանդարտվել, կողքի դնել հաղթանակածության տրամադրությունը եւ պաթոսը: Ապա, չթերագնահատելով որեւէ մեկի գիտելիքները եւ փորձը, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ սեփական օրինական լիազորություններին, պարտականություններին, առաջնորդվել դրանցով եւ հեղափոխության առաջնահերթություններով, այնպես, որ դրանց ընկալումը նույնպես չհակասի օրինականությանը: Հարկավոր է լինել ակտիվ, նախաձեռնող միջնորդ մարզի հանրության եւ խնդիրների ու կառավարության, համապատասխան նախարարությունների միջեւ, արդար տնօրինել միջոցները եւ պաշտպանել բոլորի շահը սեփական կամ խմբային ինչ-ինչ շահերի պաշտպանությունը բացառելով: Կուզեմ նաեւ հորդորել՝ լինել բաց, հանրության, քաղաքացիների եւ ԶԼՄ-ների հետ կանոնավոր կերպով հաղորդակցվող, հաշվետու եւ թափանցիկ, սեփական որոշումների եւ հնարավոր սխալների դեպքում՝ պատասխանատու: Ես էլ ինչով կարողանամ՝ օգտակար կլինեմ:
