Դաբրոն Հայաստանից է՞ր
Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հարցին, թե ճիշտ են լուրերը, թե ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը դերակատարում է ունեցել իր հրաժարականի հարցում: Արդյոք նա երբևէ մասնակցե՞լ է Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի քննարկումներին ու որևէ կերպ ազդեցություն ունեցե՞լ է: Ինչպես վստահեցրեց՝ դրսից որևէ ազդեցություն չի եղել. «Քննարկումները եղել են իմ և Բակո Սահակյանի, իմ և քաղաքական գործիչների միջև. դրսից որևէ ազդեցություն չի եղել: Առաջարկություն չի եղել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից... Մենք խորը հարգանք ունենք ՀՀ ներկա իշխանության նկատմամբ, բայց պետք չէ կապել իրար և հետո, չի նշանակում, որ մեր որոշումներում դաբրո ենք ստանում Հայաստանից: Առավոտ խոսակցություն ունեցել եմ ՀՀ վարչապետի հետ, բայց եկեք դրանով սահմանափակվենք»: Հարցին, թե ի՞նչ է անելու վաղվանից, ասաց, որ աշխատելու երկրի համար. «Այս հրաժարականի պատճառն այդ բարեփոխումներն են: Հաշվի առնելով, որ ղեկավարում եմ ամենախոշոր քաղաքական ուժը, որը պետք է լուրջ դեր ունենա բերափոխումներին, գնալու եմ կատարելու այդ առաքելությունը: Պաշտոնս թույլ չէր տալիս անել այն, ինչ ուզում էի: Ղեկավարելով «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ նպաստելու եմ նախագահի կողմից իրականացվող բերափոխումներին»:
