Արցախի իշխանություններն ունեն խնդիրները լուծելու կամք.Շարմազանով
«Արցախում ներքաղաքական իրավիճակի հետ կապված պետք է զգույշ լինել: Համամիտ եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի և մեր բոլոր գործընկերների մտահոգությունների հետ: Արցախում պարտավոր ենք լինել շրջահայաց: Մեզ անհրաժեշտ է կայուն Արցախ, անհրաժեշտ է, որ տեղի հասարակությունը և քաղաքական ուժերը համախմբվեն Արցախի իշխանությունների շուրջ, որովհետև Արցախում ցանկացած ներքաղաքական իրավիճակի լարում չի բխում արցախահայության, Հայաստանի ու առհասարակ հայության շահերից»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կայուն, ուժեղ և միասնական Արցախը ողջ հայության հաղթանակի գրավականն է: Միգուցե կան ներքաղաքական տարաձայնություններ, բայց չպետք է մոռանանք, որ հակառակորդը նենգ է և կարող է օգտվել ցանկացած ապակայունացումից: Համամիտ եմ Տեր-Պետրոսյանի հետ՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, անթույլատրելի է Արցախում: Պետք է բոլորս լինենք ազգային միասնության, համերաշխության և իշխանությունների շուրջ համախմբման ջատագովներն Արցախում, մանավանդ, որ Արցախի իշխանություններն ունեն խնդիրները լուծելու կամք»,- ասաց նա:
