Հերթը հասավ գյուղապետերին. Հրաժարական է ներկայացրել Ռուբիկ Ղուկասյանը
Գեղարքունիքի մարզպետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ տարածքային ծառայությունների համակարգման վարչությունից, Վերին Գետաշենի երկարամյա ղեկավարը որպես հրաժարականի հիմնական պատճառ նշել է իր առողջական վիճակը Ռուբիկ Ղուկասյանը Վերին Գետաշենի գյուղապետի պաշտոնում ընտրվել է 7 ընտրաշրջան անընդմեջ՝ համայնքը ղեկավարելով 22 տարի շարունակ: Նրա պաշտոնավարման օրոք Վերին Գետաշենում լուծվել են սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմազան հարցեր՝ ճանապարհների ասֆալտապատումից ու լուսավորության ցանցի անցկացումից, ջրամատակարարման համակարգի նորացումից մինչեւ գազաֆիկացում, մանկապարտեզի նորոգում, հանրային նշանակության այլ ձեռնարկների իրականացում:
