Ով էր թիրախում. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառները
Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով աշխատանքից ազատվելու մասին դիմում էր ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դա արել է հանրության պահանջին համաձայն: «Հանրության մոտ կա ձևավորված պահանջ, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: Վերջին ամիսներին հայաստանյան իրադարձություններից հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխությունների պահանջ: Վերջին մեկ ամսվա ընթացքում նախագահի հետ քննարկում էինք՝ ինչպիսի բերափոխումներ անել, որպեսզի վստահություն ներշնչենք հանրությանը: Քննարկումների ժամանակ հիմքում դրվում էին կադրային լուրջ փոփոխությունները, և մայիսի վերջին նա սկսել էր առաջին քայլերը և պետք էր շարունակել: Գիտեք, որ տեղի ունեցան զարգացումներ՝ կենցաղային հողի վրա ձևավորված, որը բերեց հանրության նոր պահանջների և որն ընդգրկված է բարեփոխման քաղաքականության մեջ: Այո, պետք են կադրային փոփոխություններ ու իմ դիմումի հիմքում դա էր. դիմում ներկայացնողներս օգնում ենք Արցախի նախագահին ավելի արագ իրականացնել ծրագիրը»,- պարզաբանեց նա: Նրա խոսքով՝ 2012-ի ընտրություններից հետո հասարակությունն իրեն թիրախ էր դարձրել՝ համարելով, որ երկրի խնդիրներն իր պատճառով են. «Այդ ժամանակ նախագահին ասացի՝ պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, ու այդ թեմայով պարբերաբար զրույցներ ունեցել ենք»:
